Սերժ Սարգսյանը հեռանո՞ւմ է, թե՞ խաղում

Սերժ Սարգսյանը հեռանո՞ւմ է, թե՞ խաղում

Վարչապետի հրաժարականն ու նոր վարչապետի նշանակման սպասումը երեկ խամրեցին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հրապարակած հայեցակարգի ու այն ընդունելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունների ֆոնին, որոնք անհասկանալի եւ առավել քան անսպասելի էին։ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, ութամսյա աշխատանքից հետո ներկայացնելով բազմաչարչար հայեցակարգը, հաստատեց նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ կանխատեսումները. հանձնաժողովն առաջարկում է անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգին, որտեղ հանրապետության նախագահի պաշտոնը, ըստ էության, վերածվում է «անգլիական թագուհու» կարգավիճակի:



 



Այսպիսով՝ կանխատեսումները, որ Սերժ Սարգսյանը փորձելու է իշխանությունը պահել վարչապետության տարբերակով, թվում է՝ իրականություն էին դառնում մինչեւ այն պահը, երբ Սերժ Սարգսյանը նույն հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Ես այլեւս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին»։ Ի դեպ, հանձնաժողովի ղեկավար, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն իբր հանկարծակիի է եկել եւ հայտարարել, թե իրենց համար անսպասելի էր Սերժ Սարգսյանի այդ մոտեցումը։ Սերժ Սարգսյանը նաեւ թափանցիկ ակնարկ է հղել Ռոբերտ Քոչարյանին. «Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»՝ ընդգծելով, որ այդ ամենն ասում է, որպեսզի հանձնաժողովն ազատ գործելու երաշխիք ունենա: Սերժ Սարգսյանի համար գործող կառավարման կիսանախագահական մոդելն է ընդունելի:



 



Առաջիկայում մասնագետների հետ կփորձենք հասկանալ, թե նոր մոդելը եւ նախագահի լիազորությունների սահմանափակումը բխո՞ւմ է արդյոք Հայաստանի շահերից։ Քանի որ ներկայացված փաստաթուղթը բավական ծավալուն է՝ մոտ 40 էջ, երեկ մինչեւ երեկո մասնագետները չէին հասցրել ուսումնասիրել, որպեսզի կարծիք հայտնեին, իսկ հանձնաժողովականները գերադասում էին լռել։ Արդարադատության խորհրդի անդամ Տարիել Բարսեղյանն ընդամենը ասաց. «Եթե իսկապես նախագահն «անգլիական թագուհու» կարգավիճակ պետք է ստանա, ապա ի՞նչ իմաստ ունի այդ ինստիտուտի պահպանումը։ Այսինքն՝ նրբություններ կան, որոնք ի հայտ կգան ուսումնասիրությունից հետո»։ Սակայն այս փոփոխության նպատակը պետք է փնտրել քաղաքական ենթատեքստում եւ, մասնավորապես, նախագահի հայտարարություններում, որոնք որքան անսպասելի, նույնքան էլ անհավատալի էին։ Մարտի 1-ի ողբերգության գնով նախագահական գահը նվաճած Սերժ Սարգսյանը, հանկարծ պարզվում է, մտադիր է հանգիստ հեռանալ։ Ոմանք երեկ անգամ ծափերով ընդունեցին Սերժ Սարգսյանի «պատվով հեռացումը», մյուսները դա համարեցին ուկրաինական դասերի արդյունք: Ըստ նախագծի, երկրի ղեկավարը կընտրվի Ազգային ժողովի կողմից, 7 տարի ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի, անկուսակցական թեկնածուներից: Հիշեցնենք, որ գործող օրենքը նախագահին պաշտոնավարման երկու ժամկետ է տալիս՝ 5-ական տարով։ Ինչ վերաբերում է վարչապետին, ապա նա պաշտոնն ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքում, կառավարությունը ձեւավորվում է վարչապետի կողմից եւ պատասխանատու է միայն ԱԺ-ին: Առաջարկվում է բարձրացնել խորհրդարանի քաղաքական դերը, որտեղ պետք է էականորեն ուժեղացվի ընդդիմության դերակատարումը։ Իսկ կիսանախագահական գործող մոդելի պահպանման պարագայում առաջարկվում է գոնե նախագահի եւ ԱԺ ընտրությունների միաժամանակյա անցկացում։



 



Բացի այդ, շեշտվում է, որ այդ դեպքում «չի կարող լինել խորհրդարանի եւ հանրապետության նախագահի միջեւ առճակատում, քանի որ նախագահը կլինի վերկուսակցական անաչառ արբիտր»: Պակաս ուշագրավ չէ նաեւ դրույթը, ըստ որի՝ ««պատահական» անձանց իշխանության գալու վտանգը եւ իշխանության գերանձնավորումը խիստ կնվազեն, քանի որ վարչապետ կարող է դառնալ միայն ամենաուժեղ եւ հանրորեն ընդունելի քաղաքական կուսակցության ղեկավարը…»: Մի խոսքով, նոր կառավարման համակարգում, ինչպեսեւ կարելի էր սպասել, իրական իշխանությունը պատկանելու է վարչապետին, որի պաշտոնում նշանակվելու է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը: «Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի ոչ միաժամանակյա ընտրությունների պարագայում առաջնային մանդատ ունեցող երկու ինստիտուտները հայտնվում են հանրային վստահության տարբեր մակարդակներում, եւ խորհրդարանում հանրապետության նախագահին հարող մեծամասնության բացակայության պայմաններում էապես մեծանում է քաղաքական ճգնաժամի ու առճակատման վտանգը»,- գրված է նախագծում։ Նման համակարգը, ըստ գործող Սահմանադրության, պարտադիր է դարձնում նաեւ 2 տարում 2 կառավարություն ձեւավորելու անհրաժեշտությունը, ինչը, ըստ հայեցակարգը մշակողների, զգալի անկայունություն է մտցնում գործադիր իշխանության համակարգում, տնտեսական ոլորտում անորոշություն ու որոշակի անվստահություն ծնող պատճառ է դառնում։



 



Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը նկատում է, որ 98-ին Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Ռոբերտ Քոչարյանն էլ էր հայտարարում, որ ինքը նախագահի թեկնածություն առաջադրելու մտադրություն չունի, բայց առաջադրվեց, եւ Հովհաննիսյանն ու Կարեն Սերոբիչն ապշած էին մնացել: «Հատկապես, որ մինչեւ ընտրություններ դեռ երկար ժամանակ կա»։ Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս սպասել-տեսնել, թե նոր վարչապետն ով կլինի եւ ոչ իշխանականների արձագանքը՝ ինչպիսին, նոր ավելի նրբորեն կարելի է հասկանալ առաջարկվող փոփոխությունների նպատակը։ Ի դեպ, որոշ ժամանակ առաջ մենք տեղեկացրել էինք, որ եվրոպական կառույցները պահանջել են Սերժ Սարգսյանից՝ չգնալ այդ քայլին, եւ հայտարարությունն էլ գուցե ներկա պահի համար է, իսկ երեք տարի հետո կարող է շատ բան փոխվել։ Թերեւս այս ամենը կանխազգալով, միայն օրվա վերջում ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանը գաղտնազերծեց, որ ԲՀԿ-ի համար անընդունելի են այդ փոփոխությունները, որ հիմա առավել քան հրատապ է տնտեսական բարեփոխումների իրականացումը։ Սա այն դեպքում, երբ նախկինում ԲՀԿ-ն էր խորհրդարանական կառավարման պահանջ դնում։ Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները երեկ չէին շտապում կարծիք հայտնել։



 



Փաստ է, սակայն, որ հրաշալի քառյակից երեքը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը», տարբեր ժամանակներում այս մոդելին անցում կատարելու անհրաժեշտության մասին են պնդել։ Միայն ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանը դա «բլեֆ» համարեց, բայց չմանրամասնեց բլեֆի էությունը։ «Երբ Սերժ Սարգսյանն ասում է, թե այլեւս չի առաջադրվի, ինչ է, ալիեւյան սկզբունքնե՞րն է ուզում հերքել: Հանրապետության նախագահը կարող է երկու անգամ ընտրվել, ինչի՞ համար է նա խոսում դրա մասին, դա անտեղի բան է»,- ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը։ Նա վստահ է՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու դեպքում Սերժ Սարգսյանը, «կիսակրիմինալ ուժերի»` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ մյուսների հետ դասական ձեւով կեղծելով 2017 թ. ԱԺ ընտրությունները, կդառնա վարչապետ։ Մակեյանը հիշեց Ռոբերտ Քոչարյանի օրոք` 2005 թ. անցկացված սահմանադրական բարեփոխումները. «Նպատակը նույնն էր. այն ժամանակ էլ որոշակիորեն ուժեղացան վարչապետի լիազորությունները, եւ համոզված եմ, որ իրենք փոխհամաձայնության էին եկել, որ Քոչարյանը պետք է վերադառնար որպես վարչապետ, պարզապես 2008-ի կրակոցները, այնուհետեւ Հայ ազգային կոնգրես քաղաքական միավորման գործունեությունը կանխեցին նրա վարչապետ դառնալը, իսկ ավելի ուշ Սերժ Սարգսյանն էլ արդեն շահագրգռված չէր, որ Քոչարյանը գա վարչապետ»։ «Եթե ինքն ասում է` ես չեմ դառնա նախագահ կամ վարչապետ, ես կարող եմ հավատալ՝ ուրեմն Քոչարյանին են բերելու կամ իրենց մարդուն, միեւնույն է: 7 տարին բավական ժամկետ է, որ ժողովրդի հիշողությունը մթագնի, եւ իրենց 15 տարվա կրակոցները, սպանությունները մոռացվեն»։



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]