Հայաստանում 3-4 տարուց նոր կհասցնեն պրոբացիոն ծառայություն ներդնել

Հայաստանում 3-4 տարուց նոր կհասցնեն պրոբացիոն ծառայություն ներդնել

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը երեկ կազմակերպել էր մեկօրյա համաժողով՝ ազատազրկման հետ չկապված պատիժների և պրոբացիայի վերաբերյալ:



Համաժողովին մասնակցում էր արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը, ով Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ նման համաժողովները նպատակ ունեն ծրագրի շրջանակներում ևս մեկ քայլ անել նախատեսվող պրոբացիոն ծառայության ավելի լավ ընկալման համար։



«Եվ կարծում եմ, որ այդ տեսակետից բավականին արդյունավետ էր այս համաժողովը, քանի որ ունեինք երկու բարձրակարգ փորձագետներ տարբեր երկրներից՝ Իռլանդիայից և Իտալիայից, ովքեր ներկայացնում էին և՛ իրենց անձնական փորձը, և՛ Եվրախորհրդի նվազագույն ստանդարտները»,-ասաց Արամ Օրբելյանն ու հավելեց, որ այս համաժողովն արդյունավետ է այն առումով, որ թույլ է տալիս լայն հանրությանը ավելի լավ պատկերացում կազմել պրոբացիոն ծառայության մասին և փորձագիտական հասարակության առաջ ըստ անհրաժեշտության կոնկրետացնել այն հարցերը, որոնք այս պահին հուզում են։



Հարցին, թե որո՞նք են այս առումով հիմնական հուզող հարցերն ու տեսանելի խնդիրները, Արամ Օրբելյանն ասաց․ «Սկսած՝ ավելի կոնցեպտուալ խնդիրներից, թե ինչպես են գնահատում ծառայության արդյունավետությունը, վերջացրած՝ ավելի կոնկրետ, տիպային հարցերով, թե ի՞նչ գործիքներ է պետք կիրառել, ինչպիսի՞ այլընտրանքային պատաժատեսակներ են կիրառում այլ երկրներում, ինչպիսի՞ն կարող են լինել օրենսդրական ձևակերպումները, ֆինանսական հաշվետվողականության ու արդյունավետության ի՞նչ մեխանիզմ պետք է մշակվի և այլն»։



 



Անդրադառնալով բուն պրոբացիոն ծառայության արդյունավետությանն ու դրա անհրաժեշտությանը՝ արդարադատության փոխնախարարն ասաց, որ համաշխարհային զարգացումը ցույց է տալիս, որ դասական պատժողական քաղաքականությունը, երբ մարդուն կա՛մ տանում են բանտ, օրինակ՝ 10 տարով, կա՛մ տուգանում ենք 200 հազար դրամով, որոշ դեպքերում արդյունավետ չի լինում, ուստի այստեղ անհրաժեշտություն է առաջանում ավելի ճկուն պատժողական քաղաքականություն ունենալ, քանզի այդ 10 տարվա և 200 հազար դրամ տուգանքի միջև հսկայական տարածություն կա որտեղ կարելի է այլ՝ ավելի արդյունավետ պատժատեսակներ կիրառել, օրիինակ՝ տնային կալանք կամ հասարակական աշխատանք, որի արդյունքում և՛ կթուլանա բանտերի ծանրաբեռնվածությունը, և՛ նյութական առումով ավելի արդյունավետ կլինի նման պատժի կիրառումը։



 



«Այդ տեսակետից մենք պարտադրված ենք գնալ դրան հենց մեր ֆիզիկական պայմաններով, մեր և մեր հասարակության զարգացմամբ։ Այսինքն՝ պատմության ընթացքում պատժողական քաղաքականությունն անընդհատ զարգացել է, և հիմա հասել ենք ինչ-որ մի փուլի, որտեղ անհրաժեշտ է ևս մեկ անգամ վերափոխել։ Սա հնարավորություն կտա և՛ ֆինանսապես, և՛ պատժի քաղաքականության տեսակետից, և՛ որպես հավելյալ արդյունք գերծանրաբեռբվածության տեսակետից, ունենալ առավել արդյունավետ համակարգ»,-ասաց Ա․ Օրբելյանը։



 



Իսկ թե որքան կտևի այս գործընթացը, մինչև որ Հայաստանում կորոշվի օրենքով ներդնել այս ծառայությունը, արդարադատության փոխախարարնա սաց, որ այս կապակցությամբ կառավարությունն արդեն շրջանառության մեջ է դրել օրենսդրական բավականին լայն փաթեթ, որի քննարկումն ու ընդունումը բավականին ծավալուն աշխատանք է պահանջում, և դա, ըստ փոխնախարարի հաշվարկների, հնարավոր կլինի ավարտին հասցնել 3-4 տարվա ընթացքում, քանզի պետք է քննարկել բոլոր հավանական խնդիրները, տալ դրանց լուծման ուղիները, համագործակցել միջազգային փորձագետների հետ և այլն։



 



Վահե Մակարյան