Երկնքից կընկնի երեք խնձոր, երեքն էլ` Արգամ Հովիկիչի համար

Երկնքից կընկնի երեք խնձոր, երեքն էլ` Արգամ Հովիկիչի համար

Այն պահից ի վեր, երբ հայկական մամուլում առաջին անգամ գրվեց հայտնի մականունով Հովիկ Աբրահամյանի մասին, եւ հետագայում յուրաքանչյուր նման հոդվածի հետ նա սկսեց ավելի ու ավելի հայտնի եւ դրանով իսկ` քաղաքական դեմք դառնալ, թվում է` նա էլ, ընթերցողն էլ պետք է սովորած լինեն նման նյութերին: Սակայն Արտաշատի քաղաքապետ-Արարատի մարզպետ-տարածքային կառավարման նախարար-Ազգային ժողովի նախագահ ճանապարհն անօրինակ ճարպկությամբ անցած եւ վարչապետական բարձունքներին ընդհուպ մոտեցած Հովիկ Աբրահամյանի Արգամ որդին արդեն սկսել է տեր կանգնել ոչ միայն իր հոր եւ աներհոր` Գագիկ Ծառուկյանի ունեցվածքին, այլեւ «մամուլի սիրելիի» կարգավիճակին: Եվ քանի որ Արգամի անունը սկսել է նոր ուժով շրջանառվել, վտանգ կա, որ նա կգերազանցի իր հորն էլ, աներոջն էլ. նրա տարիքում Հովիկ Աբրահամյանը երազում էր ընդամենը «գայշնիկ» դառնալ, սովորում էր Աբովյանի ճանապարհատրանսպորտային տեխնիկումում, իսկ Գագիկ Ծառուկյանին միանգամայն բավարարում էր աբովյանցի «ցեխավիկ» դառնալու հեռանկարը:



 



  Մամուլում ջահել Աբրահամյանին անդրադառնալու վերջին առիթները երկուսն էին. մեկը` կապված Արգամ Հովիկիչին  պատկանող «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի եւ  National հյուրանոցի հետ, որի համար ԱԺ նախագահը, օգտագործելով իր դիրքը, «թանկարժեք» հաճախորդներ  է «կպցնում»: Երկրորդն առնչվում էր Արգամ Հովիկիչի «հոգեմտավոր» ոլորտին: Պարզվում է` քաղաքականության մեջ խելքի կարեւորությունը (իր դեպքում` միանգամայն իրավացիորեն) ժխտող Արգամիչը, այնուամենայնիվ, հոգու խորքում գիտակցում է կրթության անհրաժեշտությունը, եւ որպեսզի հայկական կյանքի երկնակամարում բարձրացող «աստղ» իր որդուն հետագայում քննադատելու-ծաղրելու բան չունենան, որոշել է նրա կրթության հարցն ավելցուկով լուծել, որ չուզողների աչքը հանեն: Մանավանդ, բոլորովին չի բացառվում, որ մի գեղեցիկ օր Արգամիչը կարող է Հայաստանի Հանրապետության նախագահ դառնալ, եւ նրան սազական չէ սովորական որդի ունենալ` առնվազն գիտությունների դոկտորի կոչումը կվայելի: Թիկունքին հոր եւ աներհոր փողն ու կապերը, գրպանում էլ` երկու դիպլոմ (Տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան ավարտելուն զուգահեռ` «հրաշամանուկը» սովորում էր նաեւ  համալսարանի իրավաբանական ֆակուլտետում) ու մի կոչում:



 



Լավ կլիներ, որ Աբրահամյանները վերջապես կողմնորոշվեին՝ մխչյանցի «դոֆինը» որ ճանապարհով է գնալու: Եթե որոշումը կանգ առնի գիտության վրա, ապա արժե հենց վաղվանից սկսել Գիտությունների ազգային ակադեմիայի «եվրառեմոնտը», որովհետեւ Արգամիչի անվրեպ ծրագրերը որդուն կտանեն ուղիղ ԳԱ ակադեմիայի նախագահի կաբինետ: Փողին «մուննաթ»` Հովիկի ձեռքը չոր քարի տակ չէ, նա մի ամբողջ գիտախումբ կվարձի, որոնք Արգամի անվամբ գիտության մեջ նորանոր դաշտեր կվարեն-կցանեն:



 



Հիմա ճամփաբաժանին նստած հեքիաթի իմաստունն Արգամին խորհուրդ է տալիս. աջ գնաս` բիզնես-աշխարհն է, հերդ յոթը պորտիդ համար կանաչ ճանապարհ է բացել, ձախ գնաս` գիտությունն է, հերդ ոտքիդ տակից ավազահատիկն էլ մաքրել կտա, ու վազելով կանցնես դեպի անմահություն տանող էդ ճամփան, որ ճամփով էլ գնաս` երկնքից երեք խնձոր է ընկնելու, երեքն էլ` քեզ, որովհետեւ երեքի փողն էլ հերդ էն գլխից տվել է:



 



  Արգամ Աբրահամյանին նորից անդրադառնալու առիթը նամակն է, որը տեղադրվել է Ֆեյսբուքում եւ ուղարկվել «Հրապարակի» խմբագրություն: Նամակի հիմքում  արտաշատցիների տագնապն է Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ կարգվելու լուրերի կապակցությամբ:



 



«Գեւորգ Չաուշի արձանն ու Արգամի սուպերմարկետը» վերնագրված նամակում, մասնավորապես, ասված է. «Ձեզ ենք դիմում հուսահատված, սպառնացող գործազրկության շեմին հայտնված հարյուրավոր մարդկանց անունից, որովհետեւ սա մեր հողի վրա ապրելու մեր վերջին հույսն է:  90-ական թվականներից Արտաշատի, հետո` Արարատի մարզի եւ արդեն երկար տարիներ` նաեւ հայ ժողովրդի գլխին Հովիկ Աբրահամյան անունով մի պատուհաս է առաջացել, որի պատմությունը պետության թալանի, մարդկանց փուռը տալու եւ անգամ ֆիզիկապես ոչնչացնելու պատմություն է: Մոնղոլ-թաթարական նազիր-վեզիրի իր խելքով նա շարունակում է օրենքները ծառայեցնել իր շահերին: Նրա վերջին քմահաճույքը հանուն իր Արգամ որդու է` իր ծավալներով մարզի ամենախոշոր սուպերմարկետն է կառուցում Արտաշատի ամենաբանուկ հատվածում: Եթե դուք լինեք Արտաշատում եւ խոսեք քաղաքի ու շրջակա գյուղերի խանութների ու կրպակների սեփականատերերի հետ, կպատկերացնեք, թե սոցիալական ինչ փորձանքի մեջ են հայտնվելու նրանք: Նրանցից ոմանք արդեն վաճառել են կամ սուսուփուս հրաժարվել են իրենց ընտանիքների մի կտոր հացն ապահովող բիզնեսից։ Շատերը մտածում են գլուխներն առնեն, երկրից գնան: Մանավանդ որ հարկայինի պետը Հովիկի ազգականն է, եւ մրցակցությանը դիմանալու մասին խոսելն ավելորդ է` հազար ձեւով կխեղդեն: Աբրահամյանների ունեցվածքը մարզում կազմում է ահռելի մի ցանկ` ձկնաբուծարաններ, գազալցակայաններ, հողատարածքներ, ավազահանքեր, գազելների պարկ, գումարած նրանց «անձնական օգտագործման» հարկայինի պետը, մարզային ոստիկանության պետը, ոռոգման եւ ջրմուղի, գազի գրասենյակի, առողջապահական գործակալության, էլցանցի, տարբեր տեսակի ԾԻԳ-երի պետերը, մարզպետարանի մի շարք վարչությունների պետերի, գյուղապետերի, դպրոցների տնօրենների եւ փողոտ այլ պաշտոնների նշանակվածները: 



 



Այսինքն` մուլտիկի մարքիզ Բարաբասն է. ինչ կա-չկա` նրանն է: Բոլորը գիտեն, որ աչքը ծակ այդ մարդը «թամահ» արեց նույնիսկ Արտաշատի հյուրանոցին: Բայց նրա ախորժակը չի փակվում. հիմա էլ հենց հյուրանոցին կպած հսկա կառույց են սարքում, որը, ըստ լուրերի, դառնալու է հսկա սուպերմարկետ: Դեռ չավարտված այդ շենքին արդեն բոլորն ասում են` «Արգամի սուպերմարկետ»: Հանուն դրա այդ տարածքից հանել են Անկախության շարժումը խորհրդանշող Գեւորգ Չաուշի կիսանդրին եւ տարել աչքից հեռու մի տեղ` երկաթգծի կայարան: Նրա այդ արարքը լցրեց մեր համբերության բաժակը, եւ մենք ստիպված ենք հիշեցնել նրա կենսագրության մի քանի փաստեր: Ընդհանրապես, նրա հաջողության բանալին մարդկանց կաշառելն է. ումից կախված է` շռայլ կաշառք է տալիս, բայց հետո հացի կարոտ է թողնում, գլորում անդունդը: Նա այդպես է վարվել բոլոր հարուստ արտաշատցիների հետ, այնպես որ, Սերժն ու Քոչարյանը նրանից վախենալու պատճառներ ունեն: Հովիկի կարիերայի հիմնադիրը եղել է Վլադիմիր Մովսիսյանը, որը ժամանակին Արտաշատի շրջկոմի առաջին քարտուղարն էր. հենց նա էր, որ 15 մասնագետ գինեգործներին թողած` Հովիկին նշանակեց Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրեն, եւ նրան էլ բռնել չեղավ: Հովիկը նրան վարձահատույց եղավ` օգնելով, որ Երեւանի կենտրոնում սեփականացնի մանկապարտեզի մեծ շինությունը: Հիմա էլ միասին թալանում են Սեւանը: Իր ՀՀՇ-ական անցյալում Հովիկն օգտվում էր նաեւ Բաբկեն Արարքցյանի եւ Արա Սահակյանի «կռիշայից». Արայի կինը շատ էր սիրում արտաշատյան գինին: Այդպես Արան դարձավ Արգամիկի քավորը, հիմա էլ, Հովիկի միջնորդությամբ՝ ՀՀ դեսպանը Ղազախստանում: Դաշինք կնքելով Արտաշատի այն ժամանակվա դատախազ Հրաչյա Բադալյանի (ներկայում` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ) հետ` նա ստեղծել էր ահաբեկչության մթնոլորտ իրեն չենթարկվող գինեգործարանների տնօրենների համար, որի պայմաններում Հրաչը ձեռք բերեց Վերին Արտաշատի գործարանը: Քոչարյանի տխրահռչակ իշխանության տարիներին նա սկսեց արագ առաջ գնալ ու էլ կանգ չառավ: Ասում են, որ հենց Մուկն է ակտիվորեն մշակել բոլոր նախարարներին եւ բարձրաստիճան պաշտոնյաներին փողով նշանակելու կարգը եւ սահմանել գները, ինչը գործում է մինչ օրս: Պետք է ասենք, որ ոչ Քոչարյանը, ոչ Սերժն այդքան այլասերված չէին, որքան նրանց փողի միջոցով եւ իր խորհուրդներով այլասերեց նա: Եվ եթե Լեւոնի ժամանակ կաշառքով նախարար ու մարզպետ չէին նշանակում, ապա պատճառն այն է, որ Հովիկը չէր գտել նրա պալատ մտնելու «ծակը» ու խորհուրդներ չէր տվել: 



 



Հարգելի խմբագրություն, 2008թ. մարտի 1-ի դեպքերին Հովիկ Աբրահամյանի մասնակցության մասին անգամ վիկիլիկսյան բացահայտումներ եղան` այդ մասին բոլորը գիտեն: Մենք կուզենայինք ձեր թերթի միջոցով մի ուրիշ դրվագ հիշեցնել Ազգային ժողովի նախագահի տեղն զբաղեցրած «վերին օրենսդիր» Արգամիչին եւ «օրենքի մարդ» Հրաչին` մխչյանցի Հարութի մասին. կայեններ, ո՞ւր է ձեր եղբայրը… Մխչյանում շատերն այն համոզմունքին են, որ հայտնի հեղինակություն Հարութին սպանողը բանտում առոք-փառոք ապրում է, իսկ նրա հայրը Արարատի ցեմենտի գործարանում ԱԺ նախագահի փայ «լեւի» ցեմենտն է ծախում: Չիմացողների համար ասեմ, որ, ըստ արտաշատցիներին հայտնի պատմության, երիտասարդ տարիներին մեր հերոսն ու իր ամենամտերիմ ընկեր Հարութը մի ծեր կնոջ տուն են թալանել: Երբ գործը բացվել է, համոզել են, որ Հարութն իր վրա վերցնի, իսկ ինքը կողքից օգնի: Իսկապես` օգնել է, անգամ աղջկան նոտար նշանակել տվեց: Մինչեւ այն պահը, երբ Արտաշատում բավական  հարգանք-պատիվ ունեցող Հարութը որոշեց դառնալ դեպուտատ, այն էլ` Մկան տարածքից: Ով` ով, բայց Հովիկը լավ գիտեր, որ Հարութն էլ, լինելով իր նման անգրագետ, սակայն շիտակ եւ հասնող մարդ էր եւ հաստատ կկրեր նրան: Եթե Հարութին սիրում եւ հարգում էին ամբողջ Արտաշատում, ապա Հովիկին՝ հակառակը եւ ամենաշատը` իրեն յուղոտ քծնողները: Եվ նա Հարութին «հաղթեց»... Մխչյանցիներն ասում են, որ մարդասպանն անգամ բանտում չէր, այլ իրենց տանն էր մնում, իսկ ոստիկանությունը հսկում էր նրա հանգիստը, որ հանկարծ Հարութի ազգականները  վրեժ չլուծեն:



  Մենք գիտենք, որ այս նամակը կարող է չտպագրեք, որովհետեւ բոլորը կամ նրանից վախենում են, կամ կաշառված են նրա կողմից: Բայց եթե տպագրեք, ուրեմն ամեն բան կորած չէ, ուրեմն մի տեղ արդարություն կա, ու մենք էլ կորոշենք, թե ինչպես պայքարենք մեր իրավունքների համար: Մենք մտածում ենք նման մի քանի տարբերակների մասին: Բայց կուզենայինք, որ բանը դրանց չհասնի, այլ Հովիկ Աբրահամյանը մի պահ կանգ առնի եւ իր որդուն հերթական միլիարդը բերող սուպերմարկետը նվիրելուց առաջ մտածի նաեւ ուրիշների մասին: Լավ, ինչ արել` արել ես, դու` քո խիղճը: Բայց մենք էլ ենք մարդ, մենք էլ ընտանիքներ ունենք, ինչո՞ւ ես մեզ հացի կարոտ թողնում: Էս աշխարհից ոչ ոք հետը բան չի տանում:



  Արտաշատ քաղաքի եւ հարեւան գյուղերի բնակիչներ»: 



 



Արեւ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ



 



ՀԳ. Արտաշատցիների նամակը վերցված է Նարե Արեւշատյանի ֆեյսբուքյան էջից