Հավասար «դեմ»-եր Հայաստանից եւ Թուրքիայից

Հավասար «դեմ»-եր Հայաստանից եւ Թուրքիայից

Ինչպես հայտնի է երեկ եւ նախօրեին ԵԽԽՎ-ում Ուկրաինայի ճգնաժամին առնչվող երկու բանաձեւեր ընդունվեցին: Դրանցից առաջինը ապրիլի 9-ին “154 կողմ, 26 դեմ, 14 ձեռնպահ” ձայներով ընդունված թիվ 1988 բանաձեւն էր, որը վերնագրված էր. “Վերջին զարգացումները Ուկրաինայում, ժողովրդավարական հաստատությունների գործունեության սպառնալիքներ”: Հաջորդը երեկ` ապրիլի 10-ին “145 կողմ, 21 դեմ, 22 ձեռնպահ” ձայներով հաստատված թիվ 1990 բանաձեւն էր. “Ռուսաստանի պատվիրակության նախկինում հաստատված մանդատները նյութական հիմքով վերանայելու” մասին:



 



Հայաստանի պատվիրակները երկու բանաձեւերի քվեարկության ժամանակ էլ ԵԽԽՎ ընդհանուր պատկերին ներդաշնակ արդյունքներ են արձանագրել: “Ուկրաինայի վերջին զարգացումների վերաբերյալ” բանաձեւի քվեարկությանը Հայաստանի պատվիրակությունից միայն երկու հոգի են մասնակցել` Դավիթ Հարությունյանը եւ Մհեր Շահգելդյանը: Երկուսն էլ Ռուսաստանին դատապարտող եւ Ուկրաինային սատարող այդ բանաձեւին դեմ են քվեարկել: Բայց նման արդյունքը չի առանձնանում ընդհանուր պատկերին: Նույն բանաձեւին դիցուք Դանիայից արձանագրվել է  “1 կողմ, 2 դեմ”, Ֆինլանդիայից` “2 կողմ, 2 ձեռնպահ”, Սերբիայից`  “3 ձեռնպահ” քվերակություն: Իսկ ընդհանուր 26 դեմ-ից մոտ 15-20-ը Ռուսաստանի դեմ քվեներն էին: 



 



Արդեն երեւի ամենքը գիտեն, որ հիշյալ բանաձեւով խստիվ դատապարտվել է Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին, մասնավորապես արձանագրելով, որ դա միջազգային իրավունքի, այդ թվում` ՄԱԿ-ի կանոնադրության եւ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի կոպիտ ոտնահարում է եւ չի ճանաչվում ԵԽԽՎ-ի կողմից: ԵԽԽՎ-ն արձանագրել է. “ՌԴ-ի կողմից վկայակոչվող ոչ մի փաստարկ իր գործողությունների արդարացման համար չի համապատասխանում փաստերին եւ կարոտ է ապացույցի: Ոչ ուլտրա-աջ թեւն է Կիեւում գրավել իշխանությունը, ոչ էլ Ուկրաինայում, առավել եւս` Կիեւում ռուս ազգաբնակչություն համար որեւէ սպառնալիք է եղել”: Վերջապես ԵԽԽՎ-ն կտրականապես մերժել է “Ուկրաինայի ֆեդերալացման մասին որեւէ խոսակցություն, առավել եւս այդ ուղղությամբ արտաքին ճնշում, քանի որ ֆեդերալացումը կվտանգի Ուկրաինայի միասնականությունը եւ կայունությունը”: Միով բանիվ Ռուսաստանին` Ուկրաինան ֆեդերալ պետության վերածելու իր ծրագրերով ուղարկել են գրողի ծոցը:



 



Երեկ քվեարկված մյուս բանաձեւով, որ վերաբերվում էր ՌԴ պատվիրակության մանդատները կասեցնելուն, Ռուսաստանի պատվիրակությունը զրկվել է ձայնի իրավունքից, հեռացվել է ԵԽԽՎ բոլոր ղեկավար մարմինններից եւ ընտրությունները դիտարկող առաքելություններից: Բանաձեւի վերջին կետը սահմանել է, որ “Ուկրաինայի շուրջ իրավիճակի լիցքաթափմանը չնպաստելու կամ Ղրիմի բռնակցումից չհրաժարվելու դեպքում ԵԽԽՎ-ն իրեն վերապահում է Ռուսաստանի պատվիրակությանը մանդատներից զրկելու իրավունք”:



 



Այս բանաձեւի քվերակությանը Ռուսաստանի պատվիրակությունը չի մասնակցել: Մնացյալ երկրներից ամենից շատ դեմ են քվեարկել Հայաստանը եւ Թուրքիան` 4-ական պատվիրակ: Հայաստանի պատվիրակությունից դեմ են քվեարկել Դավիթ Հարությունյանը, Մհեր Շահգեկդյանը, Նաիրա Կարապետյանը եւ Արփինե Հովհաննիսյանը: Թուրքիայից բոլոր դեմերը եղել են Էրդողանի AK կուսակցությունից: Փոխարենը կողմ են քվեարկել ընդդիմադիր CHP կուսակցության անդամները, այդ թվում կուսակցության նախկին ղեկավար Դենիս Բայկալը:  Մի քանի այլ երկրների պատվիրակների ձայները բաշխվել են հետեւյալ կերպ` Սերբիա` “3 կողմ, 3 դեմ, 1 ձեռնպահ”, Թուրքիա` “3 կողմ, 4 դեմ, 2 ձեռնպահ”, Իսլանդիա` “1 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ”, Ֆրանսիա` “5 կողմ, 3 դեմ”, Ֆինլանդիա` “2 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ”:



 



Լուսինե Պետրոսյան