Ինքն իր մեքենան է գնել

Ինքն իր  մեքենան է գնել

Հանրապետության որոշ համայնքներում այնպես են ապրում ու ծախսում, ինչպես կարող էին գործել չափից դուրս հարուստ բյուջե ունեցող համայնքները: Մինչդեռ համայնքապետարաններն իրենց գոյությունը մի կերպ ապահովում են  կառավարությունից ամեն ամիս ստացող լրավճարով (դոտացիա), որի բացակայության դեպքում հնարավոր չի լինի անգամ աշխատավարձ վճարել համայնքապետարանի աշխատակիցներին: Էլ չասենք, որ հաստիքների կրճատման հետեւանքով մնացել են նվազագույն թվով աշխատակիցներ, շատ դեպքերում փակվում են մանկապարտեզներ՝ փող չկա:



 



Այս համատարած «չկա»-ների մեջ Աշտարակի քաղաքապետն իրեն թույլ է տալիս գնել 3 միլիոն դրամ արժողությամբ տոնածառ: Իսկ Ավագանին կարեւոր որոշումների ընդունման ժամանակ մշտապես «խաղեր» է տալիս (հատկապես բյուջեն հաստատելիս կամ բյուջեում փոփոխություն կատարելիս)՝ դեմ քվեարկելով այնքան ժամանակ, մինչեւ քաղաքապետը յուրաքանչյուրի մոտ պատվիրակություններ է ուղարկում տարբեր խոստումներով: Ընտրվելու օրվանից ստացվում է, որ քաղաքապետ Արմեն Անտոնյանի ջիղն ու էներգիան ծախսվում են միայն Ավագանու հետ «լեզու գտնելու» վրա:



Անշուշտ, քաղաքապետը պետք է ծառայողական ավտոմեքենա ունենա, ինչպես մոտ 6 ամիս առաջ որոշել էր քաղաքի Ավագանին, սակայն աղքատ բյուջեով համայնքում չէր խանգարի, եթե ծառայողականը գնվեր մի քիչ համեստ գումարով:  Աշտարակի քաղաքապետն ավելի «հնարամիտ» է գտնվել՝ ծառայողական մեքենան գնել է ինքն իրենից: Բոլորովին վերջերս՝ մոտ 2 շաբաթ առաջ, 5 միլիոն 980 հազար դրամով գնել է իր անձնական օգտագործման «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան: Մասնագետների կարծիքով, այդ մեքենայի շուկայական գինը հազիվ հասնի 4 միլիոն դրամի, բացի այդ,  նույն մեքենան շուկայում կարող էր տարիներով չվաճառվել: Բայց, դե, ճկուն մտքի տեր քաղաքապետը մեկ ձեռքով երեք ձմերուկ է բռնել. համ մեքենան է վաճառել, համ ծառայողական է ունեցել, համ էլ այն վաճառել է շուկայականից զգալի բարձր գնով: Ո՞վ է ձեռքը բռնողը:



 



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ