Գործարարները հերքում են Իշխան Զաքարյանին

Գործարարները հերքում են Իշխան Զաքարյանին

Իշխան Զաքարյանի՝ Վերահսկիչ պալատի 2013-ի հաշվետվությունն այս անգամ գունավորում ուներ, իսկ դրա հրապարակումից մի քանի օր առաջ ՎՊ-ից արտահոսք եղավ, թե վարչապետի հրաժարականի հարցում ազդեցություն են ունեցել նաեւ Իշխան Զաքարյանի ներկայացրած փաստերը: Օրինակ, դրամաշնորհային ծրագրերից մեկով ֆիննախը 704 հազար դոլարի պայմանագիր է կնքել Կիպրոսում գրանցված  Four Assist Development Consulting Limited ընկերության հետ, որն էլ պատվիրակել է այդ նույն ծառայությունները «Փի Էյջ Փի Փարթնըրզ» ընկերությանը ընդամենը 288 հազար դոլարով: Իշխան Զաքարյանի սլաքներն այս անգամ Տիգրան Սարգսյանի, նրա թիմի, նրա սանիկ՝ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, մի խոսքով, գնացածների դեմ են ուղղված:



 



ԳՆԱՑՈՂԻ ՀԵՏԵՎԻՑ ՔԱՐ ՇՊՐՏԵԼԸ ՄՈԴԱ Է






Նույն տրամաբանությամբ Պետեկամուտների կոմիտեն հանկարծ հիշեց, որ, ախր, վարչապետի որոշմամբ էր փոխել գործարարներից պահանջվող էլեկտրոնային հաշվետվությունների ձեւերը, այդ ձեւերում ներառել պարտադիր կուտակային վճարի դաշտը, նրանց տարատեսակ բարդությունների առաջ կանգնեցնելով: Նույնիսկ «Դեմ եմ»-ի երիտասարդները, որոնք վերջին շրջանում դիալոգի էին գնում Տիգրան Սարգսյանի հետ, չորեքշաբթի ֆիննախի առաջ ագրեսիվ սուլոցներով եւ նվաստացնող գոռոցներով դիմավորեցին նախկին վարչապետին, որն անսպասելի մոտեցել էր՝ ջահելների հետ խոսելու: Բայց վերադառնանք ՎՊ հաշվետվությանը, որն այս անգամ, այնուամենայնիվ, սկանդալ չառաջացրեց: Հավանաբար, արդեն սովորել ենք, որ ՎՊ հաշվետվություններն ընդամենը փուչիկներ են, եւ մարդիկ տեսնում են դրանք միայն օդում, իսկ պայթելը սովորաբար թաքցվում է հանրությունից: Երեկ զրուցեցինք ՎՊ հաշվետվության մեջ հիշատակված երկու ձեռնարկությունների տնօրենների հետ:



 



ՄԵԿԸ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՄԼԵՏ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ Է






Նրա մասին ՎՊ հաշվետվության պետգնումների խախտումներին վերաբերող հատվածում նշված է, որ նա «Դանինի» ընկերության հետ մասնակցել է մրցույթի՝ ՔԿՀ-ներին 88 տոննա մսի պահածո մատակարարելու համար: «Դանինին» 1 կգ-ի համար առաջարկել է 1.596, իսկ «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ն՝ 1.650 դրամ: Հաղթել է «Դանինին», բայց այդ, պահածոն նա գնել է «Համլետ Հովսեփյանից» 1.420 եւ մատակարարել 1.596 դրամով: Կարդալով սա, կարող է թվալ, թե գործել է խարդախության հատուկ սխեմա: «Իրականում մենք որեւէ խախտում չենք արել,- ասաց Համլետ Հովսեփյանը,- եթե խախտում լիներ, մենք հիմա ճաղավանդակների հետեւում էինք: Մենք «Դանինի» առեւտրային ընկերությանը պահածո ենք վաճառել: Թե ինքը հետո ինչ է արել, ում է հանձնել, մեզ չի վերաբերում»:



 



- Բայց դուք նաեւ մասնակցել եք մրցույթի՝ որպես արտադրող:






- Այո, մենք մասնակցել ենք մրցույթի, ենթադրելով, որ ավելի շատ եկամուտ կունենանք: Մեր սխալն այն է եղել, որ մենք ավելի շատ եկամուտ էինք ակնկալել, եւ եթե գինը մի քիչ պակաս դնեինք, թեկուզ մի 70 դրամով ցածր, կշահեինք: Մենք արտադրող կազմակերպություն ենք: Բայց որ չենք հաղթել, հաղթող կազմակերպությանն ասել ենք՝ գոնե ցածր գնով աշխատենք, մենք արտադրենք ձեզ համար: Մենք այդ կազմակերպությունից միս գնել ենք: Մենք նրանց ճանաչել ենք, նա մեր գործընկեր կազմակերպությունն է եղել: Եվ ոչ միայն նա: Էլի են լինում շահող կազմակերպություններ, որ գալիս են, մեզնից միս են ուզում, եւ մենք տալիս ենք: Մեզ ձեռնտու է լինում՝ տալիս ենք: Ո՞րն է այստեղ խախտումը:



 



ԸՆԿՈՒԶԵՆԻՆԵՐԻ ԿՈՐՍՎԱԾ ԴՐԱԽՏԻ ՄԱՍԻՆ






«Հայկական միրգ» ընկերության մասին ՎՊ հաշվետվության մեջ ասված է, որ այն ընկուզենու 10 հազար պատվաստացու է ձեռք բերել եւ դրա դիմաց պետբյուջեի հաշվին վճարել 4.8 միլիոն դրամ: Ապա 16.5 միլիոն դրամով Իտալիայից 10 հազար հատ ընկուզենու պատվաստացու է գնել, Իտալիայից հրավիրված մասնագետ է վարձել, որին վճարել է 6.4 միլիոն դրամ, սակայն ոչինչ չի ստացվել, եւ պատվաստանյութը փչացել է: ՎՊ հաշվետվության մեջ ասվում է նաեւ, որ  «Հայկական միրգը» Զիմբաբվեում գրանցված «Մաքֆերսոն Քընսալթինգ Գրուպ» ընկերության հետ կնքել է 462 հազար դոլարի պայմանագիր եւ արդեն վճարել 292 հազար դոլարը, սակայն հայտնի չէ, թե ինչ ծառայություն պետք է մատուցեր այս ընկերությունը: Երեկ զանգահարեցինք նաեւ այս ընկերության տնօրեն Ալվինա Ավագյանին: Նա ասաց, որ «Հայկական միրգը» 2012-2013 թթ. իրականացրել է IFAD-ի (Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի) պտղաբուծության զարգացման ծրագիրը, որը գյուղնախարարության ձեռնարկած վարկային ծրագրերից է: «ՎՊ-ն մեզ մեղադրում է, թե ինչու ենք Զիմբաբվեում գրանցված «Մաքֆերսոն Քընսալթինգ Գրուպ»-ի հետ պայմանագիր կնքել, բայց չեն գրում, որ դա մեր ցանկությամբ չի եղել, այլ ծրագրի պարտադիր պահանջն էր, որ փոխտնօրենը պետք է լինի արտասահմանից: Ինչո՞ւ ՎՊ-ն չի նշել այս մասին: Ծրագիրը չէր մեկնարկի, մինչեւ չընտրվեր միջազգային խորհրդատու, որն ունի փոխտնօրենի կարգավիճակ: Սա ծրագրում ֆիքսված է որպես պահանջ: Ստացվում է, որ «Հայկական միրգը» մեծ ցանկություն է ունեցել դրսից մարդ հրավիրելու եւ այդքան փող տալու: Երկրորդը. նրանք չեն գրում, որ այդ գումարը ոչ թե պետական գումար է, այլ IFAD-ի դրամաշնորհն է, որը տրված է հատուկ դրսից մարդ հրավիրելու եւ մեզ համար խորհրդատվություն կատարելու համար: Մենք այդ գումարով չէինք կարող, ասենք, ծառ գնել»:



 



- Բայց ինչո՞ւ Զիմբաբվեից:






- Մրցույթն անցկացրել եւ այդ փորձագետին ընտրել է ԾԻԳ-ը, ոչ թե մենք: Այո, շահել է Զիմբաբվեի փորձագետը: Նրանք շեշտում են Զիմբաբվեն, որ ասեն՝ աֆրիկյան ընկերությունը Հայաստանին ի՞նչ պետք է անի: Բայց չեն ասում, որ նա անգլիացի է, Քեմբրիջն ավարտած, ագրոբիզնեսի մասնագետ:



 



- Իսկ ինչո՞ւ փողը լրիվ չեք տվել նրան:






- Ծրագրի պահանջն այն էր, որ սկզբնական շրջանում պետք է խորհրդատու ունենայինք: Հետո մենք դադարեցրինք նրա ծառայությունները, որովհետեւ մեզ այլեւս պետք չէր:



 



- Գրված է, որ դուք Իտալիայից 16,5 մլն-ով բերել եք ընկուզենու պատվաստացուներ, որոնք ամբողջությամբ փչացել են:






- Այո, բերվել է, դա առաջին փորձն էր: IFAD-ի կողմից հրավիրված փորձագետներն իրոք մեծ աշխատանք են տարել, բայց չի ստացվել: Ընկուզենու պատվաստումը շատ բարդ է, եւ մեծ գումար արժե այդ պատվաստացուն: Եղանակային պայմաններն էին պատճառը, կամ գուցե կլիման է տարբերվում այդ երկրների կլիմայից, կամ տեղափոխելուց է փչացել, կամ մարդիկ էին քիչ, բայց մեր առաջին փորձը չստացվեց, ինչը ցավալի է: Մենք էլ այդ մարդուն դրա դիմաց չվճարեցինք: Չի ստացվել, հիմա գյուղատնտեսություն է, ի՞նչ արած: Բայց ոչ թե չգնվեց, այլ գնվեց ապրանքը, գործն արվեց, բայց չստացվեց:



 



Ընկերության տնօրենը նշեց նաեւ, որ գրասենյակն է կնքել պատվաստանյութերի պայմանագիրը, բայց վարկը փակելու է «Հայկական միրգը» եւ չի հրաժարվում դրանից: Այս պատմության հետ կապված՝ հիշեցինք դատաիրավական ԾԻԳ-ի տնօրեն Արթուր Թունյանի գործը: ՎՊ-ն անցյալ տարի նրան մեղադրեց խայտառակ չարաշահումների համար: Թունյանը որքան էլ արդարացավ, որ Համաշխարհային բանկն իր տրամադրած վարկերի մասով մանրակրկիտ հաշվետվություններ է պահանջում եւ հետեւում դրանց ծախսմանը, բանի տեղ չանցավ: Երկար քննությունից հետո միայն իրավապահները հայտարարեցին, որ ոչ մի չարաշահում չի կատարվել, եւ ՎՊ բացահայտումներում հանցակազմ չկա: Այս մասին գրեթե չգրվեց, չխոսվեց, բայց չեղած խախտումների մասին իմացան բոլորը:



 



 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ