Ինչու՞ հայերը դեմ քվեարկեցին, և ի՞նչ ակնկալիքներ կան ԵԽԽՎ-ից Քեսաբի հարցով

Ինչու՞ հայերը դեմ քվեարկեցին, և ի՞նչ ակնկալիքներ կան ԵԽԽՎ-ից Քեսաբի հարցով

Ինչպես հայտնի է, այս օրերին ԵԽԽՎ հերթական նիստում դրված էր Ռուսաստանի դեմ սանկացիաներ կիրառելու հարցը, որի քվեարկության հայաստանյան պատվիրակության բոլոր չորս անդամներն էլ դեմ են քվեարկել։



 



Թե ինչու են հայ պատվիրակներն այդպես վարվել, Hraparak.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ասաց, որ դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ իրենց  կարծիքով՝ այդ մոտեցումը իրականում չի լուծում այն խնդիրները և մարտահրավերները, որոնք ներկա պահին առկա են:



 



«Մեր կարծիքով՝ ԵԽԽՎ-ն ընդամենը արձագանքում է իրողություններին:  Մենք Ուկրաինայում հետագա էսկալացիայի լուրջ վտանգ ենք տեսնում, և վեհաժողովը պետք է քայլեր ձեռնարկի այդ էսկալացիան կանխելու համար, սակայն միակողմանի քաղաքական հայտարարությունները, մեր կարծիքով, որևէ արդյունքի չեն բերում»,- ասաց Դավիթ Հարությունյանը:



 



Նա նաև նշեց, որ այս կապակցությամբ իրենց մտահոգություններն իրականություն դարձան, քանի որ ռուսական պատվիրակությունը կասեցրեց իր անդամությունը վեհաժողովի աշխատանքներին, ինչը նշանակում է երկխոսության բացակայություն: Նրա խոսքով՝ գործադիր իշխանության պարագայում կարելի է հասկանալ որոշակի սանցկաների կիրառումը, սակայն անհասկանալի են այն սանկցիաները, որոնք կիրառվում են խորհրդարանական հարթակներում:



 



«Խորհրդարանն այն հարթակն է, որտեղ պետք է կայանա երկխոսություն, և ինչքան էլ մեր կարծիքները տարբերվեն միմյանցից, այստեղ մենք պետք է կարողանանք պատշաճ աշխատանք տանել՝ փորձելով հարցերը քննարկել, դուռ չփակել քննարկումների համար: Ահա սա է մեր մոտեցումը»,- ասաց նա:



 



Հարությունյանի տեղեկցմամբ՝ քննարկումների արդյունքում Ռուսաստանի դեմ սանկցիաների ձևը մի փոքր մեղմացվել է, արդյունքում՝ ՌԴ-ն ոչ թե անորոշ ժամկետով, այլ մինչև տարվա վերջ է զրկվել ձայնի իրավունքից, ինչպես նաև զրկվել է ԵԽԽՎ կազմում պաշտոններ ստանձնելու իրավունքից։



 



Անդրադառնալով Քեսաբի խնդրով մեր պատվիրակներից երեքի ներկայացրաց զեկույցներին, և մեր հարցին, թե ԵԽԽՎ-ն ի՞նչ վերաբերմունք է դրսևորել այդ զեկույցների ու, առհասարակ, քեաբահայերի տեղահանության փաստի վերաբերյալ, Դավիթ Հարությունյանն ասաց, որ Քեսաբի հարցով վեհաժողովից որևէ կոնկրետ գործողություն չի ակնկալում, քանի որ ԵԽԽՎ-ն քաղաքական մարմին է և ընդունում է միայն քաղաքական հայտարարություններ:



 



«Ես կարծում եմ, որ քաղաքական մարմնից անմիջական գործողություն չի կարելի ակնկալել, որովհետև Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը պարտադիր բանաձևեր անգամ չի կարող ընդունել»,- ասաց նա և ավելացրեց, որ Քեսաբի հարցը վեհաժողովում բարձրացնելու համար իրենք ընտրեցին հայտարարությամբ հանդես գալու ճանապարհը։



 



Ըստ նրա՝ սա այնպիսի հայտարարություն է, որը ոչ պակաս կարևորություն ունի, քան այլ երկրների կողմից հնչող հայտարարությունները: Հարությունյանի խոսքով՝ այն պատգամավորները, ովքեր ստորագրել են այդ հայտարարության տակ, արտահայտել են իրենց քաղաքական դիրքորոշումը Քեսաբի դեպքերի վերաբերյալ:



 



Վահե Մակարյան