Քանի՞ մտավորական չի համաձայնվի նախարարության հետ

Քանի՞ մտավորական չի համաձայնվի նախարարության հետ

- Պարոն Մանարյան, մի քանի օր առաջ վերջնականապես նշանակվեց կառավարության նոր կազմը, որտեղ նոր փոփոխություններ, ըստ էության, շատ քիչ եղան։ Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք այս նոր ձեւավորված կառավարությունից։






- Քաղաքացին միշտ էլ լավագույն ակնկալիքներն ունի, եւ ինչ էլ որ տալիս են, ավելին է ուզում ունենալ։ Անկեղծ ասած, մենք հոգնեցինք ակնկալիքներ ունենալուց եւ հետո տեսնել, թե ինչպես դրանք չեն կատարվում։ Այս տարիների ընթացքում մի որոշակի ձեռքբերում ունեցանք. սկսեց ձեւավորվել քաղաքացիական հասարակությունը։ Հենց այն, որ դուրս են գալիս հրապարակներ, հետո խնդիրներ են դնում, դրանց հետամուտ են լինում, իսկ դրանք ձեռքբերումներ են։



 



- Երեւի տեղյակ եք, որ Երվանդ Զախարյանը նշանակվեց էներգետիկայի նախարար, իսկ Նարեկ Սարգսյանին էլ նշանակեցին քաղաքաշինության նախարար…






- Ցավալի է, որովհետեւ եթե հետ դառնանք ու տեսնենք, թե իրենք ինչ ճանապարհ են անցել ու ինչեր են արել… ու չեմ էլ կարծում, թե իրենցից լավ բան կկարողանանք ստանալ։



 



- Այդ դեպքում նպատակը ո՞րն է այդ վարկաբեկված կադրերին կառավարություն բերելու։






- Ուրիշը չունեն, եթե ուրիշն ունենային՝ իրենց նվիրված, հասարակության մեջ մի քիչ ավելի լավ համարում ունեցող մարդիկ, նրանց կնշանակեին, բայց չունեն ուրիշ մարդիկ, այլ գաղտնիք չկա, շատ պարզ հաշիվ է։ Պիտի լինի հասարակություն, որը կարողանա լուռ մարդկանց միջից պետք եղած նվիրումով մարդկանց առաջ քաշել եւ դրանց հետ իր ապագան կապել։ Առայժմ չկան այդ մարդիկ, երեւի այդ շարժումների միջից դուրս կգան։ Հետո՝ զարմանալի ժողովուրդ ենք, որովհետեւ մեր մտքով անցածն անմիջապես ուզում ենք կատարված տեսնել, բայց պետք է համբերություն ունենանք՝ մեր մտքով անցածի համար կադրեր դաստիարակենք եւ մեր հույսը կապենք նրանց հետ։ Ինքս առանձնակի ակնկալիքներ չունեմ, հակառակը՝ իմ ակնկալիքները գուցե բավական դառը լինեն, բայց ես աշխատում եմ, որ իմ թոռները որոշակի ձեւով ավելի լավ ապրեն։ Այդ համբերությունը պետք է ունենանք, որովհետեւ չենք դաստիարակել սերունդ, որ միանգամից ստանանք այն, ինչ ուզում ենք։



 



- Դուք որքանո՞վ եք փոփոխություն համարում իշխանական համակարգի ներսում նույն դեմքերի վերադասավորումը մի պաշտոնից մեկ այլի։






- Ինձ համար փոփոխություն չի կատարվում, նշանակողի համար ամեն ինչ շատ ճիշտ է ու կարգին։ Ով ինչ հանձնարարություն տալիս է, ակնկալում է, որ իր ցանկությունները կկատարվեն, եւ, իհարկե, կկատարվեն։



 



- Այսինքն՝ պատահական չէ, որ այդ մարդիկ պաշտոնից պաշտոն են գնում, եւ նոր դեմքեր չեն հայտնվում։






- Դուք ակնկալում էիք, որ մեզ համար շատ հարիր եւ ընկալելի գործունեություն ծավալող մարդի՞կ պետք է գան։



 



- Դե, գոնե մշակույթի ոլորտում՝ այո։






- Ես միշտ եմ ասել, որ մշակույթի ոլորտի այս նախարարը մի առավելություն ունի՝ ստեղծագործական հարցերին խորամուխ չի լինում, նա վարչարարություն է անում, բայց, իհարկե, կարելի էր ակնկալել, որ ստեղծագործական ճիշտ խնդիրներ դրվեին ու կատարվեին։ Նրան հնարավորություն են տալիս վարչարարություն անի, եւ անում է։ Մշակույթի ոլորտն ամենաբարդն է, բայց, չգիտես ինչու, թվում է, թե ամենահեշտն է, որովհետեւ գործնականորեն սերունդ դաստիարակելու խնդիր է դրված նրա առաջ, իսկ այդ ակնկալիքն այսօր կարո՞ղ ենք ունենալ, դժվար է ասել։ Հետո՝ մշակույթի մարդիկ պետք է մի քիչ ազատ լինեն եւ չսպասեն, որ մշակույթի նախարարը պետք է ինչ-որ բան անի, որ իրենք շահեն, թող մշակույթի աշխատողն ինքն անի այն, ինչ ուզում է։ Այսօր քանի՞ հոգի կարող եք ասել, ովքեր եթե համաձայն չեն մշակույթի նախարարության գործունեության հետ, դուրս են գալիս ու ասում են՝ մենք այս խնդրի հետ համաձայն չենք։ Քանի՞ հոգի ունենք այդպիսի մտավորականներ։



 



- Այդպիսի մտավորականները շատ քիչ են։ Մեծ մասը սիրում է կուլիսներում բողոքել։






- Դե որ քիչ են, էլ ի՞նչ եք ակնկալում։ Ես կարծում եմ, որ մեզնից մի բան է ակնկալվում՝ չհուսահատվել եւ համառորեն աշխատել, որպեսզի մեզնից հետո եկող սերունդն ավելի լավ ապրի, ուրիշ բան չեմ ակնկալում։ Ես ղեկավարում եմ մի թատրոն, որը համառորեն չի ձգտում պետության գանձանակից որեւէ բան ստանալ, որովհետեւ ազատ հասարակության թատրոնը պետք է ազատ լինի։ Պետք է հասարակությունը գա եւ թատրոնը պահի, եթե պետությունը պահեց այդ թատրոնը, նրանից էլ որեւիցե բան ակնկալել չի լինի։ Ես այդպես եմ մտածում։



 



- Բայց թատրոնը, այնուամենայնիվ, կարիք չունի՞ պետության հոգածությունն զգալու։






- Թատրոնն էն տեսակ բան է… օրինակ, մեր թատրոններից ո՞ր մեկը կարող եք գնալ ու լսել մի խոսք կամ ակնարկ, որ մեր այսօրվա իշխանությունները լավ չեն աշխատում, կամ ունե՞նք այդպիսի մի ներկայացում մեր որեւէ թատրոնում։ Մինչդեռ թատրոնի առաքելությունը դա է, որ հասարակության արատները ցույց տա։



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



[email protected]