Մեկ ամսից կսկսվե՞ն Հին Երևանի հողային աշխատանքները

Մեկ ամսից կսկսվե՞ն Հին Երևանի հողային աշխատանքները

Հարցազրույց «Հին Երեւան» նախագծի գլխավոր ճարտարապետ Լեւոն Վարդանյանի հետ  






- Անընդհատ խոսվում է «Հին Երեւան» նախագծի իրականացման մասին, բայց այդպես էլ իրականություն չի դառնում։ Խոստումներ եւ ոչ գործնական քայլեր, իսկ այդ ընթացքում քանդվում են հուշարձան շենքերը. ամբողջը սա՞ է։






- Ամբողջը սա չի, այլ այն, որ այս հասարակությունը դառել է շոումենների ու տարբեր միջոցառումների ինչ-որ մի թատերաբեմ՝ ամեն մեկն իր ուժի դիրքից ելնելով, ու ոչ մեկին կոնկրետ աշխատանք չի հետաքրքրում։ Այս ամբողջ աղմուկը ապամոնտաժվող շենքերի շուրջ, լավ գիտեմ, թե ինչ է կատարվում։ Էս հասարակությունը քնում-քնում է, ու հանկարծակի մի օր զարթնում են մի երկու հոգի, հարցադրումներ են անում, մի մասը հուշարձանագետ է, մի մասն էպոսագետ է ու էլ չգիտեմ ինչ, լիքը էդպիսի մարդիկ՝ նոր մասնագիտություններով, եւ ուզում են ասպարեզում իրենց ցույց տան ու իրենց եսը հաստատեն էս հասարակության մեջ, ուրիշ բան չկա։



 



- Աֆրիկյանների տունը, որ հիմա ապամոնտաժում են, ո՞ւմ պատասխանատվությամբ է արվելու, եւ ո՞ւր են տարվելու քարերը։






- Ապամոնտաժվելուց հետո քարերը գնալու են Սեբաստիա 37 հասցե, վերեւից մինչեւ ներքեւ մեկ առ մեկ ապամոնտաժվելու է, իսկ այդ ընթացքում արդեն կսկսվի Հին Երեւանի շինարարությունը։ Մանրակերտն արդեն նայվել է եւ մշակույթի նախարարության կողմից, եւ քաղաքաշինական խորհրդի կողմից՝ վերջնական հավանության արժանացել եւ որոշում ընդունվել։ Կոնկրետ այս ապամոնտաժվող շենքի համար կատարվել է վերականգնման նախագիծ, համաձայնեցվել է եւ մշակույթի նախարարության, եւ քաղաքապետարանի հետ, ստացվել է ապամոնտաժման թույլտվություն, այսինքն՝ ամեն ինչ օրինական է։ Իսկ ապամոնտաժումը կատարվելու է իմ ղեկավարութամբ։ Այսքան հուշարձան է քանդվել, սա առաջին դեպքն է, որ կատարվել է ապամոնտաժման նախագիծ, եւ հենց այդ նախագծով էլ պետք է ապամոնտաժվի, որի մասին ոչ ոք չի խոսում։



 



- Տերյան 11 հասցեի այդ շենքը բացառիկ ճարտարապետական արժեք է հատկապես ճակատային մասի զարդաքանդակներով, նախ, ճիշտ կլիներ, որ շենքը պահպանվեր իր տեղում։ Բայց եթե պետք է ապամոնտաժվի, ի՞նչ երաշխիք կա, որ կվերականգնվի նույն տեսքով։






- Շենքի ճակատն այնպիսի զարդաքանդակներ ունի, որ հնարավոր չի ուղղակի քանդել, քանի որ որեւէ վարպետ չի կարող վերականգնել։ Ստեղծվել է պրոֆեսիոնալ վարպետների մի խումբ՝  Գագիկ Շիրինյանի գլխավորությամբ, որը, կրթությամբ ճարտարապետ լինելով, երկար տարիներ, Կասկադից սկսած, զբաղվում է քարտաշությամբ, որպեսզի աշխատանքները հասցվեն կատարողական պրոֆեսիոնալ բարձր մակարդակի։ Երբ կատարվում է այսպիսի աշխատանք, փոխարենը հանրության որոշ ուժեր գան եւ կանգնեն իմ կողքին, որպեսզի ապահովեն բոլոր պահանջները, քանի որ լավ գիտենք, որ այս երկրում ուզած աշխատանք կատարելուց թերացումները, գործը ոչ պրոֆեսիոնալ ճանապարհով տանողները եւ խանգարողներն ինչքան շատ են, սրանց ավելանալով ակտիվիստները՝ ջուր են լցնում այդ չաշխատող վերին շերտի ջրաղացին։



 



- Իսկ կոնկրետ ե՞րբ է նախատեսվում սկսել «Հին Երեւան» նախագծի շինարարությունը։ Հստակ երաշխիքներ կա՞ն։






- Տերյան փողոցի սկզբում, Արամի վրա, Փիլիսոփայության ինստիտուտի դիմաց մի ենթակայան կա, պիտի ժամանակավոր ապամոնտաժվի, բացվի Տերյան փողոցը, որից հետո արդեն կսկսվեն հողային աշխատանքները. ինձ թվում է՝ մեկ ամիս հետո։ Այդ հարցն արդեն քննարկվել է, քաղաքապետարանում հավաքվել-որոշել ենք, շինարարներն աշխատանքը սկսել են, ուղղակի ակտիվիստների ամեն մի այսպիսի քայլ խոչընդոտում է։ Իսկ վերին շերտի չաշխատող մարդկանց էլ այդպիսի առիթներ են պետք, որ պատճառ բռնեն, թե, ա՛յ, ակտիվիստները խոսում, բողոքում  են եւ այլն։ Մեր «Հին Երեւան» ծրագրին միակ արձագանքը, որ անմիջապես եղել է, Ադրբեջանի նախագահի աշխատակազմից էր, որ գրեցին, թե իբր ադրբեջանական քաղաք է, մեր շենքերը, մեր ամրոցը եւ նման անհեթեթություններ, ինչպես սովորաբար անում են։ Ինչո՞ւ, որովհետեւ իրենք հասկանում են, որ այս շերտի վերականգնումը, պահպանումը նշանակում է քաղաքի պատմության մի կտորի ավելացում այդ ժամանակահատվածի։ Ադրբեջանցիներն ընկալում են, թե ես ինչ եմ անում, իսկ մեր ակտիվիստներն ասում են՝ դիմելու ենք Եվրադատարան. դիմե՛ք։ Ես խորհրդային տարիներից էս ծրագրի վրա աշխատել եմ, քանի հոգի էլ կանգնի, մեկ է, ես իմ ասածն անելու եմ։



 



- 2005 թվականից մինչեւ հիմա ծրագրի իրականացումը չի սկսվում, հուսանք, որ այս մեկ ամսվա ժամկետը հերթական խոստումը չէ։ Իսկ կոնկրետ ներդրողներ կա՞ն։



 



- Այո, միշտ ասում են, թե 2005թ. մինչեւ հիմա չի կառուցվում,  բայց մոռանում են, որ ես այդ ժամանակ ներկայացրել եմ ընդամենը նախագիծ-առաջարկ, որն ընդունվել է, այդ ամբողջ տարածքը բաժանվել է լոտերի, հանվել է աճուրդի, հետո ես սկսել եմ իմ նախագծային աշխատանքները, որից հետո եկավ էդ ֆինանսական կրիզիսի ժամանակը, ամեն ինչ սառեցվեց։ Իսկ հիմա, երբ սկսում ենք վերջապես գործն անել, էս րոպեին իրենք՝ ակտիվիստները, սկսում են խանգարել։ Անցյալ տարեվերջին է վերջնական հավանության արժանացել մակետը, ես հույս ունեի, որ ավելի շուտ կսկսենք աշխատանքները, բայց «Գլենդել Հիլզն» էր լոտերի մեծ մասի տերը, սնանկացավ, հիմա այդքան հեշտ չի նոր ներդրողներ գտնելը, որովհետեւ հուշարձանների վերականգնումը շատ թանկարժեք եւ ոչ արագ գումարները ետ բերող ծրագիր է։ Հիմա գտնվել են նոր ներդրողներ, լոտերն արդեն գնված են, եթե սկսենք, Աբովյանից մինչեւ Տերյան՝ այդ կտորը կկառուցապատենք, ֆինանսավորումը կա։ Իսկ թե ովքեր են գնել լոտերը, հենց սկսենք հողային աշխատանքները, ցուցանակների վրա նշված կլինեն, թե ովքեր են պատվիրատուները, կառուցապատողները։



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ