Լեզվական սխալներից է խոսում, բայց՝ սխալներով

Լեզվական սխալներից է խոսում,  բայց՝ սխալներով

Երեկ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ով նաեւ գործող մանկավարժ է եւ Հայաստանի դպրոց-կենտրոնների միության նախագահը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսում էր լեզվի անաղարտության մասին, սակայն իր խոսքում թույլ տվեց լեզվական կոպիտ սխալներ, որոնք ռուսաբանություն են համարվում։



Խոսքը վերաբերում է «խոսքը կայանում է նրանում», «ես գտնում եմ» արտահայտություններին, որոնք միանշանակ սխալ են, քանզի ճիշտ տարբերակներն են՝ «խոսքն այն մասին է» եւ «ես կարծում եմ»։ Եթե նա ուսուցչուհի, մանկավարժ եւ մեր լեզուն անաղարտ պահելու ջատագով չլիներ, մենք մեզ թույլ չէինք տա սխալների ուղղում կատարել, քանզի բոլորս էլ մեր խոսքում սխալներ թույլ տալիս ենք, բայց քանի որ այս դեպքում լեզվական նման կոպիտ սխալներ թույլ տվողը հենց մաքուր հայերենով խոսելու կոչ անող մանկավարժն է, մենք մեզ իրավունք վերապահեցինք ուղղել ՀՀԿ-ական պատգամավորի սխալները։ Դա, սակայն, նրան դուր չեկավ։



«Շատ շնորհակալություն։ Ես էլ կարող եմ Ձեզ շատ ուղղումներ անել եւ ես կաշխատեմ անպայման ուշադրության կենտրոնում պահել Ձեր խոսքը։ Ես ինքս մասնագիտությամբ ֆիզիկ եմ, բայց չեմ գտնում, որ ֆիզիկ լինելով հանդերձ՝ չպիտի խոսեմ շատ մաքուր հայերենով։ Ես դրա վրա աշխատում եմ»,-ասաց նա։ Նկատենք, որ մեր ուղղած սխալը նա իր պատասխանում կրկին թույլ տվեց՝ ասելով. «բայց չեմ գտնում, որ…»։ «Ֆիզիկն» էլ, հավանաբար, «ֆիզիկոսն» է:



ՀԳ. Դրանից հետո տիկին Մուրադյանը փորձում էր իմ խոսքում սխալ գտնել՝ ցույց տալու համար, որ մենք էլ կարող ենք սխալներ թույլ տալ մեր խոսքում։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ