Սա այն դեպքն է, երբ մարդ ամեն ինչ ունենում, բայց աչքը հասարակ ապուրի վրա է

Սա այն դեպքն է, երբ մարդ ամեն ինչ ունենում, բայց աչքը հասարակ ապուրի վրա է

 Այո, այդպես է, ի վերջո գալիս է մտքի իմաստնացման մի պահ, երբ լրագրողը, գրողը, երգիչը հասկանում է, որ ամենաբարձրը ընթերցողի, հանդիսատեսի կարծիքն է: Բայց ցավալի է, որ այդ հասունացման պահը կամ չի ձևավորում կամ ուշ է ձևավորվում:



Լրագրող Գայանե Պողոսյանի  գրառումն ինձ մտորելու տեղիք տվեց. «Հիմա, երբ փորձառության ու ճանաչման որոշակի ճանապարհ եմ անցել, երբ պետական պարգևներով վավերացվել է իմ վաստակն ու կշիռը հայ լրագրության մեջ, ինձ ամենից շատ հետաքրքրում է հասարակ հայ մարդու ՚ ընթերցողի կարծիքը...նրա գնահատականը: Ընթերցողի գնահատականը ամենաանաչառն է ու ամենահավաստին: Կոչումներն ու պաշտոնը չեն կարող բարձրացնել լրագրողի կշիռը, լրագրողը պիտի լսարան ունենա, իրեն սիրող ու հավատացող, իր գրածը կարդացող մարդիկ...սա այն հազվագյուտ արժեքներից է, որ ոչ փողով կարող ես ձեռք բերել, ոչ ծանոթով, ոչ աճպարարությամբ... »: Սա մի անկեղծ խոստովանություն է, երբ պետական պարգևներից  ու վաստակից հետո լրագրողը սկսել է կարևորել ընթերցողի, հանրության կարծիքը: Սովորաբար, սկզբից կարևորվում է ընթերցողի կարծիքը, որից հետո էլ ձևավորվում է պետական գնահատականը: Մեզ մոտ ամեն ինչ թարս է լինում:  Էշը  թարս են նստում: Սա այն դեպքն է, երբ մարդ ամեն ինչ ունենում և ունեցվածքի մեջ լող է տալիս, բայց աչքը հասարակ ապուրի վրա է, որից իր մոր բույրն է զգում:



Գայանե ջան դու արդեն կարոտում ես հասարակ ապուրը ու պետական պարգևներդ ու Մեծերի գնահատականը չի հագեցնում քաղցդ: Հասարակ ապուրի բույրից խելքամաղ ես լինում, քո խոսքից եմ հասկանում. «Ազատամարտիկ Արտյոմի Art Dali մասին ակնարկս http://gayanepoghosyan.blog.com/?p=2378 214 հավանում ունի (լայք), իսկ http://gayanepoghosyan.blog.com/?p=2703 վերնագրով հոդվածս հավանել են 703 հոգի...այսինքն գոնե այդքան մարդ կարդացել է նյութը....շնորհակալ եմ»:



Գայանե ջան ինչքա՜ն ես կարոտում հասարակ ապուրը, որ ես ու շատերը, որ պետական որևէ գնահատանք չունենք,  ամեն օր ուտում ենք: Մեր գնահատանքը ընթերցողն է, նրա սերը, բայց դա էն գլխից էլ այդպես է եղել, մենք, ճոխ ապուրների, պետական պարգևների համը չգիտենք, բայց սիրով այն կկիսենք քո ու նրանց հետ, ովքեր կարոտում են այդ սովորական ու անսովոր ապուրը:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ