Սիրուն չի, Տարոն ջան

Սիրուն չի, Տարոն ջան

Հունիսի 18-ին զանգահարելով Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Գեւորգյանին, հանդիպում խնդրեցի Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հետ՝ հարցազրույց անելու նպատակով, եւ բացատրեցի, թե ինչ թեմայի շուրջ է լինելու այն։ Տեղեկատվության բաժնի պետն առաջարկեց հարցերը գրավոր ուղարկել, առարկեցի՝ բացատրելով, որ ցանկանում եմ բանավոր հարցազրույց ունենալ, ոչ թե գրավոր։ Պատասխանեց, որ բանավոր կլինի, պարզապես ուզում են պատկերացում կազմել, թե կոնկրետ ինչ հարցերի շուրջ է ճարտարապետը խոսելու։ Հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, քաղաքապետարանի էլեկտրոնային փոստին ուղարկեցի հետեւյալ գրությունը՝ ներկայացնելով հարցերի շրջանակը. «Հարցերը վերաբերելու են Երեւանի անավարտ, նաեւ քանդված ու դեռեւս չկառուցված շինություններին։ Դրանք քանի՞սն են, ի՞նչ է լինելու դրանց հետագա ճակատագիրը, եւ, ի վերջո, ե՞րբ է նախատեսվում ավարտին հասցնել այդ շինությունները, ի՞նչ է արվում այդ ուղղությամբ։ Անցյալ տարի նախին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այդ շինությունների սեփականատերերը 2 ամսվա ընթացքում պետք է շինարարությունը շարունակելու եւ ավարտին հասցնելու ծրագիր ներկայացնեն։ Ինչ-որ բան փոխվե՞լ է այդ հայտարարությունից հետո»։



Մեկ շաբաթ սպասեցի պատասխանի, ապա կրկին զանգահարեցի Գեւորգյանին, վերջինս պատասխանեց, որ այդ ուղղությամբ աշխատում են, եթե գտնեն, որ պետք է գրավոր պատասխանել, ուրեմն կգրեն, եթե ոչ, այդ դեպքում կկազմակերպեն հարցազրույց։ Կրկին պնդեցի, որ հանդիպում եմ խնդրում, ուզում եմ բանավոր հարցեր ուղղել գլխավոր ճարտարապետին։ Արդեն երկրորդ շաբաթն է լրացել, մտել ենք երրորդը, սակայն պատասխան չկա քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ոչ գրավոր, ոչ էլ բանավոր։ Մինչդեռ այս կառույցում (երբ վարչության պետն Անժելա Մարտիրոսյանն էր) լրագրողների հետ աշխատելու, մեր հարցերին օպերատիվ պատասխանելու շատ լավ ավանդույթներ կային, որոնք վերացան Տարոն Մարգարյանի՝ քաղաքապետ նշանակվելուց հետո:



Հարցերը ոչ անձնական բնույթի են, ոչ էլ մեր երկրի անվտանգությանն են առնչվում, ընդամենը հասարակական վայրերի անավարտ շինություններին են վերաբերում, որոնց ճակատագրով մամուլն իրավունք ունի հետաքրքրվելու։ Ցավոք, սա առաջին դեպքը չէ, որ գերատեսչությունների մամուլի խոսնակները, լրագրողների աշխատանքին նպաստելու փոխարեն, խոչընդոտում են։ Գուցե այդ ամբարտավան, ծույլ ու անփույթ վերաբերմունքով խոսնակներն իրենց վերադասի կամքն են կատարում: Այդ պարագայում պետք չէ բողոքել, որ մենք հղում ենք կատարում «մեր աղբյուրների վրա» եւ շրջանցում ենք պետական կառույցների պաշտոնական տեղեկատվությունը: Ի դեպ, լրագրողի աշխատանքին խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է։



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ