Եկել-կանգնել եք ասֆալտին, որ ի՞նչ անեք. ասֆալտի վրա վնասի չա՞փ եք որոշում

Եկել-կանգնել եք ասֆալտին, որ ի՞նչ անեք. ասֆալտի վրա վնասի չա՞փ եք որոշում

Իշխանությունը որոշել է «կրկին փորձել» «դեմքով դեպի գյուղը» չստացված պրոյեկտը: Սերժ Սարգսյանի՝ 2011թ.-ին սկսած այս նախաձեռնության միակ շոշափելի արդյունքը թերեւս այն է, որ գյուղացին Տիգրան Սարգսյանի հանճարեղ դասախոսության շնորհիվ սովորեց կովը ճիշտ կթել: Եվ այն, ինչ չհաջողվեց փափկասուն Տիգրան Սարգսյանին, որոշել է հանձն առնել գյուղի միջավայրին լավատեղյակ Հովիկ Աբրահամյանը: Վերջերս նա հրահանգեց նախարարներին ամիսը մեկ այցելել գյուղեր եւ տեղում ծանոթանալ, թե ինչ խնդիրներ ունեն մարդիկ: Գործադիրի որոշ անդամներ առաջադրանքը ոգեւորությամբ ընդունել եւ անմիջապես գործի են անցել՝ հավանաբար, հոգատար պաշտոնյայի կերպար կերտելու նպատակով: Հերթական PR ակցիան գլուխ բերելու եւ սրտացավ ղեկավարության տպավորություն թողնելու հարմար պահը բաց չթողեց նաեւ անձամբ Հովիկ Աբրահամյանը, ով երեկ իր շքախմբով այցելել էր Շիրակի մարզ: Գնացել էր տեղում ծանոթանալու իրավիճակին եւ հաշվարկելու 2 օր առաջ տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասները: 



 



Սակայն առաջին իսկ գյուղում գյուղացիները նրան «դաս են տվել» ու մատնել պաշտոնյաներին, որ նրանց նպատակը միայն «ներկա գրվելն» է: Վարչապետի այցի հիմնական նպատակը, ինչպես պարզ դարձավ, Արեւշատ գյուղի ջրագծի բացմանը մասնակցելն է եղել, սակայն, ըստ էության, հրահանգվել է մինչ Արեւշատ ընկած համայնքների  գյուղացիներին դուրս գալ մայրուղի, որպեսզի վարչապետն ամեն գյուղի մոտ մի քանի րոպե կանգ առնի ու տպավորություն ստեղծի, որ գյուղացու խնդրի համար գյուղեգյուղ է անցնում: «Եկել կանգնել եք ասֆալտին, որ ի՞նչ անեք։ Ասֆալտի վրա վնասի չա՞փն եք որոշում, եկեք գնանք հացահատիկի դաշտերը, տեսեք, որ 100 տոկոսով բերքը փչացել է»,-Հովիկ Աբրահամյանին հանդիմանել է Սպանդարյան գյուղի բնակիչներից մեկը։ «Հիմա որ կողքիցդ անցնեի, պիտի ասեիր՝ արհամարհեց, անցավ։ Դուք էստեղ էիք կանգնել, ես էլ էստեղ կանգնեցի»,- արդարացել է կառավարության ղեկավարն ու գյուղացու հետ լեզվակռվի բռնվել, հանդիմանելով իր հետ բարձր տոնով խոսելու համար: Ապա, այնուամենայնիվ, այցելել է բողոքավոր գյուղացու հողամաս. «Ես տեսա, համոզվեցի, որ բերքն ամբողջությամբ փչացել է։ Հիմա մենք բոլորս պիտի մտածենք այս ծանր վիճակից դուրս գալու մասին»: Նոր Կյանք եւ Վարդաքար համայնքների բնակիչները նույնպես կտրել են Հովիկ Արգամիչի ճանապարհը, բայց, ոգեւորված բարձրաստիճան պաշտոնյայի այցից, հիշել են նաեւ «հազար տարվա մեռելներին»: Վարդաքարի համայնքապետ Գալուստ Ավետիսյանը դժգոհել է, որ Սերժ Սարգսյանն իրենց խոստացել էր դպրոց կառուցել, սակայն խոստումը մինչ այսօր չի կատարել: «2012 թվականին մենք նախագահին էինք դիմել այս խնդրով, խոստացավ, որ կկառուցի դպրոց 150 աշակերտի համար, բայց մինչ այսօր ոչինչ չի արվել: Հիմա էլ Ձեզ ենք խնդրում»:



 



Գալուստ Ավետիսյանն ինքն էլ գիտի, որ խոսելը քիչ է, պետք է գործով ապացուցեն, որ գյուղացու մատից փուշ են հանում: «Իսկ դրա համար պիտի գյուղացու կյանքով ապրեն, որ իմանան էդ ինչ ա, որ գյուղացին մեղք է, գոնե իմանան գյուղացուն ինչ է պետք, ի՞նչխ պիդի ապրի»,- վարչապետի հանդիպումից հետո մեզ ասաց գյուղապետը: Նա ասում է, որ այդպիսի այցերից հետո սովորաբար բան չի փոխվում. «Ուղղակի գյուղացին իրեն անտեսված չի զգում, մենակ դա է, ուրիշ ոչ մի բան: Թեպետ անցած տարի փոխվարչապետի այցից հետո ես բարձրացրի ոռոգման ցանցի նորոգման խնդիրը, եւ նորոգվեց: Թող գան, տեղում իրանց աչքով ծանոթանան, թե չէ մեր ներկայացրածին ոչ կհավատան, ոչ էլ, մեկ էլ պտի շուտ-շուտ հիշեցնենք, որ խոստումները չմոռանան»:



 



Շիրակի Հովտաշեն գյուղը նույնպես ավերվել է կարկուտից, բայց այն վարչապետի ճանապարհին չի եղել, Հովիկ Աբրահամյանի այցից մեկ օր առաջ գյուղնախարար Սերգո Կարապետյանն է գյուղ այցելել: Հովտաշենի գյուղապետ Սեյրան Փիլոսյանը շտապել է ներկա գտնվել եւ վարչապետին անձամբ փոխանցել իր գյուղի խնդիրները. «Դե ի՞նչ պիտի ասեին, ասեցին՝ հանձնաժողովներ ենք կազմել, ձեր վնասի չափը կքննարկենք ու կփոխհատուցենք հնարավորինս լավ տարբերակով, բայց թե ոնց կանեն, կտեսնենք, իմ լացս կուգա, տերը կանգնել արտի մեջ, լացում է ավերված արտերի վրա, ինձ էլ հետը լացացնում է, ամբողջը վարկերով ու պարտքերով են մշակել»: Փիլոսյանը «չի պատկերացնում, որ իրենց խնդիրներին լուծում կտան». «Գիտե՞ս ինչի չեմ հավատում, որովհետեւ առաջին դեպքը չի, որ կարկուտը կզարգի, ուղղակի էս առաջին դեպքն ա, որ նախարար ու վարչապետ եկան, տա աստված, որ օգնեն մեր գյուղերին»: «Ի՞նչ են տալիս գյուղացուն պաշտոնյաների գյուղեր այցելությունները» մեր հարցին Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը պատասխանեց. «Կարկուտն է շատանում, երաշտ է սկսվում, Սեւանն է դատարկվում, տո նույնիսկ Վերին Լարսն է փակվում, սրանք երեւի լավ չեն աղոթում»:



 



ՀԳ. Ի դեպ, ասում են, որ մարզպետներն Արգամիչի՝ գյուղ գնալու կարգադրությունից հետո սրտնեղել են. Երեւանից հյուրերը նրանց վրա թանկ են նստում: Աշխատանքային այցերը սովորաբար ավարտվում են ճոխ սեղաններով, իսկ ծախսն էլ մարզպետն է քաշում:



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]