Լրատվության բերանը որ փակեք, հո ժողովրդի բերանը չե՞ք փակի

Լրատվության բերանը որ փակեք, հո ժողովրդի բերանը չե՞ք փակի

Երեկ մեր օրաթերթը «ilur.am» կայքի հետ համատեղ վերաքննիչ բողոք ներկայացրեց, պահանջելով կասեցնել Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների դատավոր Գագիկ Խանդանյանի կայացրած որոշումը, որով ԶԼՄ-ները պարտավորվում են տեղեկատվության աղբյուր բացահայտել: Աղբյուրի բացահայտման որոշումը կայացվել է առանց մեր՝ լրագրողներիս մասնակցության: Մեզ փաստի առաջ են կանգնեցրել  փոստային ծառայության միջոցով: Անգամ փաստի առթիվ գործ հարուցելու մասին հրապարակավ չեն հայտնել: Հիշեցնենք, որ երկու լրատվամիջոցները նույն օրը՝ մայիսի 9-ին, մեկը մյուսից անկախ, հրապարակել էին անանուն աղբյուրներից ստացված տեղեկություններ Շիրակի ոստիկանապետ Նադարյանի եւ մարզիկներ Արթուր եւ Ռաֆայել Ալեքսանյանների միջեւ տեղի ունեցած վիճաբանության մասին, որի ընթացքում ոստիկանապետը զենք է պահել տղաների վրա, հարվածել նրանց՝ մարմնական վնասվածքներ հասցնելով:



 



Մարդկանց, գյումրեցիներին հատկապես անտարբեր չի թողել ազատ մամուլի դեմ այս հարձակումը: Երեկ բազմաթիվ արձագանքներ ստացանք Գյումրիից: Մի մասը մեղադրում էր Ալեքսանյան եղբայրներին, որոնք, այդ քաղաքի պարծանքը հանդիսանալով, ընկրկել են բարձրաստիճան իրավապահների առաջ եւ լռել, հնարավորություն տալով կոծկել միջադեպը: «Ամոթ է, փոխանակ սպորտսմենը խոսի, նրա տեղը դատախազությունն է խոսում, լրատվությանն էլ դատի են տալիս,- մեկնաբանում է ընթերցողներից մեկը։- Այդ մի միջոցն է մնացել, որին մարդիկ օգնության են կանչում, դրա բերանն է՞լ են ուզում փակել»: Մյուսները, մտնելով մարզիկների վիճակի մեջ, զայրացած էին դատախազության պահվածքից՝ հույս դնելով Եվրոպայի վրա, որը չպետք է հանդուրժի աղբյուրի բացահայտման նախադեպի ստեղծում. «Փաստորեն, դատախազն սկսել է մամուլը լռեցնելու անհեռանկար գործը: Այդտեղ էլ երկիրը խայտառակեք՝ պրծնենք: Կամ՝ լրատվության բերանը որ փակեք, հո ժողովրդի բերանը չե՞ք փակի»: Իսկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանն անգամ առաջարկեց իրեն նշել որպես տեղեկատվության աղբյուր։ «Ես եմ էդ տեղեկությունները հաղորդել «Հրապարակին», դատարանին քշեք՝ գա էս կողմ»,- գրեց նա ՖԲ-ում: Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ աղբյուրի բացահայտման վերաբերյալ դատական որոշումը, եւ որքանո՞վ է այն օրինական: Այս հարցն ուղղեցինք ՀԱԿ իրավաբան Արմեն Խաչատրյանին, որը լիազորված է ներկայացնել լրատվամիջոցներին դատաքննության ժամանակ եւ աշխատելու է փաստաբան Արտակ Զեյնալյանի հետ: «Այս քայլն ուղղված է ոչ թե ճշմարտության բացահայտմանը,- ասաց իրավաբանը,- այլ ուղղված է մամուլի դեմ:



 



Միջադեպը թեեւ հնչեղություն ունեցավ, բայց լրատվամիջոցին աղբյուրի բացահայտում պարտադրելու համար պետք է որ այդ բացահայտումն առնչվի  հասարակության քրեաիրավական կենսական շահին: Այսինքն, աղբյուրի բացահայտումն ավելի շատ պետք է նպաստի հասարակական շահին, քան դրա գաղտնիության պահպանումը: Ակնհայտ է, որ այս դեպքի հետ կապված բացահայտումը չի կարող կենսական շահին նպաստել: Մենք դատական ակտից չենք հասկանում, թե արդյո՞ք քննչական մարմինն սպառել է բոլոր այլընտրանքային միջոցները՝ հանցագործությունը բացահայտելու: Որպեսզի մենք իմանայինք այդ մասին, լրատվամիջոցը պետք է մասնակցեր քննությանը: Նա պետք է վստահ լինի, որ այլեւս այլ ճար չկա ճշմարտությունը բացահայտելու, եւ, որպես վերջին  աղբյուր, մնում է նրա՝ լրագրողի աղբյուրը, ինչն այս դեպքում չի արվել»:



 



Ըստ իրավաբանի, հոդվածը, որով հարուցված է քրեական գործը՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով, ֆորմալ մտնում է ծանր հանցագործությունների մեջ, քանի որ ենթադրում է  2-6 տարի (այսինքն՝ 5 տարուց ավելի) ազատազրկում: Բայց եթե կատարված արարքը պետք է լիներ այնպիսին, որ կատարողին պետք է առավելագույն պատժի դատապարտեն, նշանակում է, նա պետք է արդեն կասկածյալ կամ մեղադրյալ լիներ: «Բայց պաշտոնյան, որը, ըստ մամուլի, կատարել է արարքը, ոչ միայն շարունակում է մնալ ազատության մեջ, այլեւ պաշտոնավարել որպես իրավապահ համակարգի ղեկավար՝ Գյումրիի ոստիկանապետ: Այստեղ խոսել հասարակության քրեաիրավական կենսական շահի մասին, առնվազն ծիծաղելի է»,- եզրակացրեց իրավաբանը: Սա առաջին դեպքն է նորանկախ Հայաստանի պատմության մեջ, երբ ԶԼՄ-ներին դատական կարգով պարտադրում են աղբյուր բացահայտել: Նմանատիպ դատավարություն, սակայն ոչ լրատվամիջոցների նկատմամբ, եղել է նախագահ Քոչարյանի պաշտոնավարման առաջին շրջանում: Պողոս Պողոսյանի սպանության գործով դատաքննության դրվագներից մեկով հանգուցյալի եղբայրը պահանջեց լրագրող Լիլիթ Սեյրանյանից աղբյուրի բացահայտում: Զարմանալիորեն, դատարանն այդ գործով մերժեց նրա միջնորդությունը: Համարելով, որ սա զրպարտանքի տարր է, դատարանը պարտադրեց լրագրողին հերքում տալ: Բայց անգամ այդ դաժան ժամանակաշրջանում, մի գործով, որն առնչվում էր նախագահի թիկնապահին, դատարանն անկախություն դրսեւորեց եւ մերժեց դիմողի պահանջը, պաշտպանելով աղբյուրի գաղտնիությունը: 



 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ