Վստահ եմ, որ մեր ընդդիմությունը ժամանակի ընթացքում համախմբվելու է մեզ հետ

Վստահ եմ, որ մեր ընդդիմությունը ժամանակի  ընթացքում համախմբվելու է մեզ հետ

Պատերազմի վտանգի թուլացմանը զուգահեռ, արդեն իսկ ակտիվացել են աշունը թեժ դարձնելու մասին ոչ իշխանականների հայտարարությունները, որոնցով, ամենայն հավանականությամբ, փորձում են իշխանություններին հետ բերել սահմաններից ու նրանց ուշադրությունը սեւեռել իրենց 12 կետանոց պահանջագրի վրա: Հիշեցնենք, որ դրա չկատարման դեպքում վերջնաժամկետ են սահմանել եւ հոկտեմբերի սկզբին իշխանությունների հրաժարականի պահանջով հանրահավաքների շարք են սկսելու: Մինչդեռ իշխանության ներկայացուցիչները մտահոգված չեն ոչ իշխանականների զգուշացումներից: «Ընդդիմություն է, այլ բան չէր էլ կարող անել»,- մեզ հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը:




- Այնուամենայնիվ, ի՞նչն է խանգարում ընդառաջ գնալ քառյակի պահանջներին, հատկապես, որ ի սկզբանե՝ պահանջների հրապարակման օրը, ՀՀԿ-ական պատգամավորներից շատերը ցնծության մեջ էին, քանի որ դրանցից շատերն ընդգրկված են կառավարության ծրագրում, ասել է թե՝ ընդդիմադիրների ուզածը մեծ բան չէ:




- 12 կետերի մասին մենք բազմիցս ենք խոսել եւ այսօր էլ նույն դիրքորոշումն ենք հայտնում, կարծում եմ՝ եւ մեր դիրքորոշման մեջ, եւ իրենց դիրքորոշման մեջ որեւէ բան չի փոխվել, ավելացնելու բան չունենք:




- Այսի՞նքն:




- Այսինքն՝ այդ կետերի մի մասն ընդգրկված է կառավարության ծրագրում, եւ, հետեւաբար, այդ ոչ իշխանականների մի մասն ընդամենը ընդդիմադիր երեւալու խնդիր է լուծում, այսինքն՝ մի մասն էլ շատ կարեւոր է, եւ շատ ուրախ ենք, որ ընդդիմադիրները կարողանում են կառավարության առջեւ խնդիր դնել:




- Կառավարությունը, սակայն, չի կատարում իր առջեւ ընդդիմության կողմից դրված խնդիրները, իսկ նրանք հայտարարում են, որ հետեւողական են լինելու իրենց պահանջներին եւ վերջնարդյունք չունենալու ժամանակ իշխանությունների հրաժարականի պահանջ են բարձրացնելու ու դրան հասնելու են լայն զանգվածների կոնսոլիդացման՝ հանրահավաքներ հրավիրելու ճանապարհով:




- Դա իրենց խնդիրն է, իրենք իրենց ռազմավարությունն ու մարտավարությունն ունեն, մենք՝ մեր: Ես հասկանում եմ, որ մեկ անգամ հետաձգած իրենց հանրահավաքի համար պետք է որոշակի հող նախապատրաստվի, աուրա, տպավորություն, կարծիք, որպեսզի կարողանան այդ հանրահավաքը կազմակերպել, եւ այն հուժկու հանրահավաքը, ինչի մասին խոսում էին, իրականություն դարձնեին: Հասկանում ենք՝ ընդդիմադիր են, պետք է խոսեն, ասեն, որեւէ խնդիր չկա, բայց որոշ ընդդիմադիրների խորհուրդ կտամ այդ կոմպլեքսներից ազատվել:



Իշխանությունը խնդիր չի տեսնում եւ լավ ծրագրերի շուրջ համագործակցում է:




- Ինչո՞ւ եք այդքան վստահ, որ ոչ իշխանականներն այս անգամ էլ միայն խոսքով կբավարարվեն եւ իրականություն չեն դարձնի իշխանափոխության մասին իրենց հայտարարությունները, ի վերջո, գնալով վիճակը վատանում է ավելի:




- Ես ընդամենը ասացի, որ ընդդիմադիր լինելը ենթադրում է որոշակի տոնայնություն, հայտարարություն, որ այսպես ենք անելու, այնպես ենք անելու, որը տեղավորվում է դասական քաղաքականության ընդդիմադիր հատվածի մեջ, մնացածն արդեն տեխնիկայի խնդիր է, եթե կկարողանան իրականացնել կամ իսկապես խնդիրները բարձրացնել, որ իրականում գոյություն ունեն, շատ ավելի լավ կլինի:




- Իրենք իշխանափոխության մասին են խոսում, դա լա՞վ կլինի:




- Ասենք, ընդդիմությունը էլ ի՞նչ պիտի ասեր բա:




- Շատ հետաքրքիր է՝ ինչո՞ւ եք կասկածում, որ միայն ասելով կփակվի գործը…




- Ես չեմ կասկածում, ուղղակի վստահ եմ մեզ վրա, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, մեր այն ծրագրերը, որոնց մասին ասել ենք, ժամանակի ընթացքում կյանքի են կոչվելու, եւ վստահ եմ, որ մեր ընդդիմությունն էլ գալու է եւ ժամանակի ընթացքում համախմբվելու է:




- Բայց անգամ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որի կապը ոչ իշխանականների մի մասի հետ հայտնի է, չի կատարում իր խոստումները: Հենց նա էր խնդրել ընդդիմադիրներին իրեն ժամանակ տալ աշխատելու, բայց նախօրեին հայտարարեց, որ կախարդական փայտիկ չունի, եւ խոստումները կկատարվեն ժամանակի ընթացքում, այլ ոչ թե մինչեւ այն ժամկետը, որի մասին հայտարարվել է:




- Որեւիցե մի երկրում՝ լինի դա Սինգապուրի պես պետություն, մի ակնթարթում չի կարող իրականացնել բարեփոխումներ, դրանք ժամանակի մեջ հաստատական քայլերի արդյունք պետք է լինեն, իսկ եթե այդ ընդդիմադիրների մեջ մեկը կա, որ կարող է մեկ օրում վերացնել, ես կարծում եմ՝ դա իրատեսական չէ:




Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
[email protected]