Հովիկ Աբրահամյանը զայրույթ էր բեմադրում

Հովիկ Աբրահամյանը զայրույթ էր բեմադրում

Կառավարության երեկվա նիստի արտառոց հատվածը Հովիկ Աբրահամյանի բեմադրած զայրույթն էր: Նա մուննաթով ցուցումներ էր տալիս ենթականերին, վերջիններս էլ վախվորած էին եւ նվաղ ձայներով զեկուցում էին իրենց ոլորտի հարցերը: Նախ՝ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հիշեցրեց, թե ինչի համար է ինքը կոչված նախարարությունում, ապա Արմեն Աշոտյանին ագրեսիվ ցուցումներ տվեց, որ դպրոցում ամեն ինչ կարգի հրավիրեն ու պատշաճ դիմավորեն սեպտեմբերի 1-ին դպրոց այցելող ոչ թե երեխաներին, այլ նախարարներին:



Հատուկ բեմադրված դրվագներից էր իր մտերիմ ու գաղափարակից Գագիկ Բեգլարյանի ղեկավարած գերատեսչությանն ուղղված նախատինքը: Երբ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ներկայացրեց որոշման նախագիծը, համաձայն որի՝ Վազաշեն-Պառավաքար ճանապարհի կառուցումն իրականացնող «Իջեւան ՃՇՇ» ընկերության հետ պայմանագիրը հարկավոր է լուծել եւ կնքել մեկ այլ ընկերության հետ, ինչպես նաեւ որոշման նախագծով նախատեսվում է գումարի ավելացում, Աբրահամյանը, իբր լուրջ մտահոգված, դիմեց փոխնախարարին. «Պետք է ձեր աշխատանքի ոճը փոխեք: Չի կարելի մարդկանց պարտադրել, որ այսքան գումարով պետք է ճանապարհ կառուցեք: Նախագիծ կա, նախագծողներ կան, որոնք գնահատում են. դրանով պետք է ֆինանսավորեք: Հիմա ո՞ւմ կարող եք համոզել, որ լրացուցիչ 55 մլն ՀՀ դրամն անհրաժեշտ է պայթեցումների հետեւանքով ի հայտ եկած գրունտի տարբեր կատեգորիաների պատճառով»:




55 մլն դրամի մասին մտահոգությունը հիշեցրեց իր, ապա եւ ԱԺ ղեկավար Գալուստ Գրիգորիչի համար պետբյուջեից գնված թանկարժեք մեքենաների մասին: Նիստի ավարտից հետո լրագրողները շրջապատեցին ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին, եւ առաջին հարցը վերաբերում էր Գալուստ Սահակյանի թանկարժեք «ջիպին», «Դուք ուզում եք ասել, որ այն բոլոր պրոբլեմները, որ ունի Հայաստանի Հանրապետությունը, եթե այդ «ջիպ» մեքենան չգնեին, այդ պրոբլեմները կլուծվեի՞ն: Ես չեմ ուզենա համադրել, իսկ մեքենան ավելի թանկ կամ էժան առնելը միշտ էլ քննարկելի հարց է»: Մինչդեռ նման մեկնաբանության հեղինակը հակառակորդից գնդակոծված սահմանամերձ կիսադատարկ գյուղերի բնակիչների նյութական վնասը կառավարության կողմից մասնակի փոխհատուցելը նորմալ է համարում եւ վստահեցնում, որ լիարժեք փոխհատուցում չի լինում: Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի «նյարդային պոռթկումներին», ապա եւ ինքը, եւ Արմեն Աշոտյանը, եւ Արթուր Առաքելյանը ասացին՝ «աշխատանքային հարաբերություն է»:




Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
[email protected]