Խաշ ուտող ժողովուրդ ենք

Խաշ ուտող ժողովուրդ ենք

Զրույց ամերիկահայ գրող, դրամատուրգ Խորեն Արամունու հետ




- Դուք Ձեր վեպերում մշտապես մեր ժամանակի ցավոտ կողմերն եք շոշափում՝ ներկայացնելով մեր իրականությունը ինչպես Հայաստանում, ուր կրթություն եք ստացել, այնպես էլ Իրանի հայկական համայնքում, որտեղ ծնվել ու մեծացել եք, եւ հայաշատ Գլենդելում, ուր ապրում եք հիմա Դուք։ Փորձենք այդ ցավոտ կողմերը հակիրճ ներկայացնել, որոնք բնորոշ են մեզ։




- Իմ բոլոր հրատարակությունները, մինչեւ վերջին 4-5 գիրքը, արտագաղթած հայերի մասին են, նաեւ հայրենիքը թողած մյուս հայերի, որոնք տարիների ընթացքում, լինելով այդ խառնարանում, կորցնում են ազգությունը եւ դառնում ամերիկացի։ Սա իմ ժողովրդի խտացված ցավն է իմ մեջ, եւ այդ գրքերը վավերագրություններ են՝ համեմված գեղարվեստական շնչով։ Այս վերջին 50 տարում տարբեր երկրներից այն բոլոր հայերը, որ հավաքվել են Լոս Անջելեսում, եթե ուզում են իմանալ, թե ինչպես են ապրել, իմ գրքերը բավականին լավ աղբյուր են։ Իսկ վերջին գրքերս զուտ գեղարվեստական երկեր են, մեկը՝ «Խրամատից դուրս» վերնագրով, որ հիմնականում այն ազատամարտիկների մասին է, որոնք այստեղ անտեսված, արհամարհված են եղել իշխանությունների կողմից, սփյուռքում, ուր նույնպես մարդիկ հանուն իրենց բիզնեսի, շահերի օգտագործում են նրանց։ Նաեւ խոսվում է այն աղջիկների մասին, որոնց խաբելով բերում են Ամերիկա՝ ներքաշում, օգտագործում պոռնկություն մեջ։ Սա այն մասին է, որ խրամատից դուրս դեռ շարունակվում է պատերազմը։ Գրել եմ նաեւ «Գլենդել խաշաթաղ» զավեշտական գիրքը, որը թե Հայաստանում, թե Գլենդելում ապրող այն խաշ ուտող ու «ջիփ» քշող հայերի մասին է։ Նաեւ՝ թե Գլենդելում ինչպիսի այլանդակություններ են տեղի ունենում, որ մեր բոլոր ավանդական երեւույթներն օգտագործում են բիզնեսի համար, որտեղ ձեռնտու է՝ հայ են, որտեղ ձեռնտու չէ՝ ամերիկացի են։ Ամբողջը փողն է եւ կոչվում է «Խաշաթաղ», որովհետեւ եթե ամբողջ Գլենդելում ման գաս, բոլոր ռեստորանների վրա մեծ տառերով գրված է՝ «խաշ», խաշ ուտող ժողովուրդ ենք։ ԽԱՇ-ն էլ բնութագրել եմ՝ խռովարարների ազգային շարժում, այսինքն՝ այն մարդիկ, որ այստեղ խռովել են եւ ազգային շարժում են սկսել այնտեղ խաշ ուտելով։ Ոչինչ չեն անում Հայաստանի համար եւ իրենց արտագաղթելն արդարացնելու համար միայն քարկոծում են հայրենիքը։




- Անկախությունից հետո եկաք Հայաստան։ Մեր բոլորի երազը կատարվեց, բայց օր օրի հասկացանք, որ սա մեր երազի Հայաստանը չէ, եւ մենք ապրում ենք մեզանից, մեր երկրից դատարկ, սա մեր միջի օտարի տարածքն է, մեր միջից խլելով մեր հայրենիքը՝ դարձրեց իր փնթի տարածքը։ Սա՝ Հայաստանում բնակվողներիս հայացքով, փորձենք նաեւ սփյուռքահայի հայացքով քննել։ 



- Ես 1980 թվին եմ գնացել Հայաստանից եւ առաջին անգամ վերադարձել եմ 92-ին. արդեն հռչակված անկախություն ունեինք, եռագույնը ծածանվում էր, ճիշտ է՝ լույս չկար, ջուր չկար, բայց փողոցներով քայլում էի ու հրճվանքից լաց լինում, քանի որ վերջապես իրականացել էր մեր ժողովրդի 600 տարվա երազը։ Հետո եկա 96-ին, լիահույս էի, որ երկիրը կամաց-կամաց ոտքի է կանգնում, դեռ նոր են մարդկանց աչքերը բացվում, իսկ մենք շինարար ժողովուրդ ենք, ուր գնացել՝ շենացրել ենք, մեր երկիրն ինչո՞ւ չպետք է շենացնենք։ Հիմա ամեն տարի եմ գալիս, տարին 3-4 ամիս այստեղ եմ, բայց դժբախտաբար պետք է ասեմ, որ ինչպես իմ, այնպես էլ մյուսների հավատը, հույսը հօդս է ցնդել։ Չէի կարող պատկերացնել այսպիսի Հայաստան, վատատես չեմ, բայց ամբողջ ազգի տեսակը փոխվել է, եւ այս վերջին 25 տարում մի նոր տեսակ ձեւավորվեց, որը գալիս է չտեսությունից, այսինքն, ազատվելով սովետական շղթաներից, ուզում են ամեն ինչ ձեռք բերել մեկ օրվա ընթացքում։ Պատահական չէ. այսօր ասում են 10 հազար, բայց ես ասում եմ՝ 5 հազար բանտարկյալ ունենք Լոս Անջելեսում, որոնցից, համոզված եմ, 4 հազար 500-ը վերջին տարիներին Հայաստանից արտագաղթածներն են։ Իսկ 1915թ. մինչեւ 1985թ. ընդամենը 3 բանտարկյալ ենք ունեցել այնտեղ։ Նույն երեւույթն այնտեղ կա, որ ամեն ինչ ուզում են ձեռք բերել մեկ օրվա ընթացքում, եւ սա ստեղծեց մի երեւույթ, որ ժողովուրդն ինքն իրեն չի գտնում։ Հայն այստեղ մի կողմ է թողնված, ապրում են, բայց ոչ լիարժեք մարդ։ Սուտը, խաբեությունը, մեկը մեկին քցելը սովորական երեւույթ են եւ այստեղ, եւ այնտեղ։




- Անջրպետ կա այսօր եւ Հայաստանում ապրողներիս, եւ Հայաստանի ու դրսում ապրող հայերի մեջ, իրար չենք տեսնում, թեպետ նայում ենք նույն հայկական աչքերով, իրար չենք հասկանում, թեպետ խոսում ենք նույն լեզվով։ Իշխանությունները 20 տարի ամեն ինչ արեցին, որ մեր իրականության մեջ ստեղծվի Բաբելոնի աշտարակաշինության ժամանակը, երբ լեզուները խառնվեցին, առանց հասկանալու, որ այդ օտարացումն առաջին հերթին մեր ու իրենց միջեւ է։



- Այսօր 3-ից 1-ը, եթե ոչ 2-ը, ուզում է լքել Հայաստանը, երիտասարդությունը, բացառություններ կան, իհարկե, լավը չի տեսնում, ապրում է պահի տակ, ուսանողության թիվը բավականին պակասել է, որովհետեւ ապագա չկա։ Իշխանությունները դուռ չեն բացում երիտասարդության առջեւ, չկա այն ճեղքը, որ երիտասարդը տեսնի՝ այնտեղից լույս է թափանցում, թե մենք ուր ենք հասնելու, չգիտեմ։ Միակ հպարտությունս իմ բանակն է, չգիտեմ՝ ինչքան եմ ճանաչում, բայց կարողացել ենք սահմաններն ամուր պահող երիտասարդներ ունենալ բանակում, եթե սա էլ չլիներ, մենք կորած էինք բառիս բուն իմաստով։ Այնպես որ, այն խանդավառությունը, որ ես ունեի՝ անկախությունը մեզ կբերի մեծ ժամանակ, այլեւս չկա։ Մենք չկարողացանք օգտագործել այն ուժը, որ այսքան դարեր անց հող ենք ազատագրել եւ ոգեւորվել դրանով, մնալ ու շենացնել երկիրը։ Ի՞նչ եղավ, որ հանկարծ սկսեցին հայաստանցին ու ղարաբաղցին ատել միմյանց, ո՞վ փորեց այդ խրամատը մեր միջեւ։ Նույն խրամատն է Սփյուռքի հետ, ես ընկերներ ունեմ, որ դրսից եկել են այստեղ, ներդրումներ են անել, հրացանը պահել են գլխներին ու ասել՝ երեխա ունես, թող գնա։ Ես եթե պատմեմ, թե ինչեր արեցին իմ գլխին, ինչ այլանդակություններ, որպեսզի տունս ձեռքիցս առնեն, բայց ես պայքարեցի ու դիմակայեցի։ Այս երեւույթներն են, թե ինչու մեր տեսակը փոխվեց, ինչը պատճառ եղավ, չէ՞ որ մենք 88-94 թվականներն ապրեցինք իսկական հայի նման, մի բռունցք, լիարժեք հայ, եւ ինչ հաղթանակներ տոնեցինք։ Այսօր բռունցքը բացվել է, եւ անկախությունը բուռներիցս թռնում է։ Այսօր նորից ենք ընկել Ռուսաստանի փեշերը, չհասկանալով, որ մենք ամեն ինչ վաճառում ենք եւ, վաճառելով մեր տնտեսությունը, վաճառում ենք նաեւ մեր հոգին, հայի տեսակը, դառնում ենք ռուսի հպատակը։




- Ամեն ժամանակ նախ բնորոշվում է իր երիտասարդությամբ, որն իր մեջ վաղվա օրն է կրում՝ տալով կամ հույս, կամ անորոշություն։ Մի կողմից ունենք երիտասարդների առողջ տեսակ, որը պայքարում է եւ ուզում է իր երկրի տերը լինել, բայց մյուս կողմից էլ այս երկիրն իրենը չի զգում, հայացքն այլ աշխարհների է, քանի որ հողը դողում է եւ փլվում ոտքերի տակ՝ մեր միջի խալխի քառասմբակ դոփյունից. ցավոք, այդ մասը երիտասարդության ստվար զանգվածն է կազմում։




- Ես երիտասարդների հետ շատ եմ շփվում Հայաստանում, հրաշալի երիտասարդություն կա այստեղ, քաղաքացիական հասարակություն է ձեւավորվում, որն ինձ համար շատ-շատ ուրախալի է, եւ թափ է առնում՝ բարեբախտաբար։ Ես բավականին ցույցերի եմ մասնակցել երիտասարդների հետ, հիանալի երիտասարդություն կա, մի ջարդեք դրանց, հոգին մի կոտրեք, չեմ ուզում այդպես լինի, թողեք այդ երիտասարդները վայելեն անկախությունը, ապագա ստեղծեն։ Ինչո՞ւ են անում այս ամբողջը, ովքե՞ր են սրանք, չեմ կարողանում հասկանալ։ Սա է իմ այսօրվա ցավը։ Ես հույս ունեմ, որ այս երիտասարդությունը վաղը, մյուս օրը պիտի փոխարինի մեր, այսպես ասած, «հին գլուխ» սովետական շրջանի դաստիարակված եւ այդ մտայնությամբ մեծացած այն ղեկավարներին, որ այսօր գիտակցաբար թե ոչ գիտակցաբար, չգիտեմ, համենայնդեպս, սա մեծ մեղք է, որ գործում է մեր իշխանությունը, եւ Հայաստանը դատարկում են։ Թե ինչ նպատակներ է հետապնդում դա, ես չեմ հասկանում, չգիտեմ, քաղաքականության մեջ այնքան արհեստավարժ չեմ, որ ինձ թույլ տամ պատճառներն ասել, բայց հետեւանքն այն ցավն է, որ կոչվում է արտագաղթ։ Դատարան չկա բառիս բուն իմաստով, Լիսկայի տղան մեքենան քշում է մայթի վրայով՝ տուգանում, բաց են թողնում. հանցագործություն է կատարել, ինչո՞ւ պետք է միայն տուգանես եւ բաց թողնես։ Քանի՞ անգամ պետք է դատվեր այդ շփացած երեխան։ Միայն դա չէ, բժշկի են ծեծում, Սիրիայից եկած բժիշկը Թալինում մարդ է բուժում, եւ հանկարծ դուրս է գալիս, որ նրան ծեծողն իշխանության մերձավորն է։ Իսկ եթե ես սխալվեմ, տեղ չունեմ։ Ե՞րբ պետք է մենք դատարան ունենանք, ե՞րբ պետք է մեր իշխանավորները հասկանան, որ այդ դատարանը նաեւ իրենց երեխաների համար է։ Ինձ ցույց տուր մի իշխանավորի երեխա, որ սահմանն է պահում, չկա այդպիսի բան, նրանք այնտեղ շատ փափուկ պայմաններում են պահվում։



Այսօր եթե պատերազմ լինի, որեւէ սփյուռքահայ իր երեխային չի ուղարկի այստեղ, որովհետեւ հավատ չկա իշխանությունների նկատմամբ, այդ հավատն է կորել, եւ ժողովուրդն ապրում է պահի համար, վաղվա հույսը չկա։ Մեր ամբողջ ընտանիքով, հոգեբանությամբ Հայաստանի հետ ենք, բայց գալիս ենք՝ վանում են, ինչո՞ւ, մեր մեղքը ո՞րն է, ինչո՞ւ եք վանում մեզ, ինչո՞ւ չեք ուզում, որ ապրենք հայավարի։ Լավ բաներ էլ եմ տեսնում, բայց Աստված չանի, որ մի օր լսեմ, թե Սերժ Սարգսյանը գնաց, Սաշիկը դարձավ նախագահ։




Հուսիկ ԱՐԱ