Քաղաք և տոն

Քաղաք և տոն

Ինչքան փոքր է քաղաքը, այնքան երկար են ողջույնի խոսքերը:
«Ոսկե հորթը», Իլֆ եւ Պետրով



Քաղաքն ու տոնն ընդամենը անուններ են, որ կարող են չհամընկնել իրականության հետ եւ չասել այն, ինչի համար նշանակված են: Բայց դա էլ բավական է, որ մարդը քաղաքին եւ տոնին լուրջ վերաբերվի եւ այդ անունները տալիս ունենա որոշակի զգացողություններ:



Երբ ասում եմ տոն, պատկերացնում եմ քաղաք: Քաղաքի եւ տոնի նկատմամբ մարդու վերաբերմունքը նրա առողջության եւ, հակառակը, հիվանդության լավագույն նշանն է: Երբ Պլուտարքոսն ասում էր, որ չի լքի իր քաղաքը, որ այն ավելի չփոքրանա, նա երեւի ավելի շատ մտահոգվել է իր, քան հարազատ քաղաքի համար: Հույն բանաստեղծի՝ Կավաֆիսի նման նա պատկերացրել է, թե ինչպես է հարազատ քաղաքն իր հետեւից գողեգող գնացել, ինչպես է իր սիրտն օտար քաղաքում սառել, իսկ հայացքը հանդիպել միայն ավերակների, ինչպես է ուրիշ քաղաքում նայել նույն տներին, ինչպես է դանդաղ ծերացել նույն փողոցներում, ինչպես է զգացել, որ ոչ թե մի անկյուն է կորցրել, այլ աշխարհն ամբողջ:



Սկզբում քաղաքն է, հետո՝ տոնը: Որպեսզի տոնը կատարվի, պետք է քաղաք լինի, որ հետո լինի տոնակատարություն: Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի տոնակատարության ժամանակ Իլֆի եւ Պետրովի նշած ողջույնի խոսքերն իրոք երկար էին, բայց առավել ցցունը շատախոսությունն էր, արտիստների եւ հաղորդավարների անճանաչելիությունը, նրանց խոսքի չկապակցված նախադասությունները, բեմի մարդկանց եւ հանդիսատեսի չկապված ներկայությունը, մարդկային ոգեւորության աչք ծակող պակասը եւ, ընդհանրապես՝ մարդկանց պակասը:



Երեւանի հրապարակը անկախության ոչ մի տարեդարձի ժամանակ այսքան մարդաքիչ չի եղել, իսկ տոնակատարությունն էլ՝ այսքան անկազմակերպ: Տոնակատարություն չի եղել, որովհետեւ տոնը չի կատարվել: Իսկ գուցե քաղաք-մայրաքաղաք է՞լ չկա, այլ մնացել են միայն պայմանական սահմանները՝ անունները, որ բաժանում են Հայաստանի տարբեր քաղաքներն իրարից:



Երբ Հանրապետության հրապարակում տոնի՝ իբր թե թեժ պահին մի կես ժամ ներկա լինելուց հետո վերադարձանք տուն, հեռուստացույցով Անկախության տոնին նվիրված մի հաղորդում ավելի տոնական թվաց, քան այն, ինչ ապրել էինք րոպեներ առաջ: Իսկ Հ1-ի եթերում շոտլանդացի Ուիլյամ Ուոլլեսի մասին ֆիլմն էր՝ «Քաջ սիրտը», ով այն երկրի ազգային հերոսն էր, որը, ի տարբերություն մեզ, օրեր առաջ չանկախացավ:



Սեդա ՇԵԿՈՅԱՆ