Գյումրին ավերողը մշակույթի նախարարությունն է

Գյումրին ավերողը մշակույթի նախարարությունն է

Ի դեմս վերոհիշյալ նախարարության փոխնախարար Սամուելյանի՝ «հաջողությամբ» ավարտվեց Մինաս Ավետիսյանի որմնանկարների տեղափոխությունը՝ դրանք ստեղծման միջավայրից պոկելով ու տանելով «Զվարթնոց» օդանավակայան, արդյունքում բավարարելով Էռնեկյան-Տիգրան Սարգսյան զույգի քմահաճույքը:



Սա սկիզբն էր. հետո մեկը մյուսի հետեւից հայտնվեցին սույն տիկնոջ ստորագրությամբ դրական եզրակացություններ «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում գտնվող հուշարձանների քանդման, պատուհանները՝ դռների, դռները՝ դարպասների, դարպասները՝ ավտոտնակների փոփոխելու վերաբերյալ:



ՀՀ կառավարության 09.09. 2004թ. որոշմամբ հաստատվել է պետական ցուցակ՝ ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների վերաբերյալ, որտեղ Գյումրի քաղաքում հաշվառված է շուրջ 955 հուշարձան եւ 27 դամբարանադաշտ, գերեզմանոցներ, եկեղեցիներ, համալիրներ, որմնանկարներ եւ այլն: Արգելոց-թանգարան նշանակում է տարածք, որտեղ արժեքները միայն պահպանվելու են, լավագույն դեպքում վերականգնվելու են իրենց նախնական տեսքով:



Ահավասիկ իմ հարցումներից մեկի պատասխանը, որը վերաբերում է Աբովյան 244 հասցեում գտնվող պատմամշակութային բարձրարժեք կոթողին. մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը գրում է. «Ինչ վերաբերում է Աբովյան 244 հասցեում գտնվող «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ Գյումրիի մասնաճյուղի 1920թ. կառուցված վարչական շենքի վերակառուցմանը, տեղեկացնում ենք, որ այդ հարցը եւ դրա էսքիզային ու աշխատանքային նախագծերը քննարկվել են ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի 2011թ. ապրիլի 13-ի եւ 2011թ. օգոստոսի 10-ի նիստերում (խորհուրդը շենքի վերակառուցումը գտել է հնարավոր, եւ համաձայնեցվել է նախարարության հետ)»:



Հետաքրքիր է՝ տեղյա՞կ է արդյոք Ա. Սամուելյանը, թե ուր են անհետացել կառույցի գրանիտե աստիճանները, մարմարե սյուները, 4 մետրից ավելի բարձրություն ունեցող նախամուտքի, կամարակապ սրահների զարդաքանդակները եւ ձուլածո մետաղե բազրիքները, որոնք 2020 թվականին կդառնային 100 տարեկան: Այդ ամենն անհետացել է, փոխարենը հայտնվել են 1 մետր 80 սանտիմետր բարձրությամբ եւ 1 մետր 20 սանտիմետր լայնությամբ՝ հավաբուն հիշեցնող լամինատե արկղիկներ, որ մարդ մտնելուց իրեն գաճաճ ու նվաստ մարդուկ է զգում:
Այս կինը եթե մանկությունն անցկացրած լիներ քաղաքային միջավայրում, համոզված եմ՝ այսպիսի աններելի արարքներ իրեն թույլ չէր տա ի պաշտոնե:



Այսպիսի անակնկալները քաղաքի կենտրոնում դարձել են սովորական: Ռիժկովի ճեմափողոցի թիվ 3 շենքի մի հատվածում պատուհանը գտնվում է գետնի մակերեւույթից 2 մետր 20 սանտիմետր բարձրության վրա: Ոչ միայն Սամուելյանը, այլեւ սեյսմիկ ծառայություն կոչված կառույցը, ինչպես նաեւ տեղական եւ մարզային իշխանություններն իրենց դրական եզրակացությունները դակելուց առաջ այս տարածքի տեղազննություն կատարե՞լ են արդյոք, թե՞ ոչ, որ թույլատրել են սեփականատիրոջը ոչ միայն հիմնապատը խաթարել (արդեն երկու շարք քար պատուհանագոգի տակից հանված է), այլեւ 1,30 սմ լայնություն ունեցող մայթից 1,20 լայնքով եւ 8 մետրից ավելի երկարությամբ սպասարկման օբյեկտ կառուցել: Ճիշտ է՝ ճեմափողոցի առաջին հարկերն ի սկզբանե եղել են արհեստանոցներ եւ առեւտրի կետեր, որոնք այսօր էլ, որոշ վերափոխումներով, ծառայում են այդ նույն նպատակին, բայց 2 մետրանոց հիմնապատը քանդելու օրինակ այս փողոցը չի ունեցել:



ՀԳ. Մշակույթի նախարարին
Կարծում եմ՝ տեղյակ եք, որ Ձեր ղեկավարած կառույցը, որպես լիազոր մարմին, պարտավոր է հուշարձանների հետ կապված խնդիրները ներկայացնել կառավարություն՝ համաձայնեցման... Ձեր տեղակալը վարչարարության այս դրույթին, հավանաբար, ծանոթ չէ, ավելի ճիշտ՝ դա իրեն հետաքրքիր էլ չէ:



Հասմիկ
ՄԵԼՔՈՆՅԱՆ
Գյումրի