Հարաբերական անդորրը պահպանվում է հայոց բանակի ուժի շնորհիվ

Հարաբերական անդորրը պահպանվում է հայոց բանակի ուժի շնորհիվ

Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռը խոցելը ցույց տվեց, որ ամռանը սկիզբ առած միջնորդությունները որեւէ ազդեցություն չունեն Ադրբեջանի վրա: Այս միջադեպը հայ-ադրբեջանական հարաբերություններում լուրջ քաղաքական իրավիճակ փոխեց: Այս մասին այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:



«Բանակցային այն փուլը, որը սկսվեց Սոչիում՝ Պուտինի միջնորդությամբ ու ավարտվեց Փարիզում՝ Օլանդի միջնորդությամբ, դարձյալ ապարդյուն էր: Ֆրանսիայում կայացած վերջին հանդիպման ժամանակ անգամ Ադրբեջանը հայտարարեց, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, սակայն փակեց ցանկացած լուծման գալու հնարավորություն»,- ասաց նա` նշելով, որ միջազգային հանրությունը լուրջ ազդեցություն չունի Ադրբեջանի վրա, իսկ այս հարաբերական անդորրը պահպանվում է հայոց բանակի ուժի շնորհիվ:



Բանախոսը նշեց, որ Ադրբեջանը հայկական ուղղաթիռը խոցելու որոշում կայացրեց` նաև իր դեմ փողոց դուրս եկած քաղաքացիներին տարբեր հարցերից շեղելու համար: Քաղաքագետը նշեց նաեւ, որ ուղղաթիռի որոշ մասերի եւ օդաչուների դիերը դուրս բերելու ողջ գործողությունը իրականացրել են հատուկ ջոկատայինների չորս հոգանոց խումբ՝ օգտագործելով երեք օդային սարք, դրանցից մեկն առաջին անգամ է կիրառվել: Այդ գործողությունը բավականին երկար ժամանակ է նախապատրաստվել:



«Հայկական կողմը մշտապես պետք է զգոն լինի սահմանին և բարձրացնի բանակի պաշտպանունակությունը: Հակամարտությունը նոր ձեւ է ստացել, հատուկ ջոկատայինների հակամարտություն է սկսվել: Այս իրավիճակում շարունակական գործողություններ են լինելու թե Հայաստանի, թե Ադրբեջանի կողմից»,- ասաց նա:



Անդրադառնալով այն հարցին, որ Մինսկի խումբը ոչինչ չկարողացավ անել, եւ այժմ ինչ հետեւություններ կարելի է անել, Հ. Մելիք-Շահնազարյանը նշեց, որ հայկական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի բանակցային գործընթացը մնա Մինսկի խմբի ձեւաչափում.



«Հայաստանը փորձելու է Մինսկի խումբը միակ միջազգային օղակ պահպանել, այլ հարց է, թե ինչպես կպահի իրեն Ադրբեջանը, որովհետեւ վաղուց փորձում են կազմաքանդել այդ ձեւաչափը: Մեր նպատակն է եղել, որ Բաքուն չտեղափոխի հարցը այլ միջազգային կառույց, որոնք շատ ավելի անտեղյակ են հարցին և ավելի հեշտ կաշառվող: Իհարկե, Ադրբեջանը կցանկանար տեսնել Թուրքիայի և այլ երկրների մասնակցությունը հարցին, որոնք տնտեսական հետաքրքրվածություն ունեն այս տարածաշրջանում, որոնց հնարավոր կլինի ինչ-որ բան վաճառել: Բայց Մինսկի խմբի եռանախագահների վճռականությունն ու Հայաստանի ջանքերը թույլ կտան պահպանել այդ ձեւաչափը»,- ասաց նա: