Քաղաքական տարին թեժ էր բոլոր եղանակներին

Քաղաքական տարին թեժ էր բոլոր եղանակներին

Չնայած «թեժ աշնան» մասին ընդդիմության իրականություն չդարձած խոստումներին, անցնող տարին՝ 2014-ը, բավական թեժ էր բոլոր եղանակներին՝ լի քաղաքական ինտրիգներով, լարված պահերով, ուշագրավ դրվագներով, ձեռքբերումներով ու հիասթափություններով: Ի վերջո, երկրի կյանքում նշանակալից փոփոխություններ տեղի ունեցան. փոխվեցին պետության երկրորդ եւ երրորդ դեմքերը եւ նույնիսկ՝ ընդդիմությունը. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընդդիմության առաջնորդը գործող վարչապետի խնամին է: Քաղաքական համակարգի փոփոխությունները մեծ հաշվով չանդրադարձան հասարակության կյանքի վրա. իշխանությունը տապալելու ուղղությամբ ընդդիմության տարեմուտի խոստումները թեեւ ողջ տարին ապահովեցին քաղաքական թեժություն, բայց իշխանափոխության չհանգեցրին:



«Հաղթանակի» պատրանք



Քաղաքական տարին բարեհաջող մեկնարկ ունեցավ, խորհրդարանի երեք ընդդիմադիր ուժերն ու միակ այլընտրանքն «աչքալուսանք» տվեցին համատեղ գործելու իրենց պլանների մասին, իսկ ընդդիմադիր դաշտի «մերան» դարձավ կենսաթոշակային կուտակայինի մասին բազմաչարչար օրենքը: Սահմանադրական դատարանում չորս ամիս օրենքի հակասահմանադրականությունն «ապացուցելու» համար չորս ուժերն ու «Դեմ եմ»-ը պայքարը տեղափոխեցին փողոց: Հունվարի 18-ին Ազատության հրապարակը երկարատեւ ընդմիջումից հետո առաջին անգամ համատեղ պայքարի շնչով լցվեց: ՍԴ-ում գրանցած «հաղթանակը» եւ Գագիկ Հարությունյանի ձեւակերպումների ծուղակը ժամեր անց իրենց տարատեսակ մեկնաբանություններով բացահայտեցին հենց իշխանականները, իսկ արդեն վարչապետ դարձած Հովիկ Աբրահամյանի կաբինետը նախընտրեց «պարտադիրն առանց պարտադրանքի պարտադրելով» տարբերակը:



Տարվա ամոթները



Ընդդիմադիրները չէին հասցրել վայելել համատեղ «հաղթանակի» բերկրանքը, երբ նոր պայքարի օջախ բորբոքվեց, համացանցը ողողվեց Սերժ Սարգսյանի սեուլյան արկածների եւ ցողունաթերապիայի մասին լուսանկարներով: Ահռելի գումարներով իրականությունը փոխելու՝ երիտասարդանալու Սերժ Սարգսյանի փորձն իր ներգործությունը թողեց ընդդիմության վրա: Նոր եռանդով ու ավյունով լցված՝ համատեղ պայքարը գարնանային նստաշրջանի սկսվելուն պես տեղափոխեցին խորհրդարան, փակ, գաղտնի «սխոդկաների» ու իշխանության դեմ պայքարի առաջին նվաճումներն էլ եղան գազի հանձնաժողովի ստեղծումն ու հաշվիչ հանձնաժողովից հրաժարվելու փաստը: «Մեղսակից» ԲՀԿ-ի այրերի հարգանքի տուրքով Մարտի 1-ը հիշատակելու ամոթալի օրվանից եւ Տեր-Պետրոսյանի՝ Ծառուկյան-Իվանիշվիլի համեմատությունից հետո ընդունելով առաջին նախագահի «իրավահաջորդը» լինելու առաջարկը, Ծառուկյանն անմիջապես ու անձամբ խաղի մեջ մտավ՝ իշխանության դեմ պայքարի փուլում համագործակցելով անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:



Ընդդիմությունը մեռավ դեռ չծնված



ՀԱԿ առաջնորդի կողմից «հրաշալի քառյակ» մկրտված ոչ իշխանականների անդուլ պայքարն ուղղվեց իշխանության, բայց հատկապես կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանի դեմ, որի հետ Գագիկ Ծառուկյանի ու նրա խնամու անձնական լարված հարաբերությունների մասին բոլորը գիտեին: Չնայած «հրաշալիները» լեզու չգտան կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության շուրջ, բայց շաբաթը ուրբաթից շուտ եկավ, Սերժ Սարգսյանն ապրիլի առաջին օրերին Տիգրան Սարգսյանից ազատվեց՝ նրա դիմումի համաձայն: Տիգրան Սարգսյանի հեռանալուց եւ Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո տեւական ժամանակ ընդդիմությունը գործազուրկ դարձավ եւ հունիսին ասպարեզ վերադարձավ իշխանափոխության հետ քիչ աղերսներ ունեցող 12 հայտնի կետերով, արդեն ընդունած Հովիկ Աբրահամյանի համագործակցության ձեռքը (բացառությամբ ՀԱԿ-ի): ԱԺ նոր նախագահի ընտրությունների ժամանակ քառյակը ցույց տվեց, որ այլեւս սպառել է «ընդդիմադիր» կեցվածքն ու անցել է իր բնույթին խիստ հարազատ Հովիկ Աբրահամյանի ու Գալուստ Սահակյանի հետ սիրախաղերին: ԲՀԿ-ն չմիացավ մյուս գործընկերների բոյկոտին եւ կողմ քվեարկեց ոչ թե այդ պաշտոնում առաջադրված ընդդիմադիր Հրանտ Բագրատյանի, այլ Գալուստ Սահակյանի օգտին:



Չիրականացավ թեժ աշունն ու հարթակը զբաղված պահելու գերխնդիրը



Իշխանությանն ու հատկապես կառավարությանը 12 կետերը մինչեւ սեպտեմբերի վերջ չկատարելու դեպքում իշխանափոխությամբ սպառնացող քառյակն այդ ժամկետից հետո կազմաքանդվեց. իշխանության այս կամ այն պարագլխի հրաժարականի պահանջի վերաձեւումը սահմանադրական փոփոխությունների չեղարկման ու համակարգային փոփոխությունների Դաշնակցությանը հեռացրեց քառյակի շարքերից: Խոստացված թեժ աշունն ու ռեժիմի դեմ պայքարն ավարտվեցին երկու հանրահավաքով ու մեկ երթով, բայց հարթակում իշխանափոխության անուղղակի կոչերից հետո ոչ իշխանական բոլոր խմբակցությունները մեկ մարդու պես նեցուկ կանգնեցին Սերժ Սարգսյանի որոշմանն ու խորհրդարանում 2014թ. դեկտեմբերի 4-ին վավերացրին Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Քվեարկությունից հետո դահլիճում հնչեցին ծափեր, իսկ մի քանի տասնյակ հայ քաղաքացիներ, Ազգային ժողովի պատերից դուրս, դավաճանի պիտակ էին կպցնում այն պատգամավորներին, ովքեր «կողմ» էին քվեարկել:



Տարվա «բոցերը»



Էլ ինչ տարի, որ չլինեն քաղաքական «բոցեր»: Շարքը գլխավորում է ՕԵԿ-ի հարկադիր ընդդիմադիրացումը: 6 տարի շարունակ իշխանական կոալիցիայի մաս կազմած եւ իշխանական բարիքներից օգտված ՕԵԿ-ը Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու գիշերվանից հետո հանկարծ որոշեց նոր «քաղաքական կուրս» որդեգրել՝ վերադառնալ 2006-ի ելման դիրքին: Հետագա ամիսներին թեպետ ՕԵԿ-ը համառորեն փորձում է մտնել ընդդիմադիր կերպարի մեջ, սակայն երբ հերթը հասնում է իշխանափոխության կամ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին, ՕԵԿ-ի «բարոյականությունը» թույլ չի տալիս մասնակցել:
Բռնությունների եւ «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի անկեղծ ելույթներն ու խոստովանությունը օրեր շարունակ չէին իջնում հանրային քննարկման հարթակներից: «Արամ Մանուկյան, ինչի՞ էիր քրֆում: Ես ու Շմայսը քրֆենք՝ ջայնամ, բա դու ո՞ւր ես քրֆում, այ մարդ: Հիմա դու քֆուր տալը գիտես, չափալախն ուտում ես, պատասխան տալն էլ չգիտես»:
Մի անգամ էլ Սարոյանը ելույթ ունեցավ «Շրջանառության հարկի մասին». «Պարո՛ն նախագահ, արեք՝ էս մի անգամ էլ մի քննարկեք, արեք՝ էս էլ ժողովրդի սրտով անենք: Ի՞նչ եք քննարկելու էդքան, բերեք ոնց կար, ըտենց թողնենք, մարդիկ էթան-աշխատեն: Էլ ի՞նչ եք քննարկելու, հլը ասեք տենամ, ի՞նչ պտի խաբեք ժողովրդին: Բերեք, կակռազ սաղս նստած ենք, տղամարդավարի քվեարկենք, պրծցնենք»: