Հունվարի 20-ին կլինի՞ համատեղ որոշում

Հունվարի 20-ին կլինի՞ համատեղ որոշում

Գագիկ Ծառուկյանի հունվարի 20-ի խորհրդաժողովից սպասումները մեծ են ոչ իշխանական շրջանակներում եւ հատկապես քաղաքական արենայից դուրս մնացածների շարքերում, որոնք մինչեւ հրավեր ստանալն արդեն ինքնակամ հերթագրվել եւ «հավսար-զգաստ» վիճակում ԲՀԿ-ամերձ լրատվամիջոցներով հավաքին մասնակցելու իրենց պատրաստակամության մասին թախանձագին հայտարարություններ էին անում՝ համարելով այդ հավաքը «Հույսի ու հավատի խորհրդաժողով»:



Արդեն որոշված է, որ խորհրդաժողովը տեղի է ունենալու Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրանդ» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում, մեկնարկը՝ 12:00-ին: Ընթացքը երեք մասից կլինի՝ բացման խոսք, հարցուպատասխան Ծառուկյանի հետ. մասնակիցներն իրենց հուզող հարցերը կուղղեն ԲՀԿ առաջնորդին, ապա ելույթներ ու քննարկումներ՝ երկրում ստեղծված իրավիճակի եւ շարժման հետագա անելիքների վերաբերյալ: Խորհրդաժողովի աշխատանքների կազմակերպչական հարցերով զբաղվելու համար նույնիսկ կազմկոմիտե է ստեղծվել, որում ներգրավված են ԲՀԿ խմբակցության պատգամավորները: Հունվարի 10-ից հրավիրատոմսերն ուղարկվում են հասցեատերերին, հրավիրվել են մոտ մեկ տասնյակ ոչ իշխանական կուսակցություններ (Ժողովրդական կուսակցությունը, «Ազգային համաձայնությունը», Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Գառնիկ Իսագուլյանի «Ազգային անվտանգություն»-ը, Մովսես Շահվերդյանի ՀԱՍԿ-ը, Հովհաննես Հովհաննիսյանի լիբերալները եւ այլն), մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ, քաղաքագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:



Խորհրդաժողով գումարելու ԲՀԿ առաջնորդի նախաձեռնության մասին հայտնի դարձավ դեկտեմբերի վերջին, երբ երկու հանրահավաքից հետո եռյակը հարկադիր պարապուրդի մատնվեց, մեղադրանքներ «վաստակելով» համաժողովրդական շարժման գրասենյակներ ստեղծելու անվան տակ հանրահավաքային պայքարը դադարեցնելու համար: Այդ ժամանակ հայտարարվեց, որ Ծառուկյանը ցանկանում է խորհրդաժողովի ժամանակ լսել տարբեր քաղաքական ուժերի կարծիքներն ու միասնական որոշում կայացնել հետագա անելիքների վերաբերյալ: Մինչդեռ ԲՀԿ-ից դժվարանում էին պատասխանել՝ այդ օրը շարժման վերաբերյալ ճանապարհային քարտեզ կամ համատեղ որոշում կներկայացվի՞, թե՞ այն կթողնեն հետո:



Փոխարենը երեկ վերջնականապես հայտնի դարձավ Հայ ազգային կոնգրեսի չմասնակցության փաստը: Դեռ դեկտեմբերի 25-ին ՀԱԿ-ը հայտարարել էր, որ ԲՀԿ-ի հետ համագործակցում է երկկողմ կամ եռյակի ձեւաչափով, իսկ տասնյակ այլ կուսակցությունների հետ համատեղ այս հավաքը դուրս է այդ ձեւաչափից: ՀԱԿ-ի չմասնակցելու վերաբերյալ մամուլում հրապարակումներ եղան: Գրվեց, որ չեն ցանկանում ընդունել Ծառուկյանի լիդերությունը, ով առանց դաշնակիցների հետ քննարկելու է որոշել միայնակ խորհրդաժողով հրավիրել եւ նվաճել շարժման ու ընդդիմության առաջնորդի տիտղոսը: Եռյակի մյուս գործընկեր «Ժառանգության» մասնակցությունն էլ կապահովվի Արմեն Մարտիրոսյանի ու Ռուբեն Հակոբյանի տեսքով:



Ստեփան Դեմիրճյանի ՀԺ կուսակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը երեկ հայտնել է, որ հրավեր չեն ստացել ու չեն քննարկել մասնակցության հարցը: Տեղեկություններ կան, որ հրավերի դեպքում Դեմիրճյանը, այնուամենայնիվ, անձամբ չի մասնակցի՝ նա տերպետրոսյանական կողմնորոշման կողմնակից է եւ դժվար թե իր հարաբերությունները փչացնի առաջին նախագահի հետ՝ Ծառուկյանին հաճոյանալու համար: Չմասնակցելու մասին հայտարարել են նաեւ ՕԵԿ-ից: Մենք արդեն լսել ենք մի քանի կուսղեկավարների կարծիքները Ծառուկյանին ներկայացվելիք առաջարկների վերաբերյալ, օրինակ՝ Հովհաննես Հովհաննիսյանը կողմնակից է ավելի ռադիկալ քայլերի եւ հանրահավաքային շարժման շարունակությանը: Գրեթե նույն կարծիքին է Տիգրան Կարապետյանը, ով նաեւ մտադիր է այդ հավաքում բարձրացնել Ծառուկյանի լիդերության հարցը, որովհետեւ կարծում է, որ այդպես պատասխանատվությունը մեկ անձի վրա կընկնի, եւ մեկը մյուսի վրա չեն գցի:



Խորհրդաժողովի հավանական որոշ մասնակիցներ երեկ չցանկացան մեզ հետ կիսվել իրենց առաջարկներով, հորդորեցին մի քանի օր էլ սպասել, որովհետեւ իրենց համար էլ խորհրդաժողովի ֆորմատը դեռ լիովին հստակ չէ: «Առաքելություն» կուսակցությունը, օրինակ, հրավեր ստացել է, կուսակցության կոմիտեի անդամներից Մեսրոպ Առաքելյանը երեկ մեզ հետ զրույցում փոխանցեց, որ «մասնակցելու լուրջ խոչընդոտ չեն տեսնում», բայց ասաց, որ խորհրդաժողովի ձեւաչափն իրենց ծանոթ է այնքանով, որքանով մամուլն է ներկայացրել. «Շարժման հետագա անելիքների վերաբերյալ էլ մենք ոչ միայն ԲՀԿ-ի, այլեւ եռյակի մյուս ուժերի հետ հանդիպումների ժամանակ ենք ներկայացրել, եւ չկա այդպիսի առանձնահատուկ առաջարկ, ոչ միայն շարժման, այլեւ ընդհանրապես երկրի խնդիրների լուծման հետ կապված մեր մոտեցումներն ավելի համապարփակ կներկայացնենք առաջիկա մեր համագումարին»:



Ժողովին հրավիրված քաղաքագետ Էդվարդ Անտինյանը նույնպես տեղյակ չէ ընթացակարգին. «Ուստի չգիտեմ՝ ելույթ ունենալու հնարավորություն կունենա՞մ, թե՞ ոչ: Բայց համաժողովին կներկայանամ առաջարկություններով, ու եթե նման հնարավորություն ընձեռվի, կհնչեցնեմ դրանք»: Անտինյանի ակնկալիքները մեծ են այդ հավաքից, նա հույս ունի, որ հետագա զարգացումները կհանգեցնեն իշխանափոխության: