Եռյակը նորից միասնական է ու պայքարելու է իշխանափոխության համար

Եռյակը նորից միասնական է ու պայքարելու է իշխանափոխության համար

Վաճառականների մի քանի օր տեւած բողոքի ցույցերը երեկ ձմռան քնից հանեցին նաեւ ոչ իշխանական եռյակին, ու հերքվեցին նաեւ ՀԱԿ-ԲՀԿ ապագա ապահարզանի մասին կանխատեսումները: Խորհրդարանական ոչ իշխանական եռյակը երեկ այս տարվա առաջին համատեղ նիստը հրավիրեց ու խոստացավ առաջիկայում թեժ գործողություններ: Գագիկ Ծառուկյանի սեփական նախաձեռնությամբ խորհրդաժողով հրավիրելու լուրից հետո ՀԱԿ-ԲՀԿ հարաբերություններում լարվածության առաջին դրսեւորումը ՀԱԿ-ի բոյկոտն էր Ծառուկյանի կազմակերպած խորհրդաժողովին, պաշտոնական հիմնավորումը՝ ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ հարաբերվում է բացառապես երկկողմ կամ եռակողմ ֆորմատով, մինչդեռ, ոչ պաշտոնական արտահոսքի համաձայն, ՀԱԿ-ում խանդով են վերաբերվում իրենց դաշնակից, իրենց միջոցով ընդդիմադիր դաշտում հայտնված ԲՀԿ ղեկավարի միայնակ ու ինքնուրույն նախաձեռնությանը, որ դաշտում լիդերությունն ստանձնելու նպատակ էր հետապնդում:



Կողմերը մամուլի միջոցով հասցրին անգամ միմյանց սպառնալ. ՀԱԿ-ը՝ ԲՀԿ-ին լքելու, իսկ ԲՀԿ-ն՝ ՀԱԿ-ին տրամադրվող ֆինանսական հաշվետվությունը ջրի երես հանելու թեմայով: Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ, ու մինչ կկայանա Ծառուկյանի խորհրդաժողովը՝ հաստատելով ԲՀԿ-ի գերիշխանությունը եւ լուսանցք մղելով ՀԱԿ-ին, երկրում բորբոքվեց բողոքի հերթական օջախը, եւ այն տնօրինելու ոգեւորությունը նորից միավորեց եռյակին: ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչներ Արամ Մանուկյանի, Լեւոն Զուրաբյանի, Նաիրա Զոհրաբյանի, Ստեփան Մարգարյանի, Արմեն Մարտիրոսյանի եւ Ռուբիկ Հակոբյանի մասնակցությամբ դռնփակ նիստից հետո հյուրընկալող կողմը՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ եռյակի նիստի օրակարգում քննարկվել է 5 հարց:



Առաջինը հենց «Շրջանառության հարկի մասին» օրենքն է եղել, եւ եռյակը որոշել է փետրվարի 2-ին արտահերթ նիստ հրավիրել՝ օրենքում փոփոխություններ կատարելու համար: Ոչ իշխանականները երեկ երեկոյան արդեն վերցրել էին արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ ԱԺ ձեւաթուղթն ու գործի անցել:
«Այս պահին երեք քաղաքական ուժերի կողմից լիազորված եմ հայտարարելու, որ մենք կողմ ենք, աջակցում ենք քաղաքացիներին, ովքեր երրորդ օրն է՝ պահանջում են օրենքի կասեցում: Մենք առաջարկում ենք նաեւ հանդիպում կազմակերպել մինչեւ արտահերթ նիստը, որին մասնակցեն համապատասխան ոլորտի նախարարներ»,- հայտարարեց Ռուբեն Հակոբյանը:



Երկրորդ հարցը, որը քննարկվել է եռյակի նիստում, Գյումրիում տեղի ունեցած սպանության վերաբերյալ խորհրդարանական փակ լսումներ հրավիրելու անհրաժեշտության հարցն է եղել: «Մենք առաջարկում ենք փակ լսումներ: Կարեւոր է՝ փակ: Եթե հիշում եք, պետաիրավականի հարցերով մշտական հանձնաժողովի կողմից լսումներ կազմակերպվել էին, բայց հարցը նորմալ չէր քննարկվել: Մենք դեմ ենք, որ հարցի քննարկումը շոուի վերածվի, շահարկման թեմա դառնա, ու առաջարկում ենք լսումներ, որոնց պարտադիր պետք է մասնակցեն արտգործնախարարը, ոստիկանապետը, գլխավոր դատախազն ու ԱԱԾ ղեկավարը: Լսումներն առաջարկում ենք կազմակերպել ուրբաթ՝ փետրվարի 6-ին: Դիմելու ենք ԱԺ նախագահին, որպեսզի նա նախաձեռնի լսումները: Սա չափազանց կարեւոր հարց է, չենք ուզենա, որ հարցը մտնի քաղաքական ոլորտ: Կան հարցեր, որոնց մասին կարելի է խոսել միայն փակ ռեժիմով: Սա միայն իրավական հարց չէ, բավական լուրջ է, անվտանգության հարց է»: Հասկանալի է, որ Գյումրու ողբերգության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հարցում իշխանություններից ոչնչով չտարբերվող եռյակը կաշկանդված է Ռուսաստանի դեմ հրապարակավ հայտարարություններ անելուց:



Եռյակի օրակարգում շարունակում է մնալ նաեւ կառավարման ճգնաժամի մասին նախաձեռնությունը: Իսկ հանրահավաքներ անցկացնելու հարցը կքննարկվի առաջիկայում: «Այս պահին կարող եմ ասել, որ արտահերթ նիստ ենք հրավիրելու, ու դա կունենա իր շարունակությունը, եթե հանկարծ նիստը չգումարվի»,- նշեց Հակոբյանը: Իսկ հանրահավաքներ հրավիրելը կապվա՞ծ է «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնության հետ, Հակոբյանը դրական պատասխան տվեց. «Այո՛, եթե հետեւել եք, կա նաեւ պայմանավորվածություն, որ նախատեսվում է երեք քաղաքական ուժերի առաջնորդների հանդիպում»:



ԲՀԿ-ն, հանրահավաքներից խուսափելու պատրվակով, լծվել է միասնական շտաբների ձեւավորմանը, համաձա՞յն են արդյոք, որ հանրահավաքներ անցկացնեն, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Բոլոր նրանք, ովքեր ուզում են հակադրություն տեսնել այս հարցում, սխալվում են, որովհետեւ շտաբներն ու հանրահավաքները զուգահեռ գործընթաց են, լրացնում են մեկը մյուսին, եւ չպետք է հակադրել դրանք՝ մեկով բացառել մյուսը: Շտաբների ձեւավորումն արդյունավետ է եղել, իսկ հիմա եկել է երկուսի համադրման պահը: Առաջ չեմ ուզում ընկնել, ասել, որ առաջիկայում կհայտարարենք այդ մասին»: Հակոբյանը հիշեցրեց նաեւ, որ եռյակի իշխանափոխության պահանջն ուժի մեջ է. «Միշտ է եղել»: