Բալասանյանը հանդիպում-քննարկման է հրավիրել ծնունդով շիրակցի պատգամավորներին

Բալասանյանը հանդիպում-քննարկման է հրավիրել ծնունդով շիրակցի պատգամավորներին

Երեկ տեղեկացանք, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը փետրվարի 27-ին հանդիպում-քննարկման է հրավիրել Շիրակի մարզից ընտրված եւ ծնունդով շիրակցի պատգամավորներին՝ քննարկելու քաղաքի խնդիրները: Որքանով հասկանալի է հրավերին կից հայտարարությունից, թեման քաղաքի այն խնդիրներն են, որոնք հնարավոր չէ լուծել միայն տեղական ուժերով: Հետաքրքիր է ոչ այնքան քննարկման թեման, որքան հրավիրյալների շրջանակը: Երեք դիտարկում. հրավիրվել են ոչ միայն Գյումրու, այլեւ մարզի մյուս պատգամավորները, ինչը թերեւս բնական է՝ հաշվի առնելով այն, որ Գյումրին ավելին է, քան պարզապես մարզկենտրոնը:



Երկրորդ. հրավիրյալները ներկայացնում են ԱԺ ամբողջ քաղաքական ներկապնակը, սրանով ըստ ամենայնի շեշտվում է խնդրի վերկուսակցական ու վերքաղաքական բնույթը: Երրորդ. հրավիրվածների մեջ կան մարդիկ, որոնց հետ քաղաքապետի սառը կամ նույնիսկ վատ հարաբերությունների մասին բոլորին հայտնի է: Սա կարող է լինել քաղաքական մշակույթի մեջ նոր էլեմենտի ներմուծման օրինակ, ինչի կարիքն այսօր կա: Մնում է տեսնել, թե հանդիպումն ինչքանով ներկայացուցչական կլինի եւ ինչ արդյունք կտա: