Ի՞նչ արժե Գագիկ Ծառուկյանի մանդատը

Ի՞նչ արժե Գագիկ Ծառուկյանի մանդատը

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՄԻԱԿ խորհրդի անդամ Լեւոն Մարտիրոսյանը երկու ձեռքով պաշտպանում է նախագահ Սերժ Սարգսյանի հանձնառությունը՝ մաքրել քաղաքական դաշտն ապաքաղաքական տարրերից եւ տեղ բացել քաղաքական գործիչների համար: Այս մասին նա հայտարարել է ասուլիսում, հարցազրույցներում: «Կողմ եմ եւ ամբողջությամբ համամիտ եմ նախագահի մոտեցմանը, որ քաղաքական դաշտը պետք է մաքրել պատահական մարդկանցից: Դա միայն կնպաստի մեր պետության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: Այդ գործընթացը, իմ խորին համոզմամբ, արդեն սկսված է՝ բավական մեծ թվով գործարար պատգամավորներ արդեն իրենք էլ հասկանում են, որ Ազգային ժողովն իրենց տեղը չէ: Ինչքան երկար կտեւի այդ գործընթացը՝ ժամանակը ցույց կտա, բայց ինչքան շուտ, այնքան լավ»,- ասել է Մարտիրոսյանը:



Թվում է` արտառոց ոչինչ չկա Մարտիրոսյանի խոսքում: Մարդն ասում է այն, ինչ այսքան տարի, իսկ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից այսկողմ ամեն օր գրել ու ասել ենք, ցույց ենք տվել ու պախարակել այդ տգեղ, եթե չասենք՝ կործանարար երեւույթը. ախր «Այբ»-ը «Բեն»-ից չտարբերող, բիզնեսները զոքանչների եւ աներձագների անուններով գրանցած, նույնիսկ օրենսդիր մարմնի իրենց աշխատասենյակում բիզնեսով զբաղվող մարդիկ ի՞նչ գործ ունեն խորհրդարանում: Ավելին ենք ասել, հարց ենք բարձրացրել` արդյոք խորհրդարա՞նն է միակ տեղը, ուր սողոսկել են գործարարներն ու բիզնեսմենները: Կառավարությունում քանի՞ նախարար կա, որ բիզնես չունի, քանի՞ փոխնախարար ու վարչության պետ: Մի տեղ կարդացի, որ Հովիկ Աբրահամյանը, իբր, այնքան զբաղված է կառավարության գործերով, որ ամենամեծ ցանկության դեպքում էլ չի կարող բիզնեսով զբաղվել: Ինչ մեղք է մարդը: Տեսնես ի՞նչ է կատարվում նրա անտեր մնացած բիզնեսների հետ: Եկեք չմոռանանք, որ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, եւ ԱԺ մի քանի կուրյոզ երեւույթների վրա այսպես կենտրոնանալը կնշանակի նսեմացնել Սերժ Սարգսյանի` քաղաքական դաշտն ապաքաղաքականներից մաքրելու նախաձեռնողական մոտեցումները:



Մարտիրոսյանն իր հարցազրույցում ասում է` ինչքան շուտ ավարտվի այս գործընթացը, այնքան լավ: Ինչպես տեսնում ենք, նա շեշտադրումը կատարում է ժամանակի վրա` անտեսելով այն մեթոդներն ու սկզբունքները, որոնցով պետք է իրականացվի այս տարողունակ ծրագիրը: Մարտիրոսյանի կողմից սա լուրջ բացթողում է, եթե հաշվի առնենք, որ նա մի քաղաքական գործչի բազմաթիվ դասընթացների է մասնակցել: Նա իրավունք չուներ այսքան միակողմանի մոտենալու հարցին: Արդյոք քաղաքական դաշտն ապաքաղաքական էլեմենտներից մաքրելն այն գործընթա՞ցն է, որ Սերժ Սարգսյանը ոտքը գազին դրած կարող է իրականացնել, կամ Սերժ Սարգսյա՞նն է, որ պետք է իրականացնի այդպիսի մի գործընթաց, այն էլ ՀՀԿ խորհրդի նիստերով: Եվ վերջապես` ունի՞ ՀՀԿ-ն այն լիազորությունը, որ միանձնյա որոշի, թե ով է պիտանի քաղաքական դաշտի համար եւ ով` ոչ: Գուցե մի հատ էլ ՀՀԿ-ական հատուկ հանձնաժողո՞վ ստեղծեն, որպեսզի ջոկեն: Արագ` ընդ որում:



Գագիկ Ծառուկյանի փոխարեն` ես մանդատս կդնեի ու դուրս կգայի խորհրդարանից: Ինչքան շուտ, այնքան լավ: Դուրս կգայի ու կհայտարարեի` դե ձեզ տեսնեմ, ՀՀԿ-ական օլիգարխներ, ինչպես եք կատարում ձեր կուսակցության նախագահ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը: Ավելի մեծ գործ երկրի համար, քան սա է, Ծառուկյանը դժվար թե հետագայում կարողանա անել: Իսկ եթե Ծառուկյանի օրինակին հետեւեն նաեւ նրան հավատարիմ մյուս օլիգարխները, ապա պատկերն իդեալական կդառնա: Հետաքրքիր է, թե ինչ կսկսեն երգել ՀՀԿ ֆրակցիայի ապաքաղաքական դեմքերը` բիզնեսմեններից մինչեւ շոումեններ եւ գեներալներից մինչեւ ականջկտրողներ: Եվ կպարզվի անխուսափելիորեն, որ արագությունն այս գործում այն էֆեկտը չունի, եւ Սերժ Սարգսյանին ոգեւորելն ու շտապեցնելն էլ արջի ծառայություն է:



Եթե խնդիր է դրված այս էտապում ապաքաղաքական դեմքերից մաքրել առաջին հերթին խորհրդարանը, ապա ամենաարագը, թերեւս, ԱԺ-ն ցրելն է: Ինչ-որ տեղ դա նաեւ արդար կլինի, որովհետեւ այս ԱԺ-ում քիչ չեն լավ ծպտված գործարարները, որոնց գործարարությունը հաստատելն ուղղակի անհնար է: Օրինակ` Սամվել Ալեքսանյանի կամ Մհեր Սեդրակյանի վրա ինչպե՞ս հաստատես, որ գործարար են ու մանավանդ օլիգարխ: Ավաղ, Սերժ Սարգսյանը չի գնա նման քայլի, որովհետեւ երաշխիք չունի, որ ՀՀԿ-ին կհաջողվի այսպիսի միահեծան մեծամասնություն ստանալ նոր ԱԺ-ում:



ՀՀ իշխանություններին մնում է մեկ ճանապարհ` նորից փակել ԲՀԿ առաջնորդի հայտնի կնիքը եւ Գագիկ Ծառուկյանին խնդրել, որ նա առայժմ չհրաժարվի մանդատից ու մնա քաղաքականության մեջ, մինչեւ տեսնեն, թե ինչ են անում ու ինչպես, որպեսզի քաղաքական դաշտը մաքրեն, երիտհանրապետականների բնորոշմամբ, բոլոր տգետներից:
Իսկ 2017 թվականին ՀՀ քաղաքական ուժերին կհաջողվի՞ այնպիսի ցուցակներ ներկայացնել, որոնցում լինեն բացառապես քաղաքական դեմքեր: Պետք է հաշվի առնել, որ դա, հնարավոր է, լինի հենց այն խորհրդարանը, որով էլ կդրվի խորհրդարանական կառավարման համակարգի հիմնաքարը: Եթե այդ խորհրդարանում էլ բիոմասսա կուտակվի, ինչպես այսօրվա խորհրդարանում, մենք ոչ մի նոր բանի էլ ականատես չենք լինի:



Հետեւաբար, քաղաքական դաշտի մաքրության հարցում շահագրգիռ ուժերը, այդ թվում եւ ամենից առաջ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն պետք է լուրջ հետեւություններ անեն տեղի ունեցածից, որովհետեւ ոչ մեկի համար էլ հաճելի չէ, երբ ՀՀԿ խորհրդի հայտնի նիստի անցուդարձը որակվում է որպես հարձակում բացառապես Գագիկ Ծառուկյանի վրա:
Պետությունը պետություն է նաեւ նրանով, որ այդ պետության ղեկավարի համար բոլորն են հավասար, ու այնպես էլ չէ, որ ոմանք ավելի հավասար են: