Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի 4-րդ մասնակիցը Ստեֆանի Թոփալյանն է

Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի 4-րդ մասնակիցը Ստեֆանի Թոփալյանն է

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա Genealogy խմբով: Խմբի 6 մասնակիցներից չորրորդը ճապոնահայ երգչուհի Ստեֆանի Թոփալյանն է. նա ներկայացնում է Ասիա աշխարհամասը:



Այս մասին հայտնում են Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից։



Ավելի վաղ հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Genealogy խումբը համախմբելու է 1915-ին աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 արտիստներ են` իրենց 6 ճակատագրերով, բայց 1 պատմությամբ:



Խմբի առաջին մասնակիցը ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանն է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը, երկրորդ մասնակիցը ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանն է, երրորդը՝ Վահե Թիլբյանն Աֆրիկա աշխարհամասից:



Ներկայացվելիք երգի վերնագիրն է «Don’t deny» («Մի՛ ժխտիր»): Genealogy խմբի հինգերորդ մասնակցի անունը հայտնի կդառնա մարտի 3-ին: Նա կներկայացնի Ավստրալիա աշխարհամասը:



Մրցույթն այս տարի տեղի կունենա Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին և 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթին կմասնակցի 40 պետություն:


Ստեֆանի Թոփալյանը երգչուհի է, երգահան և դերասանուհի, որն այժմ բնակվում է Տոկիոյում: Երգչուհին Աոյամա Գակուին համալսարանի իրավագիտության բաժնի շրջանավարտ է: Շնորհված լինելով բնատուր արտիստիզմով՝ նա զգում էր, որ երգն է այն երազանքը, որի շուրջ կծավալի հետագա կյանքը: