Ընդդիմության «զոն» նայողը

Ընդդիմության «զոն» նայողը

Գողական ստրելկաների եւ ռազբորկաների մեր օրերում, երբ զուգահեռաբար եւ գրեթե նույնաբովանդակ ստրելկաներ ու ռազբորկաներ են ընթանում նաեւ քաղաքական դաշտում, անսպասելի ասոցացումներ են ծնվում, եւ մարդ խառնում է` ընդդիմության առաջնո՞րդ ասի, թե՞ ընդդիմադիր զոն նայող, ազդեցիկ քաղաքական գործի՞չ ասի, թե՞ քերոբ, օրենքով գո՞ղ ասի, թե՞ օրենսդիր:



Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթից հետո, մի քանի օր շարունակ, մենք ականատես էինք ոչ այնքան քաղաքական, որքան գողական կյանքի անցուդարձի: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ քաղաքական ուղղվածությամբ առանձնապես աչքի չընկան նաեւ նախագահի ելույթն ու կանյաչնիից ստացված պատասխանը, եթե համարենք, որ բացառապես ապաքաղաքական էին նշված ելույթների շուրջ երկու կողմից հնչած արձագանքները («հա, հենց Դոդի Գագո» կամ «ժողովրդի փողերը տարել, կազինոյում կրվել ա» ոճի մեջ), եթե ընդունենք, որ ամեն ինչ շատ արագ հարթվեց իրար տուն գնալ-գալով, ապա անհնար է պնդելը, թե Հայաստանում խորքային քաղաքական պրոցեսներ են ընթանում: Հակառակը` գուցե: Շատ ավելի հավանական է, որ այդ օրերին «իրար էին հագել» մաֆիայի երկու ընտանիք, որոնք վիճարկում էին առաջնայնության հարցը, որը շատ արագ հանգուցալուծվեց (եթե հանգուցալուծվեց) առավել ազդեցիկ երրորդ ընտանիքի միջամտությամբ:



Ինչ էր անում Լեւոն Տեր-Պետրոսյանն այս ամենի կենտրոնում: Նա զո՞հ է, թե՞ գլխավոր դերակատար, ավտարիտե՞տ, թե՞, այնուամենայնիվ, գողականների մեջ իրեն լավագույն կողմերով դրսեւորած մեկը, ում վստահել էին ընդդիմության զոնը նայողի բարձր կարգավիճակ: Մինչեւ 2012 թվականի ԱԺ ընտրությունները, երբ ԲՀԿ-ն բացահայտ կերպով հրաժարվեց կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, Տեր-Պետրոսյանը լավ էլ տիրություն էր անում ընդդիմադիր դաշտին, թեեւ չուներ արդեն 2008-2009-ի հմայքը: Ի՞նչն էր պատճառը, որ նա ընդդիմադիր դաշտում գրկաբաց ընդունեց ԲՀԿ-ին` իր առաջնորդով, եւ 2014-ին նրան հռչակեց ընդդիմության լիդեր ու շոգեքարշ: Տեր-Պետրոսյանը, հայտնի է, անասելի խանդով է վերաբերվում ընդդիմադիր նույնիսկ փոքրիկ կազմակերպությունների ակցիաներին, մինչդեռ ԲՀԿ-ի պարագայում ցուցաբերեց այսպիսի մեծահոգություն:



Ինչպե՞ս հասկանալ: Հավատաց ԲՀԿ-ի ընդդիմադիր արցունքների՞ն, հայ ժողովրդին մի քանի օրում փրկելու Ծառուկյանի խոստումների՞ն, քաղաքական փորձի պակա՞ս ուներ: Ոչ՝ իհարկե: Շատ ավելի հավանական է թվում, որ նա այս մեծ ռազբորկայում (մաֆիաների) հստակ առաջադրանք ու դերակատարություն է ունեցել, ինչն զգացվում է նաեւ թոհուբոհի էպիկենտրոնն արագ եւ կազմակերպված լքելու փաստից: Քաղաքական զինակցին թողնել այս անփառունակ իրավիճակում եւ երկու ամսով արձակուրդ գնալ կարող էր միայն հատուկ հանձնարարությամբ գործակալը, բայց ոչ երբեք քաղաքական հաշվարկներով առաջնորդվող մեծ գործիչը:



Հայտնի է, որ կենդանուն մորթելուց առաջ բտում են: Բտելու տեղ` քաղաքական գործչին, որպեսզի անկումը ցավալի լինի, բարձրացնում են որքան հնարավոր է, հզոր փողատիրոջ զգոնությունն են բթացնում, երբ ուզում են նրա ունեցվածքը բաժանել: Այս ճշմարտությունները ոչ ոք դեռ զանց չի առել: Խելոք մարդիկ (հատկապես ճարպիկները) կարողանում են շատ արագ կողմնորոշվել, իսկ ոչ այնքան խելացիները, սովորաբար, հայտնվում են բարձրացնողի, իրենց զգոնությունը թուլացնողի ճիրաններում: Գագիկ Ծառուկյանի պարագան դա է հուշում այսօր: Իսկ ո՞վ էր նրա գլխավոր խորհրդատուն, ո՞վ էր նրան այդպես բարձրացնողը, հրապարակներում ամբիոն հանողը, բովանդակալից ճառեր արտասանեցնողը, նրանից ազնիվ միլիարդատեր Իվանիշվիլի պատրաստողը, վերջապես՝ ո՞վ ստիպեց, որ Գագիկ Ծառուկյանը, ով գաղափար անգամ չուներ նույն համակարգի մեջ «իշխանափոխություն» հասկացությունից, որովհետեւ բոլոր երեք նախագահների ժամանակ էլ երջանիկ է եղել, արտասանի «իշխանափոխություն» բառը: Պատահաբար Լեւոն Տեր-Պետրոսյանը չէ՞ր այդ մարդը:



Կարող է հարց առաջանալ` իսկ ի՞նչ շահ ուներ նա Գագիկ Ծառուկյանից ընդդիմադիր դաշտը մաքրելու հարցում: Դա սխալ հարցադրում է, որովհետեւ Գագիկ Ծառուկյանն այդ դեպքում դառնում է ընդդիմադիր զոնը նայողի մրցակից, որին «քցել» են: Ավելի լավ է հարցն այսպես դնենք` արդյոք, Գագիկ Ծառուկյանին միտումնավո՞ր չբերեցին ընդդիմադիր զոն, որտեղ էլ չափից ավելի բարձրացրին ու բթացրին նրա զգոնությունը:
Լեւոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 10-ի հուժկու հանրահավաքում (դա Ազատության հրապարակի պատմության մեջ ամենազավեշտալի հանրահավաքն էր) ողջունեց Դաշնակցության չմասնակցելը, ասելով` իրենց որոշելիքն է: Դաշնակցության հեռանալը քառյակից ձեռնտու էր իրեն այն իմաստով, որ այլեւս ոչ ոք չէր խանգարելու ուղիղ կապով ԲՀԿ-ին «երակ մտնել»: Հաջորդ հանրահավաքին, եթե հիշում եք, հենց Տեր-Պետրոսյանի հայտարարությամբ Գագիկ Ծառուկյանի ելույթը հռչակվեց հանրահավաքի գլխավոր ելույթ, իսկ Գագիկ Ծառուկյանը` ընդդիմության շոգեքարշ:



Ե՞րբ հասցվեց գլխավոր հարվածը: Հօգուտ Գագիկ Ծառուկյանի պետք է ասել, որ նա այս ամենից վատ զգացողություններ, այնուամենայնիվ, ուներ եւ փորձում էր մնալ զգուշավորության սահմաններում: Նա դադարեցրեց հանրահավաքները, սկսեց մարզային կլուբներ բացել, բաց խորհրդաժողովներ կազմակերպել եւ այլն: Բայց ոմանց ձեռնտու չէր, որ Գագիկ Ծառուկյանն այդպես սահուն ու անվնաս դուրս գա հեղափոխական պատմուճանի միջից: Ամեն ինչ պետք է լիներ ցավոտ եւ հնարավորինս մեծ կորուստներով` ինչքի առումով:



Տեր-Պետրոսյանը, պատահաբար, չգիտի՞, թե ով է կանյաչնիից հնչած Գագիկ Ծառուկյանի պատասխան ելույթի հեղինակը: Ի դեպ, հենց այդ ելույթին էլ հաջորդեցին «քաղաքական» սխոդկաներն ու ռազբորկաները, իրար տուն գնալ-գալը, մինչեւ որ իր հաջորդ ելույթում Ծառուկյանը չեղյալ չհայտարարեց փետրվարի 20-ի հանրահավաքը:
Ինչո՞ւ այդ օրերին մոսկվաներից ժամանողները նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի տուն չգնացին կամ Լեւոն Տեր-Պետրոսյանին մասնակից չդարձրին այդ սխոդկաներին ու ռազբորկաներին: Բանն այն է, որ այս ողջ պատմության մեջ Լեւոն Տեր-Պետրոսյանը պարզապես հանձնարարություն կատարող է եղել, իսկ օպերացիան նախագծել եւ իրականացրել են բոլորովին այլ մարդիկ, ովքեր այսկերպ ճշտել են երկու մաֆիաների միջեւ դրված կարկանդակից իրենց չափաբաժինը:



Եվ ամփոփենք հետեւյալ հարցադրմամբ` Տեր-Պետրոսյանը կշարունակի՞ մնալ ընդդիմության զոն նայողի կարգավիճակում, թե՞ նրան, որպես շատ բան իմացողի, կուղարկեն աչքից հեռու, ծերությունը խաղաղ վայելելու: Մարտի 1-ի հանրահավաքում «վաղվա» ընդդիմության մասին հայտարարություններով Տեր-Պետրոսյանը որոշ ականջների լսեցրեց, որ ինքը տակավին մրցունակ է եւ դեռ կկարողանա ուսերին պահել ընդդիմության լիդերի, ուզում էինք ասել՝ «զոն նայողի» թիկնոցը: