Կիսով չափ հղի չի կարող լինել․ Հայաստանն ընտրել է ԵՏՄ-ն․ Բորիս Տարասյուկ

Կիսով չափ հղի չի կարող լինել․ Հայաստանն ընտրել է ԵՏՄ-ն․ Բորիս Տարասյուկ

Այսօր Հայաստանի Ազգային ժողովում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահների համատեղ ասուլիսի ժամանակ Hraparak.am-ը հետաքրքրվեց եվրոպացի համանախագահ պատվիրակներից, թե ինչպես են վերաբերվում Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը և արդյոք Հայաստանի հետ հնարավո՞ր է Եվրաասոցացման համաձայնագրի քաղաքական մասին ստորագրումը։ Նշենք, որ այս ուղղությամբ բանակցություններն ու խոսակցությունները վերջին շրջանում բավականին ակտիվացել են և եվրոպացիները կարծես թե դրական են տրամադրված այդ հարցում։



Ի պատասխան մեր հարցին՝ ֆինլանդացի համանախագահ Հայդի Հաուտալան բավականին դրական միտվածությամբ պատասխաններ տվեց՝ ընդգծելով, որ այսօր Եվորպական միության և Հայաստանի միջև կրկին բանակցություններ են ընթանում մեր նշած քաղաքական մասի ստորագրման ուղղությամբ։
Ի տարբերություն իր ֆինլանդացի գործընկերոջ՝ ուկրաինացի համանախագահ Բորիս Տարասյուկն ավելի կոշտ ու հստակ տեսակետ հայտնեց մեր բարձրացրած հարցի վերաբերյալ։



Նա ասաց, որ ինչ վերաբերում է ՀՀ ընտրությանը՝ կողմ լինել ԵՄ-ին թե ԵՏՄ-ին, ըստ իս՝ Հայաստանը ընտրել է ԵՏՄ-ն։ «Կիսով չափ հղի չի կարող լինել»,-ասաց նա։
Այնուհեըև նա ավելացրեց․ «Մենք՝ Ուկրաինայում, Բրյուսելից շատ հստակ ազդակներ ստացանք, որ եթե մենք ուզում ենք առևտրի համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ, ապա պետք է մոռանանք ԵՏՄ-ին անդամակցության մասին։ Իմ վերլուծությունները ցույց են տալիս հետևյալը, որ Հայաստանն ընտրել է ԵՏՄ-ն, և անհնար է լինել ԵՏՄ-ի մեջ ու, միաժամանակ, Եվրամիության ասոցացման համաձայնագիրը ստորագրել»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ