ՀՅԴ ներկայացուցիչները հյուրընկալվել են Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակում

ՀՅԴ ներկայացուցիչները հյուրընկալվել են Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակում

Այսօր՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչներ Աղվան Վարդանյանն ու Լիլիթ Գալստյանը հանդիպել են Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով նորանշանակ հանձնակատար Յոհաննես Հանին։



Հանձնակատարը ողջունելով հյուրերին, ցանկություն է հայտնել լսել նրանց տեսակետներն ու մոտեցումները երկրի ներքաղաքական կացության, եվրոպական հարևանության ձևաչափում նրանց սպասելիքների ու պատկերացումների ուղղությամբ։ Գոհունակություն հայտնելով հանդիպման հնարավորության համար, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը համառոտ ներկայացրել է կուսակցության քաղաքական օրակարգի տվյալ պահի հիմնական առաջնահերթություններից երկուսը՝ շեշտը դնելով սահմանադրական բարեփոխումների ՀՅԴ մոտեցումների, ինչպես նաև սոցիալ-տնտեսական քաղաքականության առնչությամբ կուսակցության սկզբունքային դիրքորոշումների վրա։



Աղվան Վարդանյանը կարևորել է նաև Եվրամիության դերակատարությունն ու աջակցությունը եվրոպական չափանիշներով ընտրական օրենսգրքի մշակման և համապատասխանաբար՝ ընտրությունների կազմակերպման գործում։ Վարդանյանը նաև լավատեսություն է հայտնել Ռիգայի գագաթաժողովում քաղաքական օրակարգով նոր մակարդակի բանակցություններ սկսելու ուղղությամբ։



Լիլիթ Գալստյանը, հնչեցնելով ՀՅԴ ծրագրային փաստաթղթերում ամրագրված Եվրոպական արժեքների հավատարմության իրողությունը, կարևորել է Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը՝ այն դիտելով որպես երկրում սոցիալական ու քաղաքացիական շինարարության կենսական հիմք, երկրում ժողովրդավարության խորացման ու ամրացման, արմատական փոփոխությունների գրավական։



Հանդիպման ավարտին Աղվան Վարդանյանն իր գոհունակությունն է հայտնել ԵՄ հանձնակատարին «Եվրանեսթի» լիագումարին մասնակցելու ու Հայաստանում եվրոպական շաբաթին իր կարևոր մասնակցությունը բերելու համար։



ՀՅԴ ԳՄ մամլո դիվան