ԵՄ-ն պուպուշ է, երբ փող է տալիս, կամ քաղաքականություն ըստ Խոսրովի

ԵՄ-ն պուպուշ է, երբ փող է տալիս, կամ քաղաքականություն ըստ Խոսրովի

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող 10 մլն եվրո վարկին, ասել է, որ Եվրոպական միությունն ընդամենն ուզում է իր վարկային ռեսուրսներով օգնել Հայաստանին, որ մենք կարողանաք մեր տրանսպորտային համակարգը կատարելագործել, ոտքի կանգնեցնել էներգետիկան, այդ թվում նաև՝ վերականգնվող էներգետիկան:

«ԵՄ-ն շահագրգռված է, որ իր սահմանների մոտ լինի կայուն վիճակ: Պատահական չէ, որ նրանք հետևում են Հայաստան-Վրաստան էներգետիկ փոխհարաբերությունների ձևավորմանը»,- ասել է Խոսրով Հարությունյանը:



Պատասխանելով հարցին, թե այդպիսով չի՞ ավելանում Հայաստանի արտաքին պարտը, պատգամավորը նշել է. «Եվրոպական միությունը մեր արտաքին պարտքով չի հետաքրքրվում: Դա մեր խնդիրն է, հետևաբար՝ ենթադրել, որ ԵՄ-ն մեզ պարտք է տալիս, որպեսզի վաղը մեզ թաղի, թույլ տվեք չհամաձայնել: Ի վերջո՝ մենք կարող ենք չվերցնել այդ պարտքը, ոչ ոք մեզ չի պարտադրում»:



«ԵՄ-ն այսպիսով ցույց է տալիս, որ մեզ գործընկեր է դիտում: Եթե նա մեզ գործընկեր չդիտեր, ապա ԵՄ ասոցացման համաձայնագրի ադապտացված տարբերակի վերաբերյալ բանակցությունները չէին շարունակվի: Սա մեկ անգամ ևս վկայեց այն մասին, որ հանրապետության Նախագահի կուրսը՝ ոչ թե կա՛մ,կա՛մ, այլ՝ և՛,և՛, արդարացված էր, և եվրոպական ընկերակցությունը ևս գիտակցեց, որ կա՛մ,կա՛մ -ն ապագա չունի: Ընդ որում՝ կա՛մ,կա՛մ -ն ավելի շատ վնասեց եվրոպացիներին»,- նկատել է Խոսրով Հարությունյանը: