Անլուրջ մոտեցում

Անլուրջ մոտեցում

Երբ ՀՀԿ շարքային անդամները, տարբեր մակարդակի պետական ծառայողներն ասում են. չենք կողմնորոշվել՝ պառլամենտակա՞ն կառավարումն է լավ, թե՞ նախագահական, հասկանալի է, որ սպասում են հանրապետության նախագահի վերջնական խոսքին: Նրա կարծիքով են պայմանավորում իրենց ասելիքը: Բայց երբ թեական կարծիք են հայտնում Սահմանադրության փոփոխությունները մշակող մասնագիտական հանձնաժողովի անդամները եւ անգամ ինքը՝ ՀՀ նախագահը, ոչ մի կերպ հնարավոր չէ հասկանալ: Այսինքն՝ այսպես թեական, մտահոգված ու անվստահ էլ պետք է նոր Սահմանադրությո՞ւն ընդունենք: Իսկ Սահմանադրությունը մի՞թե մի քանի հազար դրամանոց շոր է, որ եթե պարզվի՝ որակյալ չէ, դեն կշպրտենք եւ կշարունակենք ապրել այնպես, կարծես այն չի էլ եղել: Իսկ եթե այս մեծամասշտաբ «էքսպերիմենտը» ոչ միայն ձախողվի, այլեւ կործանարար հետեւանքներ ունենա՞: Այնպես, ինչպես կանխատեսում են պառլամենտական համակարգին կտրականապես դեմ արտահայտվողները: Ասենք՝ երկիրը մտնի երկարատեւ ցնցումների փուլ: Կամ՝ այնպիսի ճգնաժամային իրավիճակ ստեղծվի, որ հնարավոր չլինի կառավարություն ձեւավորել, երկրի բնականոն կենսագործունեությունն ապահովել: Այդ դեպքում ի՞նչ են անելու այսօր «մտահոգություններ» արտահայտողները՝ Սահմանադրության հայրերն ու անցկացնողները: Ասելու են՝ սխալվե՞լ ենք, կամ, ավելի շուտ՝ մեր մտահոգությունները հիմնավոր էին, այս ու այն հաշվի չէի՞նք առել: Հետո՞: Կրկին վերադառնալու ենք նախկին Սահմանադրությա՞նը, թե՞ սկսվելու է նոր Սահմանադրություն մշակելու փուլ՝ նոր հանձնաժողովով, նոր քննարկումներով, նոր հանդիպումներով: Մի տեսակ անպատասխանատու ու մակերեսային մոտեցում կա երկրի գլխավոր փաստաթղթի նկատմամբ: Կարծես ոչ թե Սահմանադրություն, այլ նորաձեւության կատալոգ ենք ընդունում: