Սպասում են Րաֆֆիին

Սպասում են Րաֆֆիին

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի «ընտանեկան» այցն ԱՄՆ դեռեւս չի ավարտվել, նա դեռ չի վերադարձել Հայաստան ու այսօր էլ ներկա չի լինի Ազատության հրապարակում իր հրավիրած «հանրային հանդիպմանը»: Մինչդեռ, երբ այս ամսվա սկզբին հայտարարեց նման հանդիպումներ սկսելու մասին եւ մարզային ու մայրաքաղաքային հանդիպումների օրացույց հրապարակեց, նախատեսվում էր ամեն ուրբաթ հանդիպում կազմակերպել Ազատության հրապարակում: Բայց մեկ-երկու հանդիպումից հետո «Ժառանգության» առաջնորդն անհետաձգելի այցով մեկնեց ԱՄՆ: Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը երեկ մեր լրագրողին փոխանցել է, որ դեռ հայտնի չէ, թե երբ է նա վերադառնալու: Մարտիրոսյանը հրաժարվել է «գաղտնազերծել», թե ով է Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր փոխարինելու Ազատության հրապարակում: Ամենայն հավանականությամբ, Րաֆֆիի «գործը» կշարունակեն Զարուհի Փոստանջյանը, մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը, վարչության 1-2 անդամ, որոնք չտապալեցին նաեւ կուսակցության ղեկավարի անցած շաբաթ նշանակված վանաձորյան հանդիպումները: «Ժառանգությունում» անհամբեր սպասում են Հովհաննիսյանի վերադարձին, որ վարչության նիստ հրավիրեն ու քննարկեն ներկուսակցական հարցերը, այդ թվում՝ կուսակցականների լարված հարաբերությունները՝ կապված նախագահի նստավայր կատարած այցի հետ: Նկատենք, որ մասնակցողներն ու նրանց քննադատողները միանգամայն տարբեր բաներ են ասում. Ռուբեն Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը փոխանցում են, թե վարչությունը դեմ է եղել միայն տարբեր ուժերի հետ ընդհանուր ֆորմատով հանդիպմանը, իսկ Զ. Փոստանջյանն ասում է, որ առհասարակ դեմ են եղել որեւէ հանդիպման: Հանդիպման գնացողները որոշել են գնալ եւ առավել ընդգրկուն ներկայացնել կուսակցության պահանջներն ու մոտեցումները: