«Ժառանգության» «խռոված» հանրահավաքը

«Ժառանգության» «խռոված» հանրահավաքը

Ազատության հրապարակի մի կողմում կանգնած էին Զարուհի Փոստանջյանն ու Դավիթ Սանասարյանը, որոնք միասնության կոչեր էին անում, նրանցից մի քիչ հեռու ծխում էր Արմեն Մարտիրոսյանը: «Ժողովուրդը մեկ պահանջ է դնում մեր առջեւ, այնպես անել, որ տեղի ունենա համակարգային իշխանափոխություն, եւ օրինական կարգեր հաստատվեն Հայաստանում: Մենք փորձում ենք նորից համախմբել քաղաքական դաշտը եւ քաղաքացիական միավորներին, բայց ես պետք է ասեմ ձեզ, որ ամենակարեւորը մեզանում դա այն է, որ մենք կարողանանք ինքնակազմակերպվել: Շատերը հիմա կարող են ասել. եթե դուք չունեք առաջնորդող, մենք չունենք համախմբված քաղաքական ուժեր, ինչպե՞ս պետք է դա տեղի ունենա: Ես կարող եմ ձեզ ասել, եթե մենք սպասում ենք առաջնորդողներին, միավորմանը, միեւնույն է, կարծում եմ, որ դա մեզ համար հասանելի չի լինի: Մենք պետք է... գոնե այստեղ հավաքված մարդիկ, ամեն մեկը ցանցային միջոցառումներ պետք է կազմակերպի: Ամեն տեղ ստեղծենք դիմադրության օջախներ:



Յուրաքանչյուր հրապարակ պետք է ունենա իր փոքրիկ կազմակերպվող խումբը»,- արագ-արագ խոսում էր Զարուհի Փոստանջյանը, բայց երբ սկսեցին հարցնել Արմեն Մարտիրոսյանի ու Ռուբիկ Հակոբյանի նախագահական այցի մասին, պատգամավորը դարձավ քչախոս. «Մենք այդ հարցերին կանդրադառնանք խորհրդակցությունից հետո: Այսօր այդ հարցերին չենք պատասխանելու: Մենք լարվածություն երբեք չենք էլ ունեցել: Պարոն Հովհաննիսյանը կվերադառնա՝ կպարզաբանի»: Իսկ Արմեն Մարտիրոսյանը, ով կանգնած էր հեռվում, պատասխանեց. «Բոլոր հավաքներին ես հո ելույթ չե՞մ ունեցել: Կուսակցության հարցերը, որոնք դուք տալիս եք, կլինի վարչության նիստ, կքննարկենք, հայտարարություն կլինի, եւ դրանից հետո կպատասխանենք»:
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանն Արմեն Մարտիրոսյանի եւ Ռուբեն Հակոբյանի Բաղրամյան 26-ում հայտնվելը «ծանր էր» տարել եւ նույնիսկ հայտարարել, որ կուսակցությունից հեռացման հարց կարող է դրվել: Սակայն բոլոր հարցերը կլուծվեն Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձից հետո: