Կառավարությանը քննադատելու համար էլ է ժամանակ պետք

Կառավարությանը քննադատելու համար էլ է ժամանակ պետք

Երեկ Ազգային ժողովում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պաշտոնապես «ընդդիմացած» ԲՀԿ-ի ձայն-ծպտունը մինչեւ նիստի ավարտը դուրս չեկավ:
Դեռ հարցուպատասխանը շարունակվում էր, երբ մի պահ միջանցք դուրս եկած ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանից հետաքրքրվեցինք, թե ԲՀԿ-ն ինչու որեւէ հարց չի հնչեցնում կառավարությանը: Ի պատասխան՝ Բաբայանն ասաց, որ հարցուպատասխանը գրավոր է, այսինքն՝ դեռ գրավոր հարցերին են պատասխանում:



- Իսկ հերթագրվա՞ծ են ձեր խմբակցության պատգամավորները:



- Դե, կհերթագրվեն:



- Այսօր շատ է խոսվում այն մասին, թե ԲՀԿ-ն արդյոք կկարողանա՞ նույն էնտուզիազմով քննադատել վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու նրա կառավարությունը, ինչ Տիգրան Սարգսյանի դեպքում էր անում:



- Ուրեմն ԲՀԿ-ի մասին շատ բաներ են խոսում, տարբեր բաներ պատմում են, վերլուծում են, քննարկում են... նորմալ եմ գնահատում, թող քննարկեն, ժամանակը ցույց կտա: Նմանատիպ բոլոր հարցերի պատասխանը ժամանակն ու մեր աշխատանքն է ցույց տալիս:



- Եթե համեմատենք Հովիկ Աբրահամյանին ու նրա կառավարությունը նախորդի հետ, այն այսօր որոշակի դրական ընկալում ունի՞ ձեր կողմից, թե՞ նույն «վատ կառավարությունն է», ինչ Տիգրան Սարգսյանի դեպքում էր:



- Դուք հիմա ի՞նչ հարց եք ուզում մեզանից լսեք, ինչ-որ կոնկրետ ենթատեքստեր ես հասկանում եմ Ձեր հարցում, բայց թույլ տվեք էսօր զերծ մնալ, էլի, գնահատականներ տալուց, ու, ընդհանրապես, եթե նկատել եք, մոտակա ժամանակահատվածում որեւէ գործչի գնահատական չենք տալիս:



- Ենթատեքստը մեր հարցի այն է, որ ԲՀԿ-ն կարո՞ղ է վարանել նույնչափ բուռն ու ակտիվ քննադատել գործող վարչապետին ու նրա կառավարությունը, որչափ առաջ էր:



- Չէ, էդպիսի խնդիր չունենք: Դրա համար ասացի՝ ժամանակն ու մեր աշխատանքը ցույց կտա: Եթե կանցնի ժամանակ, ամիսներ, եւ կտեսնեք, որ ԲՀԿ-ն որեւէ քննադատություն չի հնչեցնում կամ ինչ-որ ձեւով հետ է քաշվել, էն ժամանակ երբ ինձ հարցնեք, գուցե Ձեր հարցը տեղին լինի, բայց էս պահին առաջին անգամ է, որ մենք խմբակցության նոր ղեկավարի հետ միասին մասնակցում ենք ԱԺ քառօրյային: Եվ եթե լսել եք Միքայել Մելքումյանի ելույթները տարբեր օրենսդրական նախաձեռնությունների կամ տնտեսության վերաբերյալ, ես չեմ կարծում, թե ինչ-որ փոփոխություն է եղել:



- Ամեն դեպքում՝ թե՛ այլընտրանք եղած ժամանակ եւ թե՛ այսօր, երբ ընդդիմություն եք, ավելի խնայողաբար եք վերաբերվում Հովիկ Աբրահամյանին ու նրա կառավարությանը:



- Դա Ձեր գնահատականն է ընդամենը:



- Կարո՞ղ ենք եզրակացնել, որ համարժեք են ԲՀԿ-ի կողմից վերաբերմունքն ու քննադատությունները թե՛ այս, թե՛ նախորդ կառավարության նկատմամբ:



- Կառավարությանը եւ, ընդհանրապես, քաղաքական դաշտին գնահատականներ տալու ժամանակը նշել եմ, որ մենք ունենք խնդիր, մարտավարական խնդիր, մենք ունենք ներսում քննարկելու հարցեր, երբ որ այդ ամենը վերջնականապես կորոշենք ու բան կասենք, այն ժամանակ կզգաք, որ կան զիջումային մոտեցում, շեղումներ կամ ավելի արմատական բաներ, այն ժամանակ կքննարկենք: Այս պահին մենք բան չենք հայտարարել, եւ Դուք ուզում եք ինձանից գնահատականներ լսել: