Շախմատ նվիրեցին Յուրի Չայկային

Շախմատ նվիրեցին Յուրի Չայկային

Մի խումբ երիտասարդներ խորհրդանշական նվեր փոխանցեցին ՌԴ-ի գլխավոր դատախազ Յուրի Չայկային։ «Շախմատ ենք նվիրել, որ իրենց պարապությունը լցնի։ Բացի այդ շատ կարևոր է իրենք իմանան, որ մենք շախմատից շատ ուժեղ ենք և իրենց յուրաքանչյուր քայլի հետևում ենք։ Չայկան պետք է այնպես անի , որ չվնասի ռուս և հայ ժողովուրդների հարաբերությունները։ Չենք ցանկանում փչացնել այդ հարաբերությունները և առաջին քայլը, որպես բարեկամ նրան շախմատ նվիրեցինք»,-ասաց ակցիայի կազմակերպիչներից Կարեն Պետրոսյանը՝ հավելելով, որ առաջին քայլը արված է։



Ակտիվիստների պահանջը՝ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վ.Պերմյակովին հանձնել հայկական կողմին և պատասխանել Գևորգ Կոստանյանի նամակին։
Կարենի խոսքով իրենք խոսել են նվերի «լեզվով» և հույս ունեն, որ ՌԴ-ի գլխավոր դատախազը նվերի տեսքով պատասխանը կուղարկի։ «Այստեղ  հարցը այն չէ, որ գլխավոր դատախազին չեն պատասխանել, այլ նրանք գլխավոր դատախազի դեմքով հասարակությանը, մեզ չեն պատասխանել»,-ասաց Կարենը։ Նվերից բացի նամակ են փոխանցել, հետևյալ գրությամբ «Հարգելի՛ պրն. Չայկա, ընդունեք այս նվերը՝ ի նշան երկու երկրների բարեկամության, լցրեք Ձեր պարապությունը կամ պատասխանեք Ձեր հայ գործընկերոջ նամակին: Սխալ մտածված քայլերը կարող է լարվածություն առաջացնել հայ և ռուս ժողովուրդների բարիդրացիական հարաբերություններում»։ Երիտասարդները մինչև ապրիլի 24-ը սուր գործողություններ չեն իրականացնելու, նարնք հույս ունեն, որ մինչև ապրիլի 24-ը կստանան պատասխան։



«Մեծ պահքն անցավ, Հարության շաբաթն անցավ, նշեցինք կրկնազատիկը: Վերադառնում ենք մեր պահանջներին, եթե չի ուզում պատասխանել ՀՀ գլխավոր դատախազին, ուրեմն նրանք 3 օր ունեն, որ ինտենսիվ աշխատեն ու այնպես անեն, որ պրն. Չայկայից ՀՀ դատախազությունը պատասխան նամակ ստանա: Եթե մեր պաշտոնյաները չեն կարող այս հարցը լուծել, մի գուցե դուխները չի հերիքում, կփորձենք մեր երկրի հեղինակությունը մենք պաշտպանենք», - ասաց Կարենը:



  Ի դեպ հյուպատոսարանից  վերցրել են միայն նամակը, իսկ շախմատը հրաժարվել են ներս տանել՝ պատճառաբանելով, որ նվերներ վերցնելու իրավունք չունեն։