Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցը դեռևս քննարկվում է

Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցը դեռևս քննարկվում է

Ռուսաստանում 6 տարի 9 ամսվա ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանի հարազատները սպասում են Հայաստան տեղափոխելու դիմումի պատասխանին։ «Ներկա պահին մենք էլ որևէ բան չգիտենք, մենք սպասում ենք արդարատության նախարարությունից պատասխանի»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը։



Տեղեկացնենք, որ Հարությունյանի կինն անցյալ տարվա դեկտեմբերին դիմել է նախարարություն՝ խնդրելով, որ ամուսնուն տեղափոխեն Հայաստան: Արդարադատության նախարարությունը Ռուսաստանի Արդարադատության նախարարության հետ «քննարկումների մեջ է»։



Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած Հարությունյանը դատապարտվել է մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով 18 մարդու մահվան, բացի այդ՝ փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով։ Իրեն 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտելու՝ առաջին ատյանի դատավճիռը բողոքարկելով, Հարությունյանը պահանջել էր արդարացում երկրորդ մեղադրանքով: Սակայն, Մոսկվայի դատարանը չէր ընդունել հայ վարորդի փաստարկները:
«Հույս ունենք, սպասում ենք, բայց որևէ կոնկրետ գործողություններ, որ կտեղափոխեն Հայաստան դեռևս չկա»,-ասաց Լիլիթը։



Հրաչյա Հարությունյանի հետ կինը և աղջիկը կապ հաստատել չեն կարողանում։ «Մենք չենք կարողանում կապ հաստատել, բայց Ռուսաստանում ապրող բարեկամների միջոցով տեղեկանում ենք, որ իրեն լավ է զգում, ամեն ինչ կարգին է»։