Բաց նամակ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին

Բաց նամակ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին

Բաց նամակ

Հարգելի պարոն Գասպարյան,

Մեր երկրում ընդունված և սահմանադրորեն ամրագրված են մարդու իրավունքների իրացման և վեճերի լուծման այնպիսի նորմեր, որոնք գոյություն ունեն ամբողջ քաղաքակիրթ աշխարհում: Դրանց կենսագործումը վերապահված է ընտրական և արդարադատության ինստիտուտներին։ Սակայն, արդեն երկար ժամանակ է, ինչ հանրության զգալի մի հատվածը համոզված է, որ այդ ինստիտուտները կաթվածահար են եղել և երկրում չեն կարող ապահովել քաղաքացիական փոխհամաձայնությունը։ Խորանում է նաև այն համոզվածությունը, որ գործող վարչախումբն իրերի այս դրությունը փոխելու որևէ ցանկություն չունի։

Օրինաչափ պետք է համարել, որ ինչ-որ մի պահի այս ամենում մեղավոր կառավարողները կանգնելու էին իրար հետևից ծագող խնդրահարույց, իսկ երբեմն էլ անելանելի այնպիսի իրավիճակների դեմհանդիման, երբ դրանք կարգավորելու հնարավորությունները նվազելու էին կամ իսպառ բացակայելու։ Այն պետություններում, որտեղ չեն գործում ընտրական մեխանիզմները և չկա անկախ դատական համակարգ, չկան նաև քաղաքացիների փոխհարաբերությունները կարգավորող այլ մեթոդներ, բացի բռնաճնշումներից ու ուժի անօրինական կիրառումից:

Հանրությունը չի կարող երկար հանդուրժել նման իրավիճակը և տարիների ընթացքում ստիպված է օրինախախտներին զսպելու գործուն մեթոդներ փնտրել։ Այս միտումը ի վերջո բերում է նրան, որ հանրության մոտ վերանում են օրինականության և ապօրինության գնահատման սահմանները: Եվ քաղաքակիրթ աշխարհի կողմից ընդունված համընդհանուր նորմերի որևէ խախտում այստեղ չկա, քանզի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ճանաչում է քաղաքացիների՝ իրենց իրավունքները պաշտպանելու գործում ցանկացած իրավունք՝ ընդհուպ մինչև որպես վերջին միջոց` բռնակալության ու ճնշման դեմ հարկադրված ընդվզելու իրավունքը։ Ուստի բռնաճնշումներն ավելացնելու որոշումը վարչախմբի ամենախելացի պատասխանը չէ նոր քաղաքական իրականությանը:

Ներքին տարաձայնությունների հաղթահարման գործում ուժի կիրառման ու ձերբակալությունների հաճախացած փաստերը, քաղաքական գործընթացներում քրեական տարրերի առավել մեծ ներգրավումը վկայում են, որ մեր երկրում վեճերի լուծման օրինական մեթոդների մասին պատկերացումները սպառել են իրենց։ ՀՀ քաղաքացիներիս մոտ ահագնանում է այն անհանգստությունը, որ ոստիկանությունը ստիպված է լինում ավելի ու ավելի հաճախ կատարել բարձրագույն ղեկավարության անօրինական ու անհիմն հրամանները։ Դա ոչ միայն կազմալուծում է պետության քաղաքական կյանքը, այլ նաև քայքայիչ գործոն է դառնում հենց ոստիկանության համար:

Քաղաքացիները զրկված են առաջացող կոնֆլիկտային իրավիճակների իմաստը, կոնֆլիկտի կողմերի շարժառիթները ռացիոնալ գնահատելու հնարավորությունից․ դժվար է գնահատել քաղաքական երևույթների օրինականությունը, երբ նման ցանկացած երևույթ ենթարկվում է ուժային հակազդեցության և բռնաճնշման։ Երկրում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ հանրությանը թողնված չէ իր սեփական կարծիքն անկաշկանդ ձևավորելու հնարավորություն։ Չկա նաև սեփական իրավունքները պաշտպանելու մեթոդների ընտրության հնարավորություն։ Դրա լավագույն օրինակները Շանթ Հարությունյանի գլխավորած և «Հիմնադիր Խորհրդարան» անվանվող քաղաքացիական նախաձեռնությունների հետ գործող վարչախմբի կոնֆլիկտներն են։ Իրավապահ մարմինների կողմից բիրտ ուժի կիրառումը, ձերբակալությունները և բռնաճնշումների ժամանակ քրեական տարրերի ներգրավումը տվել են միմիայն այն արդյունքը, որ արմատականացել է հանրային կարծիքը։ Հիշեցնենք, որ երկու խմբերի առաջնորդներն էլ հայտնել էին վարչախմբի բռնությունների դիմելու դեպքում պատասխան ուժ կիրառելու իրենց պատրաստակամության մասին:

Ներկայումս մարդկանց ավելի ու ավելի քիչ է հետաքրքրում վարչախմբի կողմից բռնաճնշումների ենթարկվող խմբերի գործունեության շարժառիթները, քաղաքական կեցվածքի, գործողությունների բնույթը։ Քաղաքացիները պատրաստ են ընդունել այն ամենը, ինչն, իրենց կարծիքով, երկրում կարող է վերականգնել օրինականությունը։

Թվում է, թե բարձրագույն ղեկավարությունը և իրավապահ մարմինները չեն զգում նման կերպ զարգացող գործընթացների՝ երկրի համար վտանգավորության աստիճանը։ Չի երեւում նաև նրանց անհանգստությունը, թե այդ կերպ դեպի ուր կարող են ուղղորդել քաղաքացիների աճող դժգոհության էներգիան։ Միևնույն ժամանակ, սակայն, Հայաստանի հանրությունն ավելի է համոզվում, որ անիմաստ և անհեռանկար է գործ ունենալ հազարավոր ոստիկանների և քրեական խմբավորումների հետ, ովքեր ոտնահարում են քաղաքացիների իրավունքները։ Հանրությունը համոզվում է, որ փողոցում, բողոքի ակցիաներ անցկացնելով, հաջողության չես հասնի: Իսկ նման միտումը հայտնի է, թե ուր կարող է բերել:

Մենք սահմանադրական կարգ հաստատելու համար ամենակառուցողական մեթոդն ենք համարում պայքարի խաղաղ ձևերը, ուստի չենք ցանկանում, որպեսզի մեր երկրում քաղաքական գործընթացները զարգանան դրանում ներգրավված բոլոր սուբյեկտների և ատյանների գործողությունների արմատականացման ճանապարհով։ Նման գործընթացները չեն կարող կառուցողական լինել։ Հայաստանն առաջին ու վերջին երկիրը չէ, որը բախվում է դժվար լուծելի քաղաքական այդպիսի խնդիրների հետ։ Եվ բազմաթիվ երկրների փորձի իմացությունը մեզ հարկադրում է Ձեզ համոզել այն անհրաժեշտության մեջ, որ ճիշտ ժամանակին փոխեք երկրում տեղի ունեցող գործընթացների էության վերաբերյալ Ձեր մոտեցումը:

Տեղեկանք պատային վիճակի էության մասին

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ վաղ թե ուշ հայտնվում են մարդիկ, որոնք պատրաստ են և կարող են անձնապես պատժել նրանց, ովքեր անօրինական ուժ կիրառելու որոշումներ են կայացրել: Այդ դեպքում երկրում քաղաքական փոխհարաբերությունների նախկին սխեմաներն այլևս չեն աշխատում, դրանք արմատապես փոխվում են։

Քաղաքական փոխհարաբերությունների նոր սխեմայի ի հայտ գալու դեպքում ակնհայտ է դառնում ուժերի անհավասարությունը: Անօրինական ուժ կիրառելու որոշումներ ընդունողներին պատժելն այլևս իրենից բարդություն չի ներկայացնում։ Ցանկացած երկրում այդպիսի գործիչների թիվը մեծ չէ՝ ընդամենը մի քանի տասնյակ մարդ (երկրի բարձրագույն ղեկավարությունը և օլիգարխիան): Այդ գործիչների ցուցակն անհրաժեշտության դեպքում նախօրոք հրապարակվում է:

Քաղաքացիները, որոնք գիտակցված քաղաքական որոշում են կայացնում պատժել նման գործիչներին, դա անում են հրապարակայնորեն` վարչախմբի և հանրության առջև, ու չեն խորշում իրենց արարքների համար պատասխանատվությունից։ Բացի այդ, գործող վարչախմբին պատժող գործիչներն անօրինական զենք ձեռք բերելու և կրելու խնդրի առաջ չեն կանգնում, քանի որ պատիժը կենսագործելիս կիրառում են վարչախմբի ներկայացուցիչներից առգրավված հաշվեցուցակային կամ օլիգարխիկ բանդաների կազմում ընդգրկված թիկնապահներին հատկացված օրինական զենքը։ Պատժողները հետագայում հանձնվում են արդարադատությանը:

Տարօրինակ կլիներ, եթե ամբողջ աշխարհում տարբեր հանրություններ ու վարչախմբեր այդպիսի մահաբեր քաղաքական պատային վիճակները կանխարգելելու համար երբևէ ուղիներ փնտրած չլինեին։ Միջազգային փորձը վկայում է, որ այդպիսի պատային իրավիճակների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը քաղաքական պայքարում բռնի ուժի կիրառումից հրաժարվելու համընդհանուր համաձայնությունն է՝ այսպես կոչված «Զինաթափման պայմանագիրը»: Նման պայմանագրերի շնորհիվ է, որ քաղաքական պայքարը այդուհետ փոխադրվում է իրավական դաշտ, իսկ հետագայում նաև՝ ընթանում սահմանադրական կարգի հաստատման ուղիով։

Նման պայմանագրի կնքման ակտուալությունը հետևանք է այն բանի, որ մեր երկրում տևականորեն համընդհանուր անտեսման են արժանացել Սահմանադրության պահանջները` ուժային մեթոդներով սահմանադրական կարգը խախտելու անթույլատրելիության մասին։ Սահմանադրության նորմերի կաթվածահարության պայմաններում այդպիսի պայմանագիրը երկրում խաղաղ փոխհարաբերություններ հաստատելու ամենաարդյունավետ մեթոդն է։ Սովորաբար նման պայմանագրերի կնքմանը մասնակցում են քաղաքական բոլոր ակտիվ սուբյեկտները՝ պետական կառավարման համակարգը յուրացրած ուժերն ու անհատները, օլիգարխները, քրեական հեղինակությունները, իրավապահ մարմինները, կուսակցությունները, հանրային-քաղաքական շարժումները և այլն։

Սա առաջին քաղաքական պայմանագիրն է, որին հանգում է նշանակալիորեն քրեականացված հանրությունը։ Նման պայմանագրից գործող վարչախմբի հրաժարումը վտանգավոր է առաջին հերթին հենց իր համար, քանի որ դրանով նա հանրությանը օբյեկտիվորեն իրավունք է տալիս իր նկատմամբ ուժ կիրառել։

Մեր առաջարկը-


Մի շարք «ախտանշաններից» երևում է, որ մեր երկրում եկել է «Զինաթափման մասին» համընդհանուր պայմանագրի կնքման ժամանակը։ Հայաստանում պատային իրավիճակն ակնհայտ է՝ բարձրագույն ղեկավարությանը հրապարակային զգուշացումներ արդեն տրվել են։ Ադրբեջանի հետ շարունակվող պատերազմի և ազատամարտիկների նկատմամբ բռնաճնշումների պայմաններում չի կարող ծագել կադրերի պակասի խնդիր։ Պատժելու պատրաստ և ունակ մարդիկ այս իրավիճակում կարող են անօրինականություններ թույլ տվող պատասխանատու պաշտոնատար անձանց պատժելու գիտակցված ակտեր իրականացնել։

Մենք Ձեզ՝ որպես Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, առաջարկում ենք նախաձեռնել քաղաքական հայացքների համար ձերբակալված ու արդեն դատապարտված անձանց ազատ արձակման, ինչպես նաև քաղաքական պայքարում զենքի կիրառումը բացառելու շուրջ պայմանագրի քննարկումների և կնքման գործընթացները։ Եվս մեկ անգամ հարկ ենք համարում նշել, որ
«Զինաթափման պայմանագիրը» քաղաքական գործընթացները իրավական դաշտ տեղափոխելու միակ մեթոդն է։

Ձեր կողմից հանրային քննարկումներ նախաձեռնելու դեպքում մենք պատրաստ ենք աջակցել փորձագետներ ներգրավելու հարցում:

ՀՀ քաղաքացիներ

Արման Յարալյան, ռեժիսոր, մուլտիպլիկատոր
Գոհար Սարոյան, բանասեր
Դվին Իսանյանս, ճարտարապետ
Էրիկ Գևորգյան, ռեժիսոր
Կարեն Շիկոնյան, ճարտարագետ
Սարո Սարոյան, քաղաքագետ
Սուրեն Սահակյան, տնտեսագետ
Վահե Գևորգյան, լուսանկարիչ


15 ապրիլի 2015թ․