Չճանաչել ընտրությունները՝ նշանակում է՝ ընդունել ընտրությունների փաստը

Չճանաչել ընտրությունները՝ նշանակում է՝ ընդունել ընտրությունների փաստը

Թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, թե ԱՄՆ պետդեպի և թե ԵՄ տարածած հայտարարություններում հղումներ կան ԼՂՀ չճանաչվածությանը, ինչն էլ, բնականաբար, նշվածներին թույլ չի տալիս ճանաչել ԼՂՀ ԱԺ մայիսի 3-ի ընտրությունների որևէ քաղաքական հետևանք: Եթե ուշադիր կարդանք այդ հայտարարությունները, ապա միանշանակ պարզ կդառնա, որ նրանք ոչ թե հրաժարվում են ճանաչել և ընդունել ընտրությունների փաստը, այլ այդ ընտրությունները՝ որպես ԼՂՀ կարգավիճակի փոփոխման հիմք:



Այլ կերպ ասած, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, թե ԱՄՆ պետդեպը և թե ԵՄ-ն ընդունում են, որ Ղարաբաղը, մինչև կարգավիճակի հետ կապված հարցի միջազգայնորեն կարգավորումը, այլ կերպ, քան ընտրությունների միջոցով ղեկավարություն ձևավորել չի կարող: Այսինքն՝ ԼՂՀ-ում այս պահին մի տեսակ տեղական ինքնակառավարում է, որի հետ որոշակի հարաբերություններ ունեն հարցի կարգավորման հետ առնչություն ունեցող պետություններ ու միջազգային կազմակերպություններ:



Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն մի հայտարարություն է արել, որով, ըստ էության, հաստատում է մեր այս տեսակետը: Ահա, այդ հայտարարությունը, որ հետևել է ԵԱՀԿ ՄԽ, ԱՄՆ պետդեպի և ԵՄ-ի հայտարարություններին՝ նվիրված ԼՂՀ ԱԺ վաղվա ընտրություններին. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ գոյություն չունի: Կա Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի բնակչություն` բաղկացած հայ և ադրբեջանական համայնքներց»: Ադրբեջանը, ինչպես տեսնում ենք, բողոքում է այն բանի դեմ, որ նշված կառույցներն, այնուամենայնիվ ընդունում են ԼՂ տարածքում ապրող ժողովրդի գոյությունը և չճանաչվածության պայմաններում ինքնակառավարվելու՝ ընտրություններ կազմակերպելու փաստը:



Իսկ ինչո՞ւ, իրենց խոսքով, Ադրբեջանի Հանրապետության տարածքում գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ադրբեջանական համայնքը ընտրություններ չի կազմակերպում, չի փորձում իր տարածաշրջանային իշխանությունը ձևավորել: Ես չգիտեմ, գուցե ինչ-ինչ ֆորմալ, թղթի վրա նկարված բաներ ունեն, բայց եղե՞լ է դեպք, որ ԱՄՆ պետդեպը կամ ԵՄ-ն արձագանքեր նման մի ձեռնածության: Բայց երբ նրանք արձագանքում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նախաձեռնությանը՝ ընտրություններով իշխանություն ձևավորելու, դա արդեն բոլորովին այլ բան է նշանակում: Եվ հենց սա է պատճառը, որ Ադրբեջանը անհանգիստ է, չնայած, որ համապատասխան հայտարարություններով միջազգային կառույցները չեն ընդունում կայանալիք ընտրությունների արդյունքը: