Նախընտրելին Իսրայելի մոդելն է

Նախընտրելին Իսրայելի մոդելն է

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն ամփոփում է քաղաքական ուժերից ստացած առաջարկները, որոնք այս օրերին կուղարկվեն Վենետիկի հանձնաժողով` վերջնական կարծիքի: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանին հարցրինք. եթե այնպես լինի, որ նախընտրվի խորհրդարանական կառավարման մոդելը, ո՞վ է լինելու այդ դեպքում երկրի գերագույն գլխավոր հրամանատարը: «Տարբեր մոդելներում հարցը տարբեր կերպ է լուծվում: Ձեր հարցադրման մեջ արդեն իսկ կա սխալ. Դուք հարցնում եք` ո՞վ է, պետք է ասվի` ինչպե՞ս է լուծվելու խնդիրը»: Թեկո՛ւզ: «Կան բավականին հետաքրքիր մոդելներ, այդ թվում` Ձեզ ես խորհուրդ կտամ ծանոթանալ Իսրայելի մոդելին, երկիր, որը պերմանենտ գտնվում է պատերազմական իրավիճակներում եւ բավականին հետաքրքիր է լուծել խնդիրը երկրի ներքին եւ արտաքին անվտանգության համատեքստում. ստեղծել են մի մարմին, որը կոչվում է Պաշտպանության կոմիտե, որը կառավարությանն առընթեր է, եւ որտեղ մտնում են պաշտպանության, արտաքին գործերի, ֆինանսների նախարարները, այսինքն` կոլեգիալ մարմնի միջոցով: Ասել է թե՝ խնդիրը պետք է լուծել, եւ իրենք նախընտրել են լուծման այդ տարբերակը: Գերմանիայում լուծել են մեկ այլ տարբերակով: Խնդիրը հետեւյալն է, եթե անցում կատարվի խորհրդարանական համակարգին, ապա պետք է որոշակի լուծում»: Ձեր անձնական տեսակետը եւ նախընտրությունը ո՞րն է, պարոն Հարությունյան: «Իրավունք չունեմ արտահայտելու, քանի դեռ չենք քննարկել, իմ անձնական տեսակետը կարող է ալիքավորվել եւ դառնալ տարաբնույթ խոսակցությունների առարկա` պղտորել հասարակական կարծիքը»: