Շուտով կսկսեն ասել, որ հանցագործները Զաքարյան եղբայրներն են

Շուտով կսկսեն ասել, որ հանցագործները Զաքարյան եղբայրներն են

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, ում մասնակցությամբ հերթական ծեծուջարդն է եղել Սյունիքում, այս պահի դրությամբ դեռ չեն հարցաքննել, սակայն նրան ծանուցագիր է ուղարկվել: Այս մասին հաղորդեց ոստիկանությանը մոտ իրազեկ աղբյուրը:



Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Լիսկայի որդին Սըդըղ գյոլի մոտ է կանչել 2013 թվականին իր հոր տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի ազգականներին՝ Զաքարյան եղբայրներին, եւ իր բանդայի հետ ծեծի է ենթարկել տղաներին, որի հետեւանքով նրանք հայտնվել են հիվանդանոցում: Եղբայրներից մեծը՝ Մուշեղը, գլխի, քթի եւ այլ վնասվածքներ է ստացել, իսկ փոքրը՝ Հարություն Զաքարյանը, կոպի պատռվածք եւ կորցրել է աչքի տեսողությունը: Տղաները դեռ հիվանդանոցում են: Դատախազությունը գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից եւ ենթադրում է մինչեւ 5 տարի ազատազրկում: Հոդվածում այսպիսի ծանր մարմնական վնասվածք հասցնելու մասին ոչինչ ասված չէ, մինչդեռ տեսողություն կորցնելը ծանր մարմնական վնասվածք է համարվում: Մեղմ հոդվածով գործ հարուցելն արդեն ենթադրել է տալիս, որ իրավապահները հակված են թեթեւացնելու հանցագործների արարքը:



Նախաքննությունը կատարում է քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժինը: «Միաժամանակ ոստիկանության Գորիսի բաժնին հանձնարարվել է ակտիվացնել ձեռնարկվող օպերատիվ հետախուզական միջոցառումները՝ հանցագործության բոլոր մասնակիցների ինքնությունը, ինչպես նաեւ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ: Քննիչը, որն զբաղվում է նախաքննությամբ, եկել է Երեւան՝ եղբայրներին եւ նրանց հարազատներին հարցաքննելու, սակայն նրանք առայժմ հրաժարվել են ցուցմունքներ տալուց, պատճառաբանելով, որ առողջական խնդիրներ ունեն: Նրանց մայրը վստահեցնում է, որ Զաքարյանների ընտանիքը մինչեւ վերջ հետամուտ է լինելու, որ հանցագործները պատժվեն: Բայց քիչ են հույսերը, որ Լիսկայի քաղաք Գորիսում օբյեկտիվ եւ համակողմանի քննություն իրականացնեն եւ, չենթարկվելով ամենակարող օլիգարխի ճնշումներին, գոնե այս անգամ հիմքեր ստեղծեն Տիգրան Խաչատրյանին պատժելու համար:



Նախ, որովհետեւ Սուրեն Խաչատրյանն արդեն ԶԼՄ-ներում հերքում է իր որդու մասնակցությունը մայիսի 2-ի ծեծուջարդին, ասելով, որ նա այնտեղ չի եղել՝ Երեւանում է եղել: Եվ երկրորդը՝ մեր տեղեկություններով, իրավապահներն արդեն մշակում են վարկած, որի համաձայն Տիգրան Խաչատրյանը չի հարվածել ծեծվածներից եւ ոչ մեկին: Ինչպե՞ս են եկել այս եզրահանգման, եթե ոչ Տիգրան Խաչատրյանն է առայժմ հարցաքննվել, ոչ էլ պայմանական տուժողները, հայտնի չէ: Լիսկայի որդին եւ մերձավոր ազգականները տարին մեկ հայտնվում են քրեական խրոնիկայում: Անցյալ տարի այս օրերին օլիգարխի եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանն էր իր ընկերների հետ Գորիսում հայտնի անձնավորություն՝ Կուլակի որդիներին՝ Արթուրին եւ Գոռին, երկաթներով ծեծել եւ դանակահարել:



Կուլակի մեծ որդուն՝ Արթուրին, ծեծել էին երկաթե իրերով, Գոռին դանակի հարվածներ հասցրել: Իսկ 2013 թվականի հունիսին, երբ մարզպետի տան մոտ սպանվեց Ավետիք Բուդաղյանը, Տիգրան Խաչատրյանին ձերբակալեցին որպես կրակողի եւ սպանության մեղադրանք առաջադրեցին, սակայն հետո բաց թողեցին, դադարեցնելով նրա նկատմամբ քրեական հետապնդումը: Այս գործով դատաքննությունը դեռ չի ավարտվել: Բուդաղյանների շահերը ներկայացնող փաստաբան Հայկ Ալումյանը, որը բողոքարկել էր քննիչի որոշումը, սակայն մերժվել էր, հետեւյալ մեկնաբանությունն արեց. «Կարող եմ մի բան ասել միայն: Նրանք, ովքեր Տիգրան Խաչատրյանին բաց թողեցին, այսուհետ պատասխանատու են Տիգրան Խաչատրյանի կատարած բոլոր նման արարքների համար, Տիգրան Խաչատրյանի հետ հավասար չափով: Քննիչին նկատի ունեմ, դատախազին, առայժմ դատարանների մասին չեմ ասում՝ նրանց, ում պատվերով գործել էին քննիչներն ու դատախազները: Նրանք բոլորը կոլեկտիվ պատասխանատվություն են կրում այն արարքների համար, որ այսուհետ Տիգրան Խաչատրյանը կկատարի»:



- Ձեր կանխատեսմամբ, կկարողանա՞ն Տիգրան Խաչատրյանին մեղադրանք առաջադրել:



- Իմ կանխատեսմամբ, ցավոք, դեռ շատ նման դեպքեր կարող են տեղի ունենալ:



- Կարծես թե վարկած է մշակվում, որ Տիգրան Խաչատրյանը չէ Զաքարյան եղբայրներին հարվածել:



- Սա դեռ սկիզբն է: Շուտով կսկսեն ասել, որ հանցագործները Զաքարյաններն են, երեւի: Իսկ սա դեռ սկիզբն է: Ամեն ինչ սկսվում է այդպես: