Յուվեցի Կարոյի փեսան հոգեկան խնդիրնե՞ր է ունեցել

Յուվեցի Կարոյի փեսան հոգեկան խնդիրնե՞ր է ունեցել

Ավարտական փուլում է Վերնիսաժի կրակոցների գործով դատաքննությունը։ Տուժող 3 քաղաքացիները՝ Մնացական Սուքիասյանը, Մյասնիկ Հայրապետյանը և Ալվինա Բադալյանը տարբեր մարմնական վնասվածքներ էին ստացել ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի և Էրեբունու բնակիչ Վալերի Հովհաննսիյանի միջև անցյալ տարվա մայիսին տեղի ունեցած հրազենային ռազբորկայի հետևանքով։ Բայց նրանք Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների դատարան ոչ մի անգամ չեն ներկայացել։ «Բավական են համարել այն, որ ցուցմունքներ են տվել նախաքննության մարմնին», - ասում է մեղադրյալներից մեկի պաշտպան Վարդուհի Էլբակյանը։ Ըստ էության, այս գործի հետևում պահանջատեր չկա։ Այնպես որ այս դատավարության ընթացքում տուժողնրի շահերը ներկայացնում  է պետությունը, ի դեմս մեղադրող դատախազ Հարություն Սարգսյանի։ Հավանաբար, այնքան էլ լավ չի ներկայացնում, քանի որ նա դատավարության ընթացքում արդեն մեկ անգամ հրաժարվել է պատգամավորի փեսային՝ Գոռ Առաքելյանին առաջադրված  մեղադրանքից, փոխելով այն։ Նախկինում առաջադրված 34/104 (սպանության փորձ) հոդվածը փոխվեց դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու հոդվածով: Այժմ էլ Գոռ Առաքելյանի՝ հոգեկան խիստ հուզմունքի, աֆեկտի վիճակում գտնվելու հարց է դրվել։ Այդպիսի միջնորդություն է հունիսի 1-ի դատական նիստին ներկայացրել նրա պաշտպան Երեմ Սարգսյանը, և դատավոր Գագիկ Պողոսյանն ընդունելով միջնորդությունը, դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակել։ Հաջորդ նիստի օրը դեռ հայտնի չէ։ Այն կնշանակվի այն ժամանակ, երբ պատրաստ կլինի փորձագետների եզրակացությունը։ Հիշեցնենք, որ արյունալի դեպքերը տեղի ունեցան անցյալ տարի, Վարդանանց փողոցի 18 հասցեում, և մի քանի մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց։ Այս գործով երեք մեղադրյալ կա։ Գոռ Առաքելյանը, ըստ մեղադրական եզրակացության, «գործով չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել հրազեն հանդիսացող գործարանային արտադրուրյան 9մմ տրամաչափի «ՊՄ» /Մակարով/ տեսակի ատրճանակ ու 9մմ տրամաչափի ակոսափող հրազեններից կրակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, որոնց գործադրմամբ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամր 13:20-ի սահմաններում Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, ինչպես նաև անուղղակի դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով»։