Գավառից 17 տարեկան աղջիկ են որդեգրել

Գավառից 17 տարեկան աղջիկ են որդեգրել

Այս տարի բացառիկ դեպք է եղել Գավառի մանկատանը: Որդեգրվել է 17 տարեկան աղջիկ: «Սովորաբար, փոքրերին են որդեգրում,- ասում է Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը։- Կիրթ ընտանիք են, հայր-մայր, Երեւանում են բնակվում, երեխան շատ երջանիկ է»: Երեխայի հայրը փաստաբան է, իսկ մայրը՝ հաշվապահ: Սկզբում ամուսնական զույգը ցանկացել է փոքր երեխա տանել, բայց այնպես է պատահել, որ սիրտը կպել է մեծ աղջկան: «Շատ նրբանկատ ձեւով մենք ցույց ենք տվել որդեգրման ենթակա երեխաներին: Սկզբնական շրջանում մենք չենք ասում, թե ինչու ենք ծանոթացնում, որ երեխաներն ավելորդ էմոցիաներ չապրեն: Երեխան նրանց հետ մի տարի մտերմացավ, գնաց-եկավ, հոգեկան կապն ստեղծվեց, մտան դատարան եւ որդեգրությունը ճանաչեցին»,- ասում է Նիկոլայ Նալբանդյանը: Միշտ չէ, որ նա համաձայնում է երեխա տալ եկողներին՝ լավ «ինտուիցիա» ունի: «Լինում են դեպքեր, երբ մեզ զանգում են, ասում են՝ երեխա ենք ուզում որդեգրել: Ես զանգողի ձայնից, ասելու տոնայնությունից, ձեւից արդեն որոշում եմ՝ արժե՞ տալ, թե՞ ճիշտը մերժելն է»: «Ինտուիցիան» տնօրենին չի խաբել, Գավառում դեռ չի եղել դեպք, որ որդեգրած երեխային հետ բերեն մանկատուն: Վերջին երկու տարում նաեւ ընտանիքների հետ վերամիավորումներ են եղել, երբ սոցիալապես անապահով ծնողները հետ են տարել պետության խնամքին թողած իրենց զավակներին: «Օրանժ Արմենիայի» հետ է Գավառի մանկատունը նման մի ծրագիր իրականացրել: Ուսումնասիրվել են այն ընտանիքները, որոնք երեխային տուն տանելու մտադրություն ունեն, բայց տնտեսական խնդիրներ էլ ունեն, լուծել են դրանք եւ երեխաներին ուղարկել տուն: Անցյալ տարի Գավառի մանկատան 16 երեխա է գնացել տուն: