Ռեբեցն իրե՞րն է հավաքում՝ նրան ազատել են աշխատանքից

Ռեբեցն իրե՞րն է հավաքում՝ նրան ազատել են աշխատանքից

Վերջերս անհանգիստ իրավիճակ է «Հարավկովկասյան երկաթուղում»։ Կրկին սկսել է շրջանառվել ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի պաշտոնանկության լուրը։ Խոսակցություններն ակտիվացան Համագործակցության երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի 62-րդ նիստից հետո։ Նախորդ նիստերում, որոնցից մեկը տեղի է ունեցել 2014 թվականի հունիսին, Բաքվում, Ռեբեցն էր ներկայացրել Հայաստանը։ Ասում են, խորհրդի նիստի դահլիճում, պաշտոնական արարողության ժամանակ միայն Հայաստանի դրոշը ներկայացված չի եղել, բայց Ռեբեցը վատ չի զգացել դրանից եւ հանգիստ լուսանկարվել է, ինչը տեղադրվել է խորհրդի կայքում եւ մեծ դժգոհություն առաջացրել Հայաստանի պաշտոնական շրջանակներում։ Այս անգամ տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայկական երկաթուղու տնօրենին չի լիազորել մասնակցելու Մինսկում մայիսի 20-21-ին կայացած համաժողովին, նրա փոխարեն Բելառուսի մայրաքաղաք ուղարկելով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության երկաթուղու վարչության պետ Արսեն Մկրտչյանին։ Այս թեմայով հետաքրքիր եւ երկիմաստ զրույց ունեցանք նրա հետ, որը մեզ ամենեւին էլ չհամոզեց, որ տրանսպորտի նախարարության եւ «Երկաթուղու» միջեւ հակասություններ չկան։



- Ինչո՞ւ էր այս անգամ տրանսպորտի նախարարությունը Ձեզ ուղարկել երկաթուղայինների նիստին, այլ ոչ թե Ռեբեցին։



- Խնդիրն այն է, որ երկաթուղու ադմինիստրացիաների խորհրդում, որը նիստեր է հրավիրում ԱՊՀ անդամ երկրների շրջանակներում, ներկայացված են երկաթուղային ադմինիստրացիաները։ ՀՀ օրենսդրության համաձայն, ադմինիստրացիա է հանդիսանում ՀՀ տրանսպորտի նախարարությունը, ոչ թե երկաթուղու կոնցեսիոները, այսինքն, պետը։ Այն երկրներում, որտեղ կա երկաթուղու նախարարություն, ստորագրում է երկաթուղու նախարարը։ Եթե երկաթուղին պետական ձեռնարկություն է, ապա նիստին մասնակցում է տվյալ ձեռնարկության տնօրենը։ Այստեղ ոչ մի սենսացիա չկա։ Նախարարությունը հարմար է գտել, որ պետք է վարչության պետն ստորագրի, ինչը որ նորմալ է, եւ լիազորագիրը տրվել է ինձ, ոչ թե Ռեբեցին։ Մենք դրանով չենք ուզում ոչ մի բան ցույց տալ, ապացուցել, դրանով վստահության կամ անվստահության քվե հայտնել։ Այսօր ես ինքս երկաթուղային ոլորտը լավ պատկերացնող անձնավորություն եմ, այս պաշտոնին նշանակվել եմ անցյալ տարվա հունվարի 22-ին, եւ նախարարության ղեկավարությունը հարմար է գտել, որ Հայաստանը ներկայացնի պետական պաշտոնյա, ոչ թե մասնավոր ձեռնարկություն։



- Իսկ անցյալ անգամ Ռեբե՞ցն էր ներկայացնում։



- Անցյալ անգամ նիստը եղել է Բաքվում։ Ռեբեցն էր գնացել եւ ուներ լիազորագիր։ Դրա ժամկետը լրացել էր, նոր լիազորագրի համար նա ուշ դիմեց, մինչեւ նա դիմեց լիազորագիր ստանալու, ինձ նախարարությունն արդեն տվել էր լիազորագիր։



- Ճի՞շտ է, որ նախարարությունում որոշակի դժգոհություն կա՝ կապված Բաքվում Ռեբեցի անցկացրած ֆոտոսեսիայի հետ, որ նա ադրբեջանական դրոշի ներքո նկարվել է։



- Երբ որ Բաքվի մասնագետները 55-րդ խորհրդին մասնակցելու համար եկել էին Երեւան, իրենց դրոշը չդրվեց «Մարիոթում», եւ նրանք չնկարվեցին, իսկ թե Ռեբեցը նկարվել է կամ չի նկարվել, դա բացառապես Ռեբեցի խնդիրն է, մենք դրանից պրոբլեմ չենք սարքում։



- Այնուամենայնիվ, նա եկել էր Մինսկ։



- Բոլոր վարչակազմերը ներկայացված էին մի քանի հոգով։ Բայց ստորագրության իրավունք ունի մեկը, եւ այդ իրավունքը տրված էր ինձ։ Մեր մեջ մրցակցություն չկա, որեւէ անձնական կամ քաղաքական խնդիր դրա մեջ չկա։ Մենք նման հարցերի մեջ ադեկվատ ենք, նորմալ ենք, տրագեդիա չենք սարքում, թե Ռեբեցն ստորագրեց, թե չէ: Որոշվել է, որ այս անգամ պետք է անի Արսեն Մկրտչյանը, եթե վաղը լիազորություն տրվի Պողոս Պողոսյանին, կստորագրի Պողոս Պողոսյանը։



- Ռեբեցին ազատե՞լ են աշխատանքից։



- Ես տեղեկություն չունեմ, թե նրան ազատել են, թե չէ։ Նրա ազատել-չազատելու հարցը նրա գործատուի որոշելու հարցն է։ Մեր եւ երկաթգծի միջեւ որեւէ հակասություն կամ ինչ-որ բան չկա։ Մենք կադրային հարցերին երբեք չենք միջամտել։ Դա նրանց տնօրենների խորհրդի հարցն է, որի մեջ մենք չենք ուզում մտնել որպես պետական մարմին։



- Որպես երկաթուղու մասնագետ, վարչության պետ, գո՞հ եք «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատանքից։



- Ես այդ հարցին չէի ցանկանա պատասխանել։



ՀԳ․ Հայկական երկաթուղին պաշտոնապես չի հաստատում Ռեբեցի պաշտոնանկության փաստը, սակայն ՌԴ երկաթուղայինների շրջանակին մոտ կանգնած աղբյուրի համաձայն, Ռեբեցի հարցը լուծված է, եւ նույնիսկ կա «Հարավկովկասյան երկաթուղու» սեփականատեր ԲԲԸ-ի՝ «Ռուսաստանյան երկաթուղիների» նախագահ Վլադիմիր Յակունինի հրամանը նրան պաշտոնից ազատելու մասին։