Ով է իրականում «Էկթրաքի» հետևում

Ով է իրականում «Էկթրաքի» հետևում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում տեղի ունեցած չարաշահումների բացահայտումները եւ այդ ընկերության պահանջն էլեկտրաէներգիայի գինը բարձրացնելու վերաբերյալ ժամանակի առումով համընկնում են։ Ստացվում է, որ «Ցանցերում» յուրացումներ եւ գերածախսեր են լինում, որոնք այդ ընկերությունը փորձում է փոխհատուցել ՀՀ քաղաքացիների կաշին քերթելով։ Բացահայտումներով զբաղվում են եւ պետական մարմինները, եւ առանձին պատգամավորներ, եւ մամուլը, բայց բանը քրեական գործերի հարուցման չի հասնում։ ՀՀ դատախազությունը 2013 թվականին քննություն սկսեց ՀԷՑ-ում կատարվող գումարային վատնումների եւ չարաշահումների հետ կապված, սակայն կարճ ժամանակ անց փակեց այն, առանց հրապարակայնացնելու իր որոշումը։



Նաեւ այլ իրավապահներ են այս ընթացքում փորձել թափանցել ռուսական ընկերության ներքին ֆինանսական խոհանոցը, բայց բախվել են պատի։ Այսօր նույնիսկ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, որը չի սիրում «չարաշահումներ» բառը եւ, սովորաբար, նման դեպքերում հորդորում է ոչ թե պատասխանատուների փնտրել, այլ լուծել խնդիրները, ՀԷՑ-ի դեպքում խոստովանում է, որ համակարգում չարաշահումների ռիսկեր կան։ Օրերս մեծ աղմուկ բարձրացվեց ՀԷՑ-ի մի գործարքի շուրջ։ 2011 թվականին «Ցանցերը» «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ից մեծ գումարներով ավտոմեքենաներ են վարձակալել։ Դրա դիմաց ամսական 1000 դոլարի, համարժեք դրամ են վճարել «Էկթրաք սերվիսին» եւ, բացի դա, այլ թանկարժեք գործարքներ էլ են կնքել ընկերության հետ։ Օրինակ, վերջինիցս 800 հազար դրամով տարածք են վարձակալել՝ դեպի Արտաշատ տանող ճանապարհին։ «Էկթրաք սերվիսը», որի հետ աստղաբաշխական գումարների վարձակալության պայմանագրեր էր կնքում, վերջերս հիշատակվեց որպես Տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի բաջանաղի կազմակերպություն։



Իրականում, սակայն, «Էկթրաք սերվիսը» ՀԷՑ նախկին փոխտնօրեն Կարեն Դարբինյանի հիմնադրած ընկերությունն է, իսկ Շաբոյանի բաջանաղը՝ Գեղամ Կարապետյանը, Դարբինյանի մորաքրոջ տղան է եւ սանիկը։ ՍՊԸ-ն Դարբինյանը գրանցել է 2006 թվականին եւ հիմնադրել 2007 թվականին։ Այն ժամանակ նա «Ցանցերի» ամենաազդեցիկ դեմքերից էր։ Հետաքրքիր է, որ նրա հետ համափայատեր է եղել նաեւ արտասահմանյան քաղաքացի, ոմն Դեւոլթ Փաուեր, որի միջոցով ընկերությունը գրանցվել է օֆշորային գոտում՝ Վիրջինյան կղզիներում։ 2009 թվականին Կարեն Դարբինյանն իր փայաբաժինը փոխանցել է Գեղամ Կարապետյանին, որը մինչ օրս էլ «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ի տնօրենն է։ Դարբինյանը 2011 թվականին հեռացել է ՀԷՑ փոխտնօրենի պաշտոնից, քանի որ, ըստ մամուլի հրապարակումների, հակասություններ է ունեցել գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հետ։ Բայց, փաստորեն, Կարեն Դարբինյանն իր մորաքրոջ տղայի միջոցով շարունակում էր առնչություններ ունենալ ՀԷՑ-ի գործունեության հետ։ Ներկայում Բիբինն էապես կրճատել է «Էկթրաք սերվիսի» հետ իր գործակցությունը, թողնելով միայն ավտոտրանսպորտի վարձակալության պայմանագրերը, այն նույն ավտոմեքենաների, որոնց համար ՀՀ բնակչությունն ամիսը 1000 դոլար գումար է վճարում «Էկթրաք սերվիս»-ին։ Իմիջիայլոց, ՀԷՑ-ի գնումների վերահսկողությունը պետք է իրականացներ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Եթե հանձնաժողովը նման գործառույթ իրականացներ, գուցե այսօր էլեկտրաէներգիայի թանկացման անհրաժեշտություն առաջ չգար։ «Ներդրումային ծրագրերը մենք ենք վերահսկում, բայց շքեղության ծախսերից ոչ մեկը երբեք մտած չի եղել սակագնի հաշվարկի մեջ»,- պատասխանում է հանձնաժողովի խոսնակ Մարիամ Ստեփանյանը։



Երեկ մենք ողջ օրվա ընթացքում փորձում էինք կապ հաստատել Կարեն Դարբինյանի հիմնած օֆշորային ընկերության հետ, սակայն գրանցված հեռախոսահամարներով ոչ ոք չէր պատասխանում, կամ էլ անծանոթ համարների չէին պատասխանում։ Կապվեցինք նաեւ Եվգենի Բիբինի հետ, որն ասաց․ «Это ваш телефончик? Вам перезвонят через полчаса»: Իհարկե, խաբեց։ Մեզ «перезвонить» չարեցին։ Կարեն Դարբինյանը այս ամենի առնչությամբ ասաց․ «Ես եղել եմ այդ հիմնարկի տնօրենը, բաժնետեր չեմ եղել, իսկ սեփականատերը եղել է հայ, Տոնոյան Մինասը»։ Թանկարժեք վարձակալության պայմանագրերի վերաբերյալ հարցին պատասխանեց, որ դրանցից տեղյակ չէ, սակայն ընդունեց, որ «Էկթրաք սերվիսի» տնօրեն Գեղամ Կարապետյանն իր մորաքրոջ տղան է։ Զանգահարեցինք նաեւ Դարբինյանի հորը՝ փորձառու էներգետիկ Իլյիչ Դարբինյանին։ «Ինչների՞դ է պետք Կարեն Դարբինյանը։ Ո՞վ ասեց, որ օֆշորում է գրանցված, էդ որտեղի՞ց եք այդ սկանդալային տվյալները գտել»,- հարցրեց նա մեզ։ «Պետռեգիստրում է գրանցված»,- պատասխանեցինք։ «Ռեգիստրում գտել եք, որ օֆշորում գրանցված հիմնարկությո՞ւն է, հա՞»։ «Վիրջինյան կղզիներում»։ «Ի՞նչ ես ուզում,- ջղայնացավ էներգետիկը,- սենսացիա՞ ես ման գալիս, հա՞։ Ձեր մասնագիտության համաձայն, սենսացիա՞ եք ման գալիս»։ Ապա ժխտեց այն, ինչ հաստատել էր որդին՝ որ «Էկթրաք սերվիսի» տնօրենն իր կնոջ քրոջ որդին է։