Հայաստանում իրական աղքատությունը մոտ 80 տոկոս է

Հայաստանում իրական աղքատությունը մոտ 80 տոկոս է

Հարցազրույց տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ



- «Ցանցերում» եղել են չարաշահումներ, վատնումներ, դուք «թալան» բառից խուսափում եք, բայց էլի ոնց որ դրանց համար ժողովուրդը պետք է պատասխան տա՝ իր գրպանից։ Չե՞ք կարծում, որ մեղավորներին պետք է գտնել, որ մարդիկ գոնե դրանով հանգստանան։



- Սա նուրբ խնդիր է։ Իշխանության անմիջական ներկայացուցիչների, հանրապետականների շրջանում նույնիսկ չկա որեւէ մեկը, որ հիմնավորումներ բերի, թե թանկացումը պետք է։ Էներգահամակարգն անընդհատ պահանջում է արդիականացում, թարմացում։ Հիմա ամրագրում են, որ պահանջվում է 250 մլն դոլարի ներդրումներ, բայց, ըստ էության, մոտավորապես այդքան արդեն ուղղվել է այդ համակարգին։ Իմ պատգամավոր եղած տարիներին մեր արտաքին պարտքի զգալի մասը ծառայեցրել ենք էներգետիկ համակարգի արդիականացմանը։ Բայց, փաստորեն, այդ գումարները նպատակամետ չեն օգտագործվել, փոշիացվել են, ուղղվել են ճոխ սպառումների՝ ես չեմ ուզում թվարկել։



- Պետք չէ՞ մեղավորներին տույժի ենթարկել։



- Աշխարհում մարդ արարածի նկատմամբ միշտ պետք է գործի իմպերատիվ պատասխանատվության միջոց։ Հակառակ դեպքում մարդը չի էլ իմանում, թե ինքը որ մի ազատ տիրույթում է հայտնվում, որտեղ կարող է անել ինչ ուզում է։ Եթե պատասխանատվության ինստիտուտը չգործի, ապա նույնիսկ ամենազարգացած երկրներում չարաշահումներն անխուսափելի են։



- Ինչո՞ւ մեզ մոտ չի գործում։



- Պայմանավորված այն հանգամանքով, որ մենք տասնամյակներ շարունակ ապրել ենք կենտրոնացված կառավարման մոդելում։ Կտրուկ անցումն ազատական հարաբերությունների եղած մոդելը ջախջախեց, նոր մոդելը դեռ չի ստեղծվել։



- Լավ, որքա՞ն պետք է տեւի անարդարության անցումային փուլը։



- Առնվազն երկու սերունդ է պահանջվում դրա համար, այսինքն՝ հիսուն տարի։ Բնականաբար, թռիչքային առաջընթաց չի կարող լինել։ Սա գիտե՞ք ինչի է նման։ Որ մենք մարդուն սափրել ենք, ֆրակը հագցրել ենք, Լա Սկալայի բեմում կանգնեցրել ենք ու ասում ենք՝ երգի։ Բայց նա երբեք չի երգել։ Նա բոլոր ատրիբուտներն ունի, բացի ձայնից։ Երեխան իր մոր արգանդում մնում է 9 ամիս, եւ որքան էլ մենք մեծ հնարավորություններ ունենանք, չենք կարող պատվիրել այդ տեղին, ասել՝ մեզ շուտափույթ, վաղը չէ մյուս օրը պետք է այդ երեխան։



- Արդյոք անձը դեր չունի՞։ Նախագահն արդյոք չի՞ կարող ասել՝ բերեք այդ գումարները, հետ տվեք, Տիգրան Սարգսյան, չգիտեմ՝ «Նաիրիտի» նախկին ղեկավար, «Ցանցերի» տնօրինություն, հարգելի Գլադունչիկ եւ Բիբին, հետ տվեք մեր գումարները, հետո նոր մտածենք, թե ինչ անենք։



- Իհարկե կարող է, դրա համար էլ ես որ ասեցի՝ նվազագույնը 50 տարի, դա դեռ չի նշանակում, թե կքնենք-կարթնանանք, ու ամեն ինչ լավ կլինի։ Անհատները, բոլոր որոշում ընդունողները կարող են այդ պրոցեսն արագացնել։



- Անցնենք տարածաշրջանային հարցերի։ ԵՏՄ-ին անդամակցության պրոցեսն սկսվել է, բայց Ռուսաստանում գտնվող քաղաքացիներն այդ երկրում յուրային չեն դարձել։ Էլի փախչում են ոստիկանից, անօրինական գումարներ են վճարում գրանցման համար եւ այլն։ Ինչո՞ւ։



- Այս խոցելի պահերը մենակ մեզ մոտ չեն, հետխորհրդային ամբողջ տարածքում են։ Մինչեւ անգամ մերձբալթյան հանրապետություններում կան դրանք։ Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամակցության հարցին, մեր մաքսիմալիզմը մեզ կերել է։ Հետո՞ ինչ, որ մենք անդամ ենք դարձել։ Բայց գործընթացը կիսատ է, եւ նույնիսկ ավարտվելու դեպքում էլի այնտեղի ոստիկանը փող է ուզելու գրանցման համար։ Սա մանր հարց է, բայց խոշոր առումով մենք պետք է մտածենք, թե որտեղ պետք է գտնվենք։ Մեկուսացված ապրելը բացառված է։ Պարտադրված մեկի տիրույթ մտնելու պարագայում դու ստիպված ես փնտրել հնարավորինս քո շահերի պահպանումը։ Դա կլինի արտահանում, շուկաների գրավում եւ այլն, իսկ այս պարագայում ես որպես մասնագետ եմ ասում․ ՀՀ-ն տվյալ պահին եւ տեսանելի ապագայում չի կարող ԵՏՄ-ից լավ տիրույթ գտնել։



- Ամռան թեժ շրջան է, բայց այսպիսի թանկություն դեռ չի եղել։ Մարդիկ աղքատացել են, խնձորն ու ելակը մատչելի չեն այլեւս։ Ինչո՞ւ։



- Մեր կամքից անկախ՝ կա առաջարկի եւ պահանջարկի հարաբերակցության հարց։ Եթե չկա ապրանք, դրա գինը բարձրանում է։



- Հիմա ելակ չկա՞, կեռաս չկա՞։



- Ոչ, ոչ թե դա չկա, այլ Հայաստանում եկամուտների սարսափելի բեւեռացվածություն կա։ Մի ստվար հատված ապրում է 30 հազար դրամով, մի փոքր հատված ապրում է… վախենում եմ նշել գումարները։ Ոչ փորձագետը տեսնում է, որ Երեւանում կատաստրոֆ շքեղության շենքեր կան, որտեղ մարդիկ չկան։ Կա մի փոքր զանգված, որն ունի անսահման հնարավորություններ։ Այս պահի դրությամբ ՀՀ-ում արտադրվող ելակը, լոլիկը, խնձորը եւ այլն… դրա ծավալն սպառվում է այդ բարձր գնով, ոչ մի պրոբլեմ չունեցող մարդկանց միջոցով։ Բնականաբար, եթե ես գնում եմ ու չեմ էլ հարցնում ինչ արժե, վաճառողն իր բարձր գինն է սահմանում։



- Աղքատության պաշտոնական ցուցանիշը մոտ 35 տոկոս է։ Իրական տոկոսը, Ձեր կարծիքով, որքա՞ն է։



- Մեկ հոգու համար 17 հազար դրամն է աղքատության շեմը։ Հնարավո՞ր է սրանով գոյատեւել։ Դա անիրական է։ Իրական շեմն առնվազն 100 հազար դրամն է։ Նշանակում է՝ Հայաստանում 80 տոկոսն է աղքատ։



- Նշանակում է Հայաստանում հացի խնդի՞ր կա։



- Այո, բայց ոչ միայն հացի։ Մարդն այստեղ իրեն նսեմացված է զգում, հոգեբանորեն ճնշված։ Իրավունքը, որպես կատեգորիա, գոյություն չունի։ Շատերը հենց դրա համար էլ հեռանում են երկրից, որ իրենց արհամարհված են զգում։



- Դուք առաջ ԲՀԿ անդամ էիք, հիմա անկուսակցական եք։ Որպես կուսակցակա՞ն էիք Ձեզ ավելի ռեալիզացված զգում, թե՞ հիմա։



- Ես գրող մարդ եմ, ես քաղաքական սուբյեկտ չեմ։ Իմ տեսակի մեջ չի մտնում, որ ես փողոցներում պտտվեմ ասեմ՝ խնդրում եմ, ինձ սիրեք։ Միշտ մտածել եմ, որ ինչ կատարվում է, ինձ համար լավ է։ Հիմա էլ, եթե հարցերի մասին բարձրաձայնում եմ, նշանակում է՝ փոքր կամ մեծ մտահոգությամբ ուզում եմ լավը տեսնել։