ՊՆ խոսնակը պաշտոնապես ստո՞ւմ է

ՊՆ խոսնակը պաշտոնապես ստո՞ւմ է

Պաշտոնյայի խոսնակը, մամուլի քարտուղարը նրա բերանն է, շուրթերը, խոսափողը՝ պաշտոնական տեղեկատվություն ստանալու: Եթե խոսնակը ստում է, ուրեմն ստում է պաշտոնյան: Եթե ստում է պաշտպանության նախարարի խոսնակը, ուրեմն ստում է պաշտպանության նախարարը: «Զինապարտների եւ զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգի» համաձայն, որը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ստորագրել է 2013 թվականի ապրիլի 8-ին, Հայաստանում հեպատիտ B հիվանդության վարակակիրներին չեն ազատում պարտադիր զինվորական ծառայությունից: Հեպատիտ B-ն լյարդի ինֆեկցիոն հիվանդություն է, որը կարող է եւ բուժվել, եւ ծանր հետեւանքներ ունենալ, եթե հիվանդները չեն գտնվում բժշկի հսկողության տակ եւ չեն պահպանում հատուկ սննդակարգեր: Այս մասին գրել էինք նախորդ հրապարակումներից մեկում, եւ ՊՆ խոսնակն «Իրավունք» կայքի միջոցով պատասխանել էր մեզ, պնդելով, որ մեր տեղեկությունը ճիշտ չէ։ «Նման բան գոյություն չունի: Հատուկ ինչ-որ բան ՊՆ-ն ոչ մի բան չի ձեռնարկում ինչ-որ հետատիտ B-ի կամ C-ի դեմ: Էս պահին բանակ հեպատիտ B-ով հիվանդներին չեն տանում»,- ասել էր ՊՆ խոսնակը: Նրա խոսքը հակասում է պաշտպանության նախարարի ստորագրած վերոնշյալ կարգի 18-րդ հոդվածին, որում բառացիորեն ասված է. «Առանց ֆունկցիոնալ խանգարման HBS-անտիգենակրությունը խոչընդոտ չէ զինվորական ծառայության անցնելու համար: Հեպատիտ B տարած զինծառայողներին անհրաժեշտ է կատարել հսկողական հետազոտություններ՝ լավացումից 3-6 ամիս անց»: Այս հոդվածում նաեւ սահմանվում է, որ հեպատիտ B հիվանդությամբ տառապող զինծառայողներին չեն ազատում ծառայությունից, այլ բուժում են ինֆեկցիոն բաժանմունքներում, իսկ բուժման ավարտից հետո տրամադրում են վերականգնողական արձակուրդ: Փաստորեն, նախարարի խոսնակը ստում է առանց վարանելու եւ կամ վստահ է, որ նման վարքի համար նրան երբեք չեն պատժի, այլ նույնիսկ կխրախուսեն: Կա նաեւ մյուս տարբերակը: Ասենք, մեր հրապարակումից հետո նախարարը որոշել է փոփոխություն մտցնել կարգերի մեջ՝ այսուհետ բուժվելու ժամանակ տալ սուր հեպատիտով հիվանդներին, իսկ քրոնիկական հիվանդներին եւ վարակակիրներին ազատել պարտադիր զինծառայությունից, այսպիսով կանխելով նաեւ արյան միջոցով եւ սեռական ճանապարհով տարածվող այս հիվանդության տարածումը: Բայց այս դեպքում պետք է պատշաճ ձեւով ծանուցել հանրությանը, ոչ թե իրականությանը չհամապատասխանող, թերի տեքստեր արտաբերել, թյուրիմացության մեջ գցելով այն քաղաքացիներին, ովքեր այս օրերին ուշադիր հետեւում են ՊՆ-ից դուրս եկող ցանկացած ինֆորմացիայի: Հուսանք, որ ռեալը վերջին տարբերակն է, եւ նախարարի հրամանը հեպատիտի վերաբերյալ պետք է փոխվի: Ի դեպ, սա առողջապահական խնդիր է, որով կարող են զբաղվել նաեւ ՊՆ խնդիրներով զբաղվող ՀԿ-ները, օրինակ, «Ռազմական բժիշկների ասոցիացիան»: Սա շատ ավելի արժանապատիվ զբաղմունք կլիներ, քան մամուլի դեմ դատական վեճեր նախաձեռնելը: