Բացվել է Հայաստանում ներառական առաջին խաղահրապարակը

Բացվել է Հայաստանում ներառական առաջին խաղահրապարակը

Երեւանի քաղաքապետարանը 2013թ. մեկնարկեց Երեւանի կենդանաբանական այգու վերակառուցման ծրագիրը, որով նախատեսվում էր արմատապես փոխել ինչպես այգու միջավայրը, այնպես էլ կենդանիների պահման եւ խնամքի պայմանները: Ծրագրի առաջին փուլի շրջանակում այգում շուրջ 1 մլրդ դրամի շինարարական եւ դիզայներական աշխատանքներ իրականացվեցին, եւ 2015թ. հունիսի 1-ին այն իր հերթական տարեշրջանն սկսեց անճանաչելիորեն վերափոխված: Ծրագրի մեկնարկին զուգահեռ տարբեր կառույցներ, այդ թվում նաեւ բնապահպանական ուղղվածության հասարակական կազմակերպություններ, հանդես եկան ծրագրում իրենց մասնակցությունն ունենալու առաջարկությամբ: Մասնավորապես, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն առաջարկեց այգում նախատեսվող խաղահրապարակի կառուցման շրջանակում ունենալ նաեւ ներառական խաղահրապարակ: Առաջարկն արժանացավ Երեւանի քաղաքապետի հավանությանը, ու նրա հանձնարարությամբ խաղահրապարակի կառուցումը ներառվեց այգու վերակառուցման ծրագրում:
Ըստ այդմ 2014թ. դեկտեմբերից հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված հանրային դրամահավաք-արշավի արդյունքում հավաքագրվեցին թե՛ շարքային քաղաքացիների, թե՛ հիմնադրամի գործընկեր կառույցների կողմից կատարված ներդրումները:



2015թ. ապրիլի 9-ին «Մարիոթ» հյուրանոցում անցկացվեց բարեգործական երեկո, որին մասնակցեցին մասնավոր եւ հասարակական կառույցների, դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կենդանի, անձայն աճուրդների եւ ազատ հանգանակությունների արդյունքում հավաքվեց շուրջ տասը միլիոն դրամ, որը երեկոյի ավարտին կրկնապատկեց հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
«Ներառական խաղահրապարակի ստեղծումը կարեւոր է այն առումով, որ սահմանափակ կարողություններով երեխաներին թույլ է տալիս հավասարապես օգտվել խաղահրապարակի հնարավորություններից: Դա դրական ազդեցություն կունենա նրանց վրա թե՛ ֆիզիկական, թե՛ էմոցիոնալ տեսանկյունից՝ տալով նրանց հաղորդակցվելու եւ միմյանցից սովորելու, իրենց կարողությունները բացահայտելու եւ զարգացնելու, ինչպես նաեւ հոգեբանական խոչընդոտները հաղթահարելու հնարավորություն: Հաշվի առնելով այս ամենը` ՎիվաՍել-ՄՏՍ-ը չէր կարող անմասն մնալ այս նախաձեռնության իրագործմանը»,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նախագծի իրականացմանն իրենց աջակցությունն են բերել նաեւ Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ ընկերությունը, Էյչ Էս Բի Սի Բանկ Հայաստանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության աշխատակազմը, Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգու աշխատակազմը, Հայ-բրիտանական գործընկերության պալատը, անհատներ եւ կազմակերպություններ:



Խաղահրապարակի կառուցման ընթացքում օգտակար եւ անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն են ցուցաբերել «Ունիսոն», «Հույսի կամուրջ», «Հայ մայրեր», «Փրկություն» ՀԿ-ները, Մանկական զարգացման հիմնադրամը: Մասնագիտական, խորհրդատվական գնահատելի աջակցություն է ցուցաբերել նաեւ «Աուտիզմ» ազգային հիմնադրամը:
Ծրագրի արդյունքում կառուցված խաղահրապարակը, վստահաբար, սոցիալական ինտեգրման մոդելային տարածք կդառնա՝ նման երեխաների նկատմամբ հանրային ընկալման որոշակի կարծրատիպերը փոխելու համար: Ներառական խաղահրապարակն առողջ զարգացման ինքնատիպ հարթակ կդառնա տարբեր կարողություններով երեխաների համար, որտեղ նրանք խաղի եւ կրթության հավասար հնարավորություններ կունենան: