Ագրամունտն ու Իվինսկին ԵԽԽՎ Ադրբեջանին վերաբերող բանաձևում կրկնել են իրականության հետ կապ չունեցող ադրբեջանական քարոզչության դրույթները. ԼՂՀ ԱԺ

Ագրամունտն ու Իվինսկին ԵԽԽՎ Ադրբեջանին վերաբերող բանաձևում կրկնել են իրականության հետ կապ չունեցող ադրբեջանական քարոզչության դրույթները. ԼՂՀ ԱԺ

ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հունիսի 18-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` կապված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովի կողմից նախնական հավանության արժանացած «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցում և դրան կից բանաձևի նախագծում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տեղ գտած անընդունելի ձևակերպումների հետ:



Հայտարարությունը՝ ստորև:



«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից նախնական հավանության արժանացած «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցը և դրան կից բանաձևի նախագիծը ներառված են ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանի օրակարգում:



Ադրբեջանին վերաբերող բանաձևի նախագծում համազեկուցողներ Պեդրո Ագրամունտը և Թադեուշ Իվինսկին ոչ միայն չեն ներկայացնում Ադրբեջանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների բնագավառներում բացահայտ հետընթացը, այլև բանաձևի առաջին իսկ պարբերությամբ անդրադառնում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, այն էլ՝ իրականության հետ որևէ առնչություն չունեցող և զուտ ադրբեջանական պետական քարոզչության հայտնի դրույթները կրկնող ձևակերպումներով:



Մենք խորապես մտահոգված ենք, որ այդօրինակ ձևակերպումների ամրագրումն ակնհայտորեն խրախուսում է ԼՂ խնդրի կարգավորման գործում միակ միջազգայնորեն ճանաչված մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդական գործունեության խափանմանն ուղղված Ադրբեջանի ջանքերը:



Ավելին, նման փաստաթղթում հակամարտության էությունը նենգափոխելու և միակողմանի ներկայացնելու ձգտումը ընկալվում է որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների բնագավառներում Ադրբեջանում գրանցված բազմաթիվ կոպիտ խախտումները հակամարտության առկայությամբ արդարացնելու փորձ:



Անկախ ժողովրդավարական պետականություն կառուցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 24 տարիների փորձը լավագույն օրինակներից է ապացուցելու, որ նույնիսկ չկարգավորված հակամարտության պայմաններում հնարավոր է մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և ժողովրդավարական արժեքների հաստատումը, ապահովումն ու ամրապնդումը:



Մենք՝ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչներս,
գնահատելով Եվրոպայի խորհուրդը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության, իրավական պետության ու իրավունքի գերակայության սկզբունքների տարածման առաջատար կառույց և համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եվրոպական տարածքի մաս է, որն առաջնորդվում է համաեվրոպական արժեհամակարգով՝



- կոչ ենք անում Խորհրդարանական վեհաժողովի մեր հարգարժան գործընկերներին՝ հավատարիմ մնալ Եվրոպայի խորհրդի նպատակներին ու առաքելությանը և չթույլատրել խեղաթյուրված ու միակողմանի ձևակերպումներով պատրաստված ԵԽԽՎ փաստաթղթերի ընդունումը,



- առաջարկում ենք Եվրոպայի խորհրդին և կազմակերպության տարբեր ատյաններին ուղղակի համագործակցություն ծավալել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:



ԼՂՀ Ազգային ժողովի`
«Հայրենիք»
«Ժողովրդավարություն»
«Դաշնակցություն»
«Շարժում-88»
«Վերածնունդ» խմբակցություններ