Շուշան Պետրոսյանը «խոցեց» Գեներալ Մանվելին

Շուշան Պետրոսյանը «խոցեց» Գեներալ Մանվելին

ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստով քննարկում է «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով սահմանվում է երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու համար ներկայացվող դիմումների համար սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2017-ի դեկտեմբերի 1-ը: Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը հայտարարեց, որ ՊՆ են հրավիրվում ջոկատների հրամատարներ, Արցախյան ազատամարտի հեղինակավոր մասնակիցներ, ովքեր վկայություն են տալիս կռվածների մասին, այդպես հավաքագրվում է տեղեկատվությունը:



ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը ասաց, որ ուշադրության են արժանի մարդիկ, որոնք չունեն փաստաթղթեր, ընկերներն էլ արդեն չկան, որ պատերազմին նրանց մասնակցությոնը ապացուցեն: Ասաց, որ ինքն այդպիսի առնվազն երկու դեպք գիտի.«Այստեղ նուրբ պահ կա, կռված հայ տղամարդը վիրավորվում է, որ իրեն ասում են, թե ապացույց բեր, որ մասնակցել ես»: Պատգամավորուհու խոսքը խոցեց գեներալ Մանվել Գրիգորյանին .«Հո ադինոկի վոլկ չե՞ն, սաղ ջոկատներով են կռվել, ընկերները կան, չէ՞»,- սաստեց նա:
«Օդինոկի վոլկի մասին չի խոսքը, պարոն գեներալ, կան դեպքեր, որ չկան ընկերներ արդեն, եւ չկան ապացույցներ»:



Մանվել Գրիգորյանը փորձեց շարունակել, տեղից բրդբրդաց Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, սակայն պատգամավորներին հանդարտեցրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. «Լավ, հարցը կպարզաբանվի, չի կարելի այդպես»:



ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ նշեց, որ 2013թ. գործող այս հանձնաժողովի աշխատանքները մի օր պետք է դադարեցնել, քանի որ, փառք Աստծո, հիմա էլ չեն լինելու կամավորներ. «Որեւէ մի ջոկատ չգիտեմ, որ ամբողջությամբ զոհվել են ու մարդ չի մնացել, այդ պատճառով անգամ ֆոտոներ էլ պետք չեն, այլ հենց մարդիկ իրենք կպատմեն: Մենք կողմ պետք է քվեարկենք այս նախագծին»: