Արդարադատության նախարարը մաքրեց կալանավայրերի 9 տարվա «կեղտը»

Արդարադատության նախարարը մաքրեց կալանավայրերի 9 տարվա «կեղտը»

2006 թվականից ՀՀ ազատազրկման վայրերում մի հիմար կանոն էր գործում, մի կարգ, որին ոչ Դավիթ Հարությունյանի, ոչ Գևորգ Դանիելյանի, ոչ էլ Հրայր Թովմասյանի օրոք ձեռք չէին տալիս։ Խոսքը ազատազրկված անձանց համար սահմանված կարգի մասին է, որի համաձայն նրանք կարող էին իրենց մոտ ունենալ միայն այն իրերը, առարկաներն ու սննդամթերքը, որոնք գնվել են կալանավայրի կրպակից, կամ խանութից։ Իհարկե, կային իրեր որոնք այնտեղ չէին վաճառվում։ Օրինակ, հեռոսւտացույց, ռադիոընդունիչ, սառնարան, և այլն, «Գործնականում կալանավորված անձանց նկատմամբ ստացված ապրանքները այս խանութներից ձեռք բերված ապրանքներ չեն, և ինչպես արդեն նշվեց, ՔԿՀ-ն դրանք չի կարողանում ապահովել, սակայն դրանք անազատության մեջ գտնվող անձանց համար թույլատրելի են, և ՔԿՀ-ն չի կարողանում մերժել դրանց ընդունումը փաստացի։ Արդյունքում վարչակազմը չի պահպանում այս պահանջը, քանի որ դրանք կրպակից կամ խանութից գնված չեն>, - այսպես է հիմնավորեց այս կարգի փոփոխությունը արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, և կառավարությունը վերացրեց այս անիմաստ պայմանը։ Այժմ կալանավորն ու դատապարտյալը կարող են հանգիստ հեռուստացույց, ռադիոընդունիչ, չարգելված ցանկացած այլ իրեր ստանալ հանձնուքների տեսքով, ասենք, տանից, ոչ թե պարտադիր կարգով ձեռք բերել դրանք կալանավայրի կրպակից։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե նախարարությունը ազատազրկվածների մասին է մտածում։ Իրականում սակայն կարգն այս վաղուց գլխացավանք էր դարձել հենց քրեակատարողական հաստատությունների համար, իսկ դատապարտյալներն ու կալանավորված անձինք ակամայից օգտվեցին դրա վերացմամբ։ Եւ ահա, թե ինչու։ Բանն այն է, որ ՔԿՀ-ները ոչ առևտրային, պետական կազմակերպություններ են, և խանութներն ու կրպակները, որոնք գործում էին ՔԿՀ-ների տարածքում՝ նույնպես իրավունք չունեին շահույթ ստանալու։ Բայց ներքին կարգով դրանք արդեն 9 տարի է, ապրանքներն էին բերում և վաճառում էին դրանք ազատազրկված անձանց։ Մի ժամանակ այդ կրպակների ապրանքները շատ ավելի թանկ էին վաճառվում, քան դրսում։ Իհարկե, եկավ օրը, երբ դատախազությունն եկավ կանգնեց այդ չկարգավորված առևտրի գլխին և փակեց կողմնակի եկամուտի այս «դախլը»։ Բերդերի կրպակներին ուղղակի արգելվեց շահույթ ունենալ, և կալանավայրեիի ղեկավարությունը կրակն ընկավ։ Ստացվում էր, որ եթե կալանավորին, ասենք, մեկ կիլոգրամ շաքար է հարկավոր, ապա նրա պահանջով «տնտեսմասից» մի աշխատող պետք է իր հաշվին բենզին լցներ, գնար-հասներ, ասենք, «Փեթակ», գներ շաքարավազը, բերեր հասցներ կալանավայր և առանց մի կոպեկ գինը բարձրացնելու, վաճառեր։ Բնականաբար, սա ոչ մեկին ձեռք չէր տալիս։ Մյուս կողմից, օրենքը չի արգելում կալանավորին ունենալ այն ապրանքները, որոնք չկան կալանավայրի խանութում։ Ստացվում է, որ ստիպելով կրպակից գնել ապրանքները, տարիներ շարունակ ՔԿՀ-ները խախտել են կալանավորների իրավունքները։ Գործնականում, իհարկե, չեն խախտել։ Ազատազրկվածների խցերում միշտ էլ կային «տնեցիների» բերած հեռուստացույցներն ու ռադիոընդունիչները։ Այլ արգելված տեխնիկայի մասին չասենք։ Այնպես որ վերացնելով նախկին կարգը, ՔԿՀ-ները մաքրեցին իրենց 9 տարվա կեղտը, ձեռքի հետ լավություն անելով նաև բերդերի բնակիչներին։